Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Սահմանադրության նոր նախագծում. ի՞նչ է փոխվում, ի՞նչը՝ ոչ

Մարդը ձեռքում պահում է հեռախոս, որի էկրանին բաց է «Քո Սահմանադրությունը» կայքը։

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նոր նախագիծը։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները, որոնք կարող են ազդել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և դրանց պաշտպանության վրա։

Այս ամփոփման մեջ անդրադառնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ առավել անմիջական կապ ունեցող դրույթներին։ Նախագծում կան նաև այլ փոփոխություններ, որոնք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության վրա, սակայն այստեղ դրանք չենք քննարկում։

  • Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը կպահպանվի։ Սակայն նախագծում չեն ավելացվել մատչելիության, խելամիտ հարմարեցումների և անկախ կյանքի իրավունքի առանձին սահմանադրական երաշխիքներ։
  • Անգործունակ ճանաչված անձինք կշարունակեն զրկված մնալ ընտրելու, ընտրվելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքներից։ Գործող սահմանափակումը պահպանվում է՝ հակառակ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։ Այս համընդհանուր սահմանափակումը քննադատել էր նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընթացքում։ Նախագծում ընտրական իրավունք ունենալը նաև որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու պայման է։
  • Հայերեն ժեստերի լեզվի պաշտոնական կարգավիճակը չի ամրագրվի։ Մեր կազմակերպության ներկայացրած առաջարկը նախագծում դեռևս տեղ չի գտել։
  • Սահմանադրությունից կհանվի «հաշմանդամության կանխարգելման» ձևակերպումը։ Սա դրական փոփոխություն է։ Այդ ձևակերպման վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ 2017 թվականին։ Սակայն միաժամանակ առանձին չի պահպանվի հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին մասնակցությունը խթանելու՝ պետության ներկայիս պարտավորությունը։
  • Առողջության պահպանման իրավունքը կպահպանվի, սակայն անվճար բժշկական ծառայությունների վերաբերյալ սահմանադրական երաշխիքը կփոխվի։ Գործող Սահմանադրությամբ նախատեսվում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի սահմանում։ Նոր նախագծում այդ հստակ պարտավորությունն այլևս չի ամրագրվում։ Սա չի նշանակում, որ անվճար բժշկական ծառայությունները կվերանան, սակայն դրանց սահմանադրական երաշխիքը կդառնա պակաս հստակ։
  • Սոցիալական համերաշխությունը կկապվի անհատական ջանքի հետ։ Նախագծում բարեկեցության ապահովումը կապվում է մարդու անհատական ջանքի արդյունքի հետ։ Մեր գնահատմամբ՝ այս մոտեցումը նեղացնում է սոցիալական համերաշխության գաղափարը՝ բավարար չափով հաշվի չառնելով այն մարդկանց իրավիճակը, որոնց սոցիալական պաշտպանությունը չի կարող պայմանավորվել աշխատելու կամ եկամուտ ստանալու հնարավորությամբ։
  • Որոշ դեպքերում հնարավոր կլինի հետադարձ ուժ տալ մարդու իրավական վիճակը վատթարացնող օրենքներին, ինչը ներկայումս արգելված է։ Նախագիծը նախատեսում է բացառություն, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար։ Այս բավական լայն ձևակերպումը կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, այդ թվում՝ սոցիալական ապահովության, նպաստների և այլ իրավունքների հետ կապված իրավահարաբերություններում։

Սրանք նախագծի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առավել անմիջականորեն առնչվող դրույթներից են։ Այլ փոփոխություններ ևս կարող են ազդել մարդու իրավունքների պաշտպանության, պետական մարմինների անկախության և իրավունքների վերականգնման հնարավորությունների վրա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին մեր կազմակերպությունը ներկայացրել էր երեք առաջարկ՝ վերացնել անգործունակ ճանաչված անձանց ընտրական իրավունքների սահմանափակումը, ամրագրել հայերեն ժեստերի լեզվի պաշտոնական կարգավիճակը և ապահովել հաշմանդամության նկատմամբ իրավունքահենք մոտեցում։ Առաջարկներին կարող եք ծանոթանալ նոյեմբերի 22-ի հրապարակման մեջ։

Կարևոր է նաև, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին լիարժեք և արդյունավետ մասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ներկայացուցչական կազմակերպությունները։

Ներկայացված փոփոխությունները դեռևս նախագծային են և ուժի մեջ չեն մտել։

Սահմանադրության նոր նախագծին կարող եք ծանոթանալ «Քո Սահմանադրությունը» կայքում (արտաքին հղում, բացվում է նոր ներդիրում)։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։