Իրավունքների պաշտպանություն
Անհատական գործերից՝ համակարգային փոփոխություններ
Դատական ճանապարհով պաշտպանում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և բարձրացնում խնդիրներ, որոնք ազդում են շատերի կյանքի վրա։ Այստեղ կարող եք ծանոթանալ գործերին, դրանց ընթացքին և դատարանների որոշումներին։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերն ու PDF փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել։
Գործ չի գտնվել։ Փորձեք այլ բառ կամ մաքրեք զտիչները։
Հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանություն
Արդարադատության մատչելիություն
Դիմել ենք Սահմանադրական դատարան, որպեսզի հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանությունը հասանելի լինի նաև այն մարդկանց, որոնք դեռ չեն անցել ֆունկցիոնալության գնահատում։
Մանրամասներ՝ Հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանություն
Ի՞նչ խնդիր է բարձրացվել
Գործը վերաբերում է Վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանությանը։ Ըստ այդ մեկնաբանության՝ հասարակական կազմակերպությունը կարող է դատարան դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու համար միայն այն անձի շահերից ելնելով, որն արդեն անցել է ֆունկցիոնալության գնահատում և ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ։
Ինչո՞ւ է սա կարևոր
Խտրականության կարող են բախվել նաև մարդիկ, որոնք դեռ գնահատում չեն անցել կամ գտնվում են գնահատման գործընթացում։ Մենք համարում ենք, որ նրանք ևս պետք է կարողանան դատարանում պաշտպանել իրենց իրավունքները՝ հասարակական կազմակերպության աջակցությամբ։
Մեր մասնակցությունը
Սահմանադրական դատարանում վիճարկում ենք այս դրույթին տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրությանը։
Գործի փաստաթղթերը
- Գործը քննության ընդունելու մասին ՍԴԱՈ-193 որոշում (PDF) (արտաքին կայք, նոր պատուհան)
- Քննությունը հետաձգելու մասին ՍԴԱՈ-239 որոշում (PDF) (արտաքին կայք, նոր պատուհան)
- Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը (PDF) (արտաքին կայք, նոր պատուհան)
- Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշման ամփոփումը՝ «Արմենպրես»-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Առողջապահական վերահսկողության վերաբերյալ դիմումի քննություն
Առողջապահություն
Վիճարկում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձագանքը մեր դիմում-բողոքին՝ պահանջելով վարչական վարույթ և արտահերթ ստուգումներ։
Մանրամասներ՝ Առողջապահական վերահսկողության վերաբերյալ դիմումի քննություն
Հայցի պահանջը
Կազմակերպությունը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել 2026 թ. հուլիսի 8-ի դիմում-բողոքի հիման վրա վարչական վարույթ չհարուցելը և դիմումը Առողջապահության նախարարություն վերահասցեագրելը։ Հայցով նաև պահանջվում է պարտավորեցնել տեսչական մարմնին վարույթ հարուցել և «Նաիրի» ԲԿ-ում ու «Երևան» բժշկագիտական կենտրոնում արտահերթ ստուգումներ իրականացնել՝ մասնագիտական գործունեության համապատասխանությունը լիցենզավորման պայմաններին և ապացուցողական բժշկության սկզբունքներին պարզելու համար։
Գործի ընթացքը
- 21 օգոստոսի 2026 — Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, հայցադիմումն ընդունել է վարույթ։
- 29 հունվարի 2027, ժամը 11:00 — որոշմամբ նշանակված է նախնական դատական նիստ։
Աղբյուր՝ 2026 թ. օգոստոսի 21-ի որոշումը՝ դատարանի պաշտոնական կայքում (արտաքին կայք, նոր պատուհան)։
«e-disability» համակարգի գնահատման բանաձևը և միջավայրային գործոնները
Հաշմանդամության գնահատում
Վիճարկել ենք «e-disability» համակարգում կիրառվող բանաձևով գնահատումը, որը հնարավորություն է տալիս հաշմանդամությունը գնահատել՝ առանց հաշվի առնելու միջավայրային գործոնները։
Մանրամասներ՝ «e-disability» համակարգի գնահատման բանաձևը և միջավայրային գործոնները
Գործի առարկան
Հայցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ։ Այն վերաբերում էր գնահատման բանաձևի ստեղծմանը, «e-disability» համակարգում տեղադրմանն ու կիրառմանը և դրանց հետևանքների վերացմանը։
Գործի ընթացքը
- 25 օգոստոսի 2023 — ներկայացվել է հայցադիմումը։
- 28 հոկտեմբերի 2024 — Վարչական դատարանը հայցը մասնակի բավարարել է՝ ոչ իրավաչափ ճանաչելով բանաձևն առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառելու հնարավորություն ստեղծելու գործողությունը։
- 19 նոյեմբերի 2025 — Վերաքննիչ վարչական դատարանը վճիռն ամբողջությամբ բեկանել և գործի վարույթը կարճել է։
- 11 մարտի 2026 — Վճռաբեկ դատարանը մերժել է կազմակերպության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
Աղբյուր՝ ՎԴ/6668/05/23 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և ժամկետի վիճարկում
Հաշմանդամության գնահատում
Հայցվորը վիճարկում է ֆունկցիոնալության գնահատման արդյունքները՝ պահանջելով սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման խորն աստիճան և հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ անժամկետ։
Մանրամասներ՝ Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և ժամկետի վիճարկում
Գործի առարկան
Հայցը ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության դեմ։ Վիճարկվել են 2025 թ. հունվարի 15-ի և 24-ի գնահատման որոշումները։ Դատարանում քննարկվել են գնահատման արդյունքների հիմնավորվածությունն ու պահանջվող կարգավիճակ սահմանելու հիմքերը։
Գործի ընթացքը
- 26 մարտի 2025 — դատարանն ստացել է հայցադիմումը։
- 1 սեպտեմբերի 2026 — Վարչական դատարանը հայցը մերժել է։
- 2 հոկտեմբերի 2026 — ստացվել է հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը։
- 12 հոկտեմբերի 2026 — գործն ստացվել է Վերաքննիչ վարչական դատարանում և մակագրվել դատական կազմին։
Աղբյուր՝ ՎԴ/4188/05/25 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ սահմանելու պահանջ
Հաշմանդամության գնահատում
Ֆունկցիոնալության գնահատումից հետո անձի համար հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ չի սահմանվել։ Նա դիմել է դատարան՝ գնահատման արդյունքը վիճարկելու համար։
Մանրամասներ՝ Հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ սահմանելու պահանջ
Գործի առարկան
Հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը սահմանել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ։ Դատարանում քննվել են գնահատման և վերագնահատման որոշումների հիմքերը։
Գործի ընթացքը
- 31 հոկտեմբերի 2024 — ներկայացվել է հայցադիմումը։
- 8 նոյեմբերի 2024 — հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցվորն ազատվել է պետական տուրքի վճարումից։
- 2 հոկտեմբերի 2025 — Վարչական դատարանը հայցը մերժել է։
Աղբյուր՝ ՎԴ1/0858/05/24 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Բանկային սպասարկում և խելամիտ հարմարեցումներ
Խտրականություն և խելամիտ հարմարեցումներ
Հայցվորը վիճարկում է «Ամերիաբանկ»-ի կողմից իրեն սպասարկելու մերժումը՝ այն համարելով հաշմանդամության հիմքով խտրականություն։ Հայցը վերաբերում է նաև խելամիտ հարմարեցումներ չտրամադրելուն։
Մանրամասներ՝ Բանկային սպասարկում և խելամիտ հարմարեցումներ
Ինչի մասին է գործը
Հայցվորը խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել բանկի կողմից սպասարկումը մերժելը։ Գործը վերաբերում է ֆինանսական ծառայություններից հավասար հիմունքներով օգտվելուն և անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների տրամադրմանը։
Գործի ընթացքը
- 2026 թ. հոկտեմբերի 17-ին հայցադիմումը ստացվել է դատարանում։
- 2026 թ. հոկտեմբերի 28-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։
ԵԴ2/11988/02/26 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Հաշմանդամության խմբի սահմանում՝ դատարանի վճռով
Հաշմանդամության գնահատում
Դատարանը բավարարել է գնահատման արդյունքը վիճարկած անձի հայցը և պարտավորեցրել Միասնական սոցիալական ծառայությանը սահմանել հաշմանդամության 2-րդ խումբ՝ 2023 թ. ապրիլի 7-ից։
Մանրամասներ՝ Հաշմանդամության խմբի սահմանում՝ դատարանի վճռով
Ինչի մասին է գործը
Վիճարկվել են հաշմանդամության գնահատման վերաբերյալ վարչական որոշումները։ Հայցվորը պահանջել է ընդունել բարենպաստ վարչական ակտ և սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ։
Դատարանի վճիռը
2024 թ. հունիսի 13-ի վճռով ՀՀ վարչական դատարանը հայցը բավարարել է։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին սահմանել հաշմանդամության 2-րդ խումբ՝ 2023 թ. ապրիլի 7-ից, և անվավեր է ճանաչել 2023 թ. ապրիլի 7-ի ու ապրիլի 28-ի վիճարկված որոշումները։
ՎԴ/4846/05/23 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Ֆունկցիոնալ պրոթեզ ստանալու հավասար հնարավորություններ
Աջակցող միջոցների հասանելիություն
Ովքե՞ր կարող են պետությունից ֆունկցիոնալ պրոթեզ ստանալ։ Այս գործով վիճարկվում են կառավարության սահմանած պայմանները, որոնք որոշում են այդ իրավունքից օգտվող անձանց շրջանակը։
Մանրամասներ՝ Ֆունկցիոնալ պրոթեզ ստանալու հավասար հնարավորություններ
Ինչի մասին է գործը
Դիմողը խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2024 թ. հունիսի 27-ի թիվ 1004-Ն որոշման թիվ 1 հավելվածի 35-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև 2-րդ ենթակետի՝ զինծառայության ժամանակ ստացած վիրավորմանը կամ վնասվածքին վերաբերող բառերը։ Գործը վերաբերում է ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրման պայմաններին և դրանցից օգտվելու հավասար հնարավորություններին։
Գործի ընթացքը
- 2025 թ. հուլիսի 3-ին դիմումը ստացվել է ՀՀ վարչական դատարանում։ Հուլիսի 4-ին դատարանն այն վերադարձրել է։
- 2025 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է բողոքը և վերացրել դիմումը վերադարձնելու որոշումը։
- 2026 թ. ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը դիմումն ընդունել է վարույթ։
ՎԴ/10420/05/25 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
«Հայաստան» հիմնադրամից ամբողջական տեղեկատվության ստացում
Տեղեկատվության ազատություն
Դատարան ենք դիմել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից սոցիալական պաշտպանության հաստատություններում իրականացրած աշխատանքների և դրանց ֆինանսավորման մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Դատական քննության ընթացքում հիմնադրամը տրամադրել է պահանջված տեղեկությունները։
Մանրամասներ՝ «Հայաստան» հիմնադրամից ամբողջական տեղեկատվության ստացում
Ինչ էինք պահանջում
2021 թ. նոյեմբերի 23-ին հիմնադրամից հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ մանկատներում և խնամքի հաստատություններում իրականացրած աշխատանքների, դրանց բյուջեի ու ֆինանսավորման աղբյուրների, նվիրատվության խոստումների և կտակներով ստացված միջոցների մասին։ Պատասխանը բոլոր հարցերին չէր անդրադառնում, ուստի դիմել ենք դատարան՝ ամբողջական տեղեկատվությունը ստանալու պահանջով։
Գործի ընթացքը և արդյունքը
- 20 հունվարի 2022 — դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։
- 28 ապրիլի 2022 — ստացել ենք հիմնադրամի պատասխանը՝ հայցով պահանջված ամբողջ տեղեկատվությամբ։
- 22 հուլիսի 2022 — դատարանը կարճել է գործի վարույթը, քանի որ հիմնադրամը կատարել էր պահանջը, և վեճը սպառվել էր։
Դատարանը հիմնադրամին պարտավորեցրել է նաև փոխհատուցել կազմակերպության դատական ծախսերից 60,000 դրամը՝ 20,000 դրամ պետական տուրք և 40,000 դրամ փաստաբանի վարձատրություն։
ԵԴ/0595/02/22 գործը՝ DataLex-ում (արտաքին կայք, նոր պատուհան)
Ձեր իրավունքները խախտվե՞լ են
Գրեք կամ զանգեք մեզ։ Միասին կքննարկենք Ձեր իրավիճակը և հնարավոր իրավաբանական աջակցությունը։