Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Ձեր ժամանակը, գիտելիքներն ու փորձը կարող են նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Միասին կընտրենք Ձեր հետաքրքրություններին և հնարավորություններին համապատասխան աշխատանքը։

Դառնալ կամավոր

Ինչպե՞ս կարող են օգտակար լինել Ձեր հմտությունները

Բացեք Ձեզ հետաքրքրող տարբերակը։ Սրանք համագործակցության հնարավոր ուղղություններ են․ կոնկրետ աշխատանքը և դրան հատկացվող ժամանակը կհամաձայնեցնենք միասին։

Իրավաբան եք

Կարող եք առաջարկել իրավական հետազոտություն, օրենսդրական նախագծերի ուսումնասիրություն կամ դիմումների և իրավական փաստաթղթերի պատրաստման աջակցություն։ Կոնկրետ գործերով ներգրավման ձևը, պարտականություններն ու գաղտնիության պայմանները նախապես կքննարկենք միասին։

Ուսանող եք

Կարող եք մասնակցել տեղեկությունների հավաքագրմանը, նյութերի ամփոփմանը և միջոցառումների կազմակերպմանը։ Առաջարկեք նաև հետազոտական կամ ուսումնական նախագիծ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։

Հետազոտող կամ տվյալների մասնագետ եք

Օգնեք ուսումնասիրելու օրենքների և ծրագրերի ազդեցությունը, մշակելու հարցաշարեր, վերլուծելու տվյալներ կամ ներկայացնելու հետազոտության արդյունքները պարզ ու մատչելի ձևով։

Թարգմանիչ կամ խմբագիր եք

Կարող եք աջակցել նյութերի թարգմանությանը, հայերեն նյութերի սրբագրմանը և խմբագրմանը, պարզ լեզվով ամփոփագրերի և տեսանյութերի ենթագրերի պատրաստմանը։ Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչները նույնպես կարող են առաջարկել համագործակցություն։

Դիզայներ, լուսանկարիչ կամ հաղորդակցության մասնագետ եք

Օգնեք ստեղծելու մատչելի հրապարակումներ, ինֆոգրաֆիկաներ, լուսանկարներ ու տեսանյութեր։ Կարող եք նաև աջակցել հանրային արշավներին՝ պահպանելով մարդկանց արժանապատվությունը և իրենց պատմությունը ներկայացնելու հարցում նրանց ընտրությունը։

Ծրագրավորող կամ մատչելիության մասնագետ եք

Կարող եք օգնել ստուգելու կայքերի և փաստաթղթերի մատչելիությունը, բացահայտելու օգտագործման խոչընդոտները և առաջարկելու տեխնիկական լուծումներ։ Կարևոր է դրանք փորձարկել նաև հենց օգտվողների հետ։

Ունեք փորձ, որով ուզում եք կիսվել

Հաշմանդամություն ունեցող անձանց փորձն ու առաջարկները կարևոր են մեր աշխատանքում։ Կարող եք մասնակցել քննարկումներին, առաջարկել թեմա կամ նախաձեռնություն։ Դուք եք որոշում՝ ինչ փորձով և ինչ ծավալով կիսվել։

Ներկայացնում եք կազմակերպություն կամ բիզնես

Կարող եք առաջարկել մասնագիտական ծառայություն, մատչելի տարածք, անհրաժեշտ սարքավորում կամ համատեղ նախաձեռնություն։ Համագործակցության նպատակը, պայմաններն ու պատասխանատվությունը նախապես կհամաձայնեցնենք։

Ո՞վ կարող է դառնալ կամավոր

Մեզ կարող է միանալ յուրաքանչյուր ոք, ով կիսում է մեր արժեքներն ու պատրաստ է ժամանակ տրամադրել համատեղ աշխատանքին։ Մասնագիտական փորձը պարտադիր չէ։ Անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները կօգնենք ձեռք բերելու։ Եթե որևէ աշխատանքի համար կան լրացուցիչ պահանջներ, դրանց մասին կտեղեկացնենք նախապես։

Հատկապես խրախուսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Ձեր գիտելիքներն ու անձնական փորձը կարևոր են մեր աշխատանքի համար։ Եթե մասնակցելու համար խելամիտ հարմարեցումների կարիք ունեք, նշեք դիմումում կամ կապ հաստատեք մեզ հետ։

Դառնալ կամավոր

Լրացրեք դիմումը՝ պատմելով Ձեր հետաքրքրությունների և հմտությունների մասին։ Կպատասխանենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Եթե դիմումը լրացնելու կամ կամավորական աշխատանքին մասնակցելու համար խելամիտ հարմարեցումներ են անհրաժեշտ, գրեք info@dra.am հասցեով կամ զանգեք +374 77 400 350՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:30–18:30։

← Վերադառնալ

Ձեր հաղորդագրությունն ուղարկվել է

Շնորհակալություն։ Ստացել ենք ձեր դիմումը և կպատասխանենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։