«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարությանն է ներկայացրել Սահմանադրության նոր նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված երեք առաջնահերթ առաջարկ։ Նախարարությունը տեղեկացրել է, որ դրանք կքննարկվեն նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքում։
2026 թվականի հոկտեմբերի 30-ին կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների շրջանակում վերացնել գործող Սահմանադրության այն դրույթները, որոնք արտահայտում են հաշմանդամության բժշկական մոտեցումը կամ սահմանափակում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին։
Ներկայացված առաջարկները հիմնված են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների և ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի մեկնաբանությունների վրա։
1. Վերացնել անգործունակ ճանաչված անձանց ընտրական իրավունքների սահմանափակումը
Գործող Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք զրկված են ընտրելու, ընտրվելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքներից։
Կազմակերպությունն առաջարկում է ամբողջությամբ վերացնել այս սահմանափակումը։
Դեռևս 2015 թվականին Վենետիկի հանձնաժողովը քննադատել էր սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված համընդհանուր արգելքը՝ այն գնահատելով չափազանց լայն և Եվրոպայի խորհրդի համապատասխան չափանիշներին չհամապատասխանող։
Միաժամանակ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ, 12-րդ և 29-րդ հոդվածներից, ինչպես նաև Կոմիտեի թիվ 1 ընդհանուր մեկնաբանությունից բխում է, որ անձի որոշումներ կայացնելու կարողությունը չի կարող հիմք հանդիսանալ քաղաքական իրավունքներից զրկելու համար։
Ընտրական իրավունքների իրականացումը չպետք է կախված լինի անձի գործունակության իրավական կարգավիճակից։
2. Հայերեն ժեստերի լեզվին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ
Երկրորդ առաջարկով կազմակերպությունը հանդես է եկել հայերեն ժեստերի լեզվի պաշտոնական լեզվի կարգավիճակը Սահմանադրությամբ ամրագրելու օգտին։
Առաջարկվող սահմանադրական դրույթն է․
«Հայերեն ժեստերի լեզուն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզու է։ Պետությունն ապահովում է դրա պաշտպանությունը, զարգացումը և օգտագործումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունները, արդարադատությունը, կրթությունը և հանրային տեղեկատվության մատչելիությունը»։
Կոնվենցիան ճանաչում է ժեստերի լեզուները որպես լեզուներ և պետություններից պահանջում է խթանել դրանց ճանաչումն ու օգտագործումը։
Կազմակերպության առաջարկած պաշտոնական կարգավիճակը պետք է ուղեկցվի նաև գործնական երաշխիքներով՝ հայերեն ժեստերի լեզվով հաղորդակցվելու իրավունքի ապահովմամբ, որակյալ թարգմանության հասանելիությամբ, մասնագետների պատրաստմամբ և համապատասխան ծառայությունների ֆինանսավորմամբ։
3. Պետության սահմանադրական նպատակներից հանել «հաշմանդամության կանխարգելումը»
Գործող Սահմանադրության 86-րդ հոդվածի 8-րդ կետում պետության քաղաքականության նպատակների շարքում նշված են հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրերը։
Կազմակերպությունն առաջարկում է հրաժարվել այս ձևակերպումից, քանի որ այն հաշմանդամությունը ներկայացնում է որպես կանխարգելման կամ բուժման ենթակա երևույթ՝ չարտացոլելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը։
Դեռևս 2017 թվականին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն էր հայտնել Սահմանադրությունում «հաշմանդամության կանխարգելում» հասկացության օգտագործման կապակցությամբ։
Միաժամանակ, կազմակերպությունն ընդգծել է, որ հիվանդությունների, վնասվածքների և առողջությանը սպառնացող ռիսկերի կանխարգելումը շարունակում է մնալ հանրային առողջապահության իրավաչափ նպատակ։ Սակայն այն պետք է տարբերակել հաշմանդամությունը որպես վերացման ենթակա երևույթ ներկայացնելուց։
Առաջարկել ենք սահմանադրական նպատակը շարադրել հետևյալ կերպ․
«Հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրավունքների և ազատությունների իրականացման, անկախ կյանքի և համայնքում լիարժեք ներառման ապահովումը, մատչելիության խոչընդոտների վերացումը, անհրաժեշտ աջակցության և խելամիտ հարմարեցումների ապահովումը»։
Արդարադատության նախարարության արձագանքը
2026 թվականի նոյեմբերի 6-ի պաշտոնական գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է․
«Ի պատասխան Ձեր կողմից 30.10.2026թ.-ին թիվ 2339225 գրությամբ ներկայացված առաջարկներին՝ հայտնում ենք, որ դրանք կքննարկվեն նոր Սահմանադրության նախագծի տեքստի մշակման աշխատանքների շրջանակներում»։
Այս պատասխանը նշանակում է, որ առաջարկները ենթակա են քննարկման, սակայն դրանց ընդունման կամ Սահմանադրության նախագծում ներառման վերաբերյալ որոշում դեռևս չի հաղորդվել։
Կազմակերպությունը նախարարությանը նաև կոչ է արել ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների անմիջական ու բովանդակային մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների մշակմանը՝ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան։
Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են ոչ միայն վերացնելու խտրական դրույթները, այլև ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, ինքնավարության, հավասարության և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության սահմանադրական երաշխիքները։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն պատրաստակամ է մասնակցելու համապատասխան սահմանադրական կարգավորումների մշակմանն ու մասնագիտական քննարկումներին։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
