Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությամբ՝ հանուն հավասար իրավունքների
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ հաշմանդամություն ունեցող անձանց նախաձեռնությամբ և գործում է նրանց ղեկավարությամբ։ Մենք աշխատում ենք Հայաստանում հաշմանդամության հիմքով խտրականությունը վերացնելու և հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին մասնակցելու իրավունքն ապահովելու համար։ Մեր աշխատանքի հիմքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան է։

2021
կազմակերպության հիմնադրման տարեթիվ
4000+
անձ, որին աջակցել ենք
1000+
առաջարկ՝ օրենքների և քաղաքականությունների բարելավման համար
Մեր մոտեցումը
Ոչինչ առանց մեզ
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը սահմանափակում են միջավայրի, տեղեկատվության, ծառայությունների և հասարակական վերաբերմունքի խոչընդոտները։ Դրանք վերացնելու համար համադրում ենք իրավաբանական աջակցությունը, ջատագովությունը, մշտադիտարկումն ու հանրային իրազեկումը։ Անհատական դեպքերով աշխատանքը օգնում է բացահայտելու համակարգային խնդիրները և առաջարկելու փոփոխություններ օրենքներում, քաղաքականություններում ու ծառայություններում։
Մենք հավատում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակցեն իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը՝ սկսած սեփական աջակցության ընտրությունից մինչև հանրային քաղաքականության մշակումը։ Մեր աշխատանքում կարևորում ենք նրանց փորձը, առաջնահերթություններն ու առաջնորդությունը։
Ներառում և հավասարություն
Աշխատում ենք, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, անկախ իրենց առանձնահատկություններից ու կենսափորձից, ունենան հավասար իրավունքներ և հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու հնարավորություն։
Հզորացում
Աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց՝ տնօրինելու իրենց կյանքը, անկախ որոշումներ կայացնելու և իրագործելու սեփական ընտրությունները։
Բազմազանություն և ընդունում
Ճանաչում և հարգում ենք հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունն ու անհատականությունը։ Նպաստում ենք ընդունող և խտրականությունից զերծ միջավայրի ձևավորմանը։
Ինքնաջատագովություն
Խրախուսում և աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց անունից բարձրաձայնելու իրենց իրավունքների, կարիքների և առաջնահերթությունների մասին։
Մատչելիություն
Աշխատում ենք, որ տեղեկատվությունը, ծառայություններն ու ֆիզիկական միջավայրը մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար։
Համագործակցություն
Մեր նպատակներին հասնելու համար միավորում ենք ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց կազմակերպությունների և այլ գործընկերների հետ։
Նորարարություն
Փնտրում և կիրառում ենք նոր ու ստեղծագործական լուծումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հզորացման և իրավունքների պաշտպանության համար։
Խորհրդակցություն
Մեր աշխատանքը ծրագրելիս, ծրագրերն իրականացնելիս և մոտեցումները վերանայելիս լսում ենք այն հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց հետ աշխատում ենք, և հաշվի առնում նրանց կարծիքն ու փորձը։
Հաշվետվողականություն
Ազնիվ և թափանցիկ ենք մեր աշխատանքում ու հաշվետու ենք հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց հետ աշխատում ենք, մեր գործընկերներին և աջակիցներին։
Ինչ ենք անում
Անհատական աջակցությունից մինչև համակարգային փոփոխություն
Համադրում ենք անհատական աջակցությունն ու հանրային քաղաքականության փոփոխությունը՝ հանուն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և մասնակցության։
Իրավաբանական աջակցություն
Օգնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց հասկանալու և պաշտպանելու իրենց իրավունքները, օգտվելու ծառայություններից ու իրավական պաշտպանության միջոցներից։
Ջատագովություն և մշտադիտարկում
Ուսումնասիրում ենք օրենքների, քաղաքականությունների և ծառայությունների ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, ներկայացնում առաջարկներ և հետևում իրավունքների իրականացմանը։
Առաջնորդություն և մասնակցություն
Աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների կարողությունների զարգացմանը՝ որոշումների կայացմանն ու հանրային կյանքին լիարժեք մասնակցելու համար։
Իրազեկում և մատչելի տեղեկատվություն
Ներկայացնում ենք մարդու իրավունքների մասին տեղեկություններ հասկանալի և մատչելի ձևաչափերով՝ նպաստելով խտրական վերաբերմունքի և կարծրատիպերի փոփոխությանը։
Մեր ճանապարհը
Մեր աշխատանքի հիմնական փուլերը
Ծանոթացեք մեր անցած ճանապարհին՝ բացելով յուրաքանչյուր տարվա նկարագրությունը։

2021Մեր հիմնադրումը
Հիմնադրվեցինք որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն։ Սկսեցինք աշխատել հանրային քաղաքականության մշակմանը նրանց մասնակցության և կազմակերպությունների կարողությունների զարգացման ուղղությամբ։
2022Մատչելիություն և անկախ կյանք
Աշխատեցինք մատչելիության, խելամիտ հարմարեցումների և անձնական օգնականի ծառայության վերաբերյալ իրավական կարգավորումների մշակման ուղղությամբ։
2023Երիտասարդների առաջնորդություն
Սկսեցինք հաշմանդամություն ունեցող երիտասարդների առաջնորդության և ջատագովության զարգացման ծրագիրը։ Աշխատեցինք նաև տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց իրավական և սոցիալական աջակցության ուղղությամբ։
2024Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն
Սկսեցինք «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն» ծրագիրը՝ հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և համայնքային ծառայությունների զարգացման համար։ Շարունակեցինք կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման աշխատանքը։
2025Գենդեր, խաղաղություն և անվտանգություն
Մեկնարկեց հաշմանդամության, գենդերի, խաղաղության և անվտանգության հարցերը համադրող ծրագիրը՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և խաղաղության գործընթացներում մասնակցության խթանման համար։
Մեր կազմակերպությունը
Մեր թիմն ու աշխատանքի սկզբունքները
Մենք Երևանում գործող փոքր ու նվիրված թիմ ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց ղեկավարությամբ։ Տրամադրում ենք իրավաբանական աջակցություն, զբաղվում ջատագովությամբ ու մշտադիտարկմամբ և ապահովում կազմակերպության ամենօրյա աշխատանքը։ Մեր գործունեության մեջ կարևոր տեղ ունեն անդամների, կամավորների և գործընկերների մասնակցությունն ու փորձի փոխանակումը։
- Կազմակերպաիրավական ձև՝ հասարակական կազմակերպություն
- Հիմնադրման տարեթիվ՝ 2021
- Գրանցման համար՝ 211.171.1168430
- ՀՎՀՀ՝ 00233427
- Գրանցման տվյալները և իրական շահառուի հայտարարագիրը՝ պետռեգիստրում
Ավելին
Ծանոթացեք մեր աշխատանքին
Մեր թիմը
Ծանոթացեք մեր թիմի անդամներին, նրանց փորձին և աշխատանքի ուղղություններին։
Մեր գործընկերները
Մեր դոնորները, հայաստանյան ու միջազգային գործընկերները և պետական ու տեղական մարմինները, որոնց հետ համագործակցում ենք։
Ֆինանսական թափանցիկություն
Տեղեկություններ մեր ֆինանսավորման, միջոցների օգտագործման և ֆինանսական հաշվետվությունների մասին։
Քաղաքականություններ
Փաստաթղթեր, որոնք սահմանում են մեր աշխատանքի, էթիկական վարքագծի, մատչելիության և հաշվետվողականության սկզբունքները։
Միացե՛ք մեր աշխատանքին
Կարող եք դառնալ անդամ կամ կամավոր, առաջարկել համագործակցություն կամ նվիրատվությամբ աջակցել մեր աշխատանքին՝ հանուն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների։