«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ամփոփել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում արձանագրված խնդիրները։ Ցանկը կազմվել է գնահատման նիստերի մշտադիտարկման և կազմակերպության աշխատանքի ընթացքում հավաքագրված դիտարկումների հիման վրա։
Փաստաթուղթը ներկայացրել ենք Ազգային ժողովի պատգամավորներին 2026 թվականի նոյեմբերի 10-ի աշխատանքային քննարկման ընթացքում։ Այն ներառում է ուղեգրմանը, տեղեկատվական համակարգերին, գնահատման ժամկետներին և մեթոդաբանությանը, անձի մասնակցությանը, բողոքարկմանը, ծառայությունների անհատական ծրագրերին ու համակարգի հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։
Ամբողջական ցանկը կարող եք կարդալ այս էջում կամ ներբեռնել Word ձևաչափով։ Հասանելի է նաև ամբողջական անգլերեն թարգմանությունը։
Կարդալ աշխատանքային քննարկման մասին։
I. Բժշկական կազմակերպություն դիմելը և ուղեգրումը
- Օտարերկրյա բժշկական կազմակերպություններն ախտորոշումները և հետազոտությունների արդյունքները ոչ միշտ են ընդունվում, ինչի հետևանքով անձինք ստիպված են լինում կրկնել դրանք Հայաստանում։
- Ուղեգրերի մերժման պատճառները հաճախ բավարար չափով չեն հիմնավորվում, ինչի հետևանքով ուղեգրող բժիշկը ստիպված է ենթադրել, թե որ տվյալներն են սխալ։ Բժիշկները չունեն անձանց կոնտակտները, որոնք կարող են մանրամասն բացատրել և աջակցել ուղեգիրը շտկելու հարցում։
- Անձի համար բավարար չափով հստակ և մատչելի չէ բժշկական կազմակերպության կողմից ուղեգրումը մերժելու կամ չիրականացնելու որոշման վիճարկման ընթացակարգը։
- Անձինք ստիպված են լինում կրկնել արդեն կատարված հետազոտությունները՝ բժշկական կազմակերպությունների միջև տվյալների փոխանակման և վստահության խնդիրների պատճառով։
- Բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրերի սխալ կամ ոչ ամբողջական լրացումը հանգեցնում է գնահատման գործընթացի ձգձգման։
- Բավարար չափով պարզեցված չէ ուղեգրում առկա տեխնիկական կամ փաստական սխալներն ուղղելու ընթացակարգը՝ առանց գործընթացը կրկնելու։
- Հստակեցման կարիք ունեն ուղեգրման անհիմն մերժման, ուշացման և սխալ լրացման համար բժշկական կազմակերպությունների պատասխանատվության մեխանիզմները։
- Բավարար երաշխիքներ չկան, որ անձը կարող է նախաձեռնել գնահատման գործընթացը, երբ բժշկական կազմակերպությունն անհիմն չի տրամադրում ուղեգիր։
- Անձը կարող է ստիպված լինել կրկնել ուղեգրման գործընթացը, երբ ուղեգրի ժամկետը լրանում է իրենից անկախ վարչարարական ուշացումների պատճառով։
- Բժշկական կազմակերպության կողմից տուն այցը գործնականում սահմանափակվում է ընտանեկան բժշկի այցելությամբ, ինչի հետևանքով տանից դուրս գալ չկարողացին անձինք պետք է վճարեն նեղ մասնագետի այցի համար։
- Ակնհայտ ծանր առողջական խնդիրներ ունեցող, բայց դեռ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված և անվճար բժշկական հետազոտությունների համապատասխան ծածկույթ չունեցող անձինք կարող են ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկարողանալ անցնել գնահատման համար պահանջվող հետազոտությունները։
- Հազվադեպ կամ համակցված հիվանդություններ ունեցող անձանց արտասահմանյան մասնագիտացված բժշկական հաստատությունների ախտորոշումները և եզրակացությունները ոչ միշտ են ընդունվում, նույնիսկ երբ Հայաստանում բացակայում են համապատասխան ախտորոշման հնարավորությունները կամ խնդիրն առաջացել է բժշկական սխալի հետևանքով։
II. Դիմումի ընդունում և տեղեկատվական համակարգեր
- Արմեդի և e-disability համակարգերի միջև տվյալների փոխանցման սխալների հայտնաբերման, ուղղման և պատասխանատվության հարցերը բավարար հստակությամբ կարգավորված չեն։
- Անձը միշտ չէ, որ կարողանում է հետևել դիմումի ընթացքին, պարզել պատասխանատուին և իմանալ հաջորդ գործողության ժամկետը։
- Փաստաթղթերի թերությունների շտկման ընթացակարգերը կարող են հանգեցնել անհարկի կրկնակի դիմումների և գնահատման ուշացման։
- Անհրաժեշտ է պարզեցնել անձի բժշկական և այլ տվյալներում առկա սխալների ուղղումը՝ ապահովելով համակարգերի միջև փոփոխությունների փոխանցումը։
- Հստակեցման կարիք ունեն տեղեկատվական համակարգերի խափանումների դեպքում դիմումների ընդունման, ժամկետների հաշվարկման և գործընթացի շարունակման կանոնները։
- E-disability.am-ը շարունակում է չհամապատասխանել Վեբ բովանդակության մատչելիության ստանդարտի AA մակարդակին, ինչի վերաբերյալ կազմակերպությունն առանձին հիմնավորումները կներկայացնի կրկին։
III. Գնահատման կազմակերպում և ժամկետներ
- Գնահատումները ոչ միշտ են կազմակերպվում կամ վարչական ակտերը ընդունվում դիմումից հետո սահմանված 30-օրյա ժամկետում։
- Բավարար արդյունավետ չեն գնահատման ուշացման դեպքում անձի իրավունքների պաշտպանության և պատասխանատու մարմնի հաշվետվողականության մեխանիզմները։
- Անձինք երբեմն գնահատման օրվա մասին տեղեկացվում են ընդամենը մեկ օր առաջ, ինչը խոչընդոտում է պատշաճ նախապատրաստվելուն։ Սա խոչընդոտում է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությանը։
- Անհրաժեշտ է սահմանել գնահատման օրվա և ժամի մասին նախապես ծանուցելու բավարար նվազագույն ժամկետ։
- Գնահատման մասին ծանուցումները ոչ միշտ են տրամադրվում անձի համար մատչելի ձևաչափով կամ հաղորդակցության նախընտրելի միջոցով (սովորաբար հեռախոսազանգով)։
- Հստակեցման կարիք ունեն անձի հիմնավորված խնդրանքով գնահատման օրը փոխելու կամ գնահատումը հետաձգելու ընթացակարգերը։
- Գտնվելու վայրում գնահատման նշանակման և իրականացման ժամկետները բավարար հստակությամբ սահմանված չեն։
- Անհրաժեշտ է ապահովել գտնվելու վայրում գնահատման մերժման պատճառաբանվածությունը և արդյունավետ բողոքարկումը։
- Հստակեցման կարիք ունի գործընթացի շարունակման կարգը, երբ անձը հոսպիտալացվում է, առողջական վիճակը վատանում է կամ չի կարող մասնակցել հարգելի պատճառով։
IV. Գնահատող հանձնաժողովների ձևավորում և գործունեություն
- Մասնագետների ռեգիստրում սահմանափակ թվով անձանց ընդգրկված լինելու պատճառով հանձնաժողովների կազմերը հաճախ կրկնվում են՝ թուլացնելով ռոտացիայի հակակոռուպցիոն նպատակը։
- Արձանագրվում են դեպքեր, երբ վարչական ակտերը ստորագրում են հանձնաժողովի անդամներ, որոնք փաստացի չեն մասնակցել գնահատմանը։
- Հանձնաժողովի անդամները ոչ միշտ են ներկայանում անձին և հայտնում իրենց անունները, մասնագիտություններն ու գործառույթները։
- Հստակեցման կարիք ունի հանձնաժողովի անդամների տարբեր մասնագիտական կարծիքների փաստաթղթավորման և լուծման ընթացակարգը։
- Հանձնաժողովների կողմից լրացուցիչ բժշկական հետազոտությունների ուղեգրման հնարավորությունը գործնականում հազվադեպ է կիրառվում, նույնիսկ երբ տվյալները կարող են բավարար չլինել։
- Արձանագրվում են անձի առողջական վիճակն արժեզրկելու և անձին ի սկզբանե անվստահությամբ վերաբերվելու դեպքեր։
- Բավարար արդյունավետ չեն հանձնաժողովների ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ բողոքների քննության և պատասխանատվության մեխանիզմները։
- Անհրաժեշտ է ապահովել անձի ընտրած աջակցող անձի, ներկայացուցչի կամ հաղորդակցության աջակցություն տրամադրող մասնագետի արդյունավետ մասնակցությունը գնահատմանը։ Արձանագրվել են դեպքեր, երբ հանձնաժողովը թույլ չի տվել անձի ուղեկցողին ներկա գտնվել սենյակում։
V. Գնահատման մեթոդաբանություն և անձի մասնակցություն
- Գնահատման ընթացքում ոչ միշտ է ապահովվում անձի սեփական փորձառությունը, տեսակետները և անհատական կարիքները ներկայացնելու ու դրանք հաշվի առնելու իրական հնարավորությունը։
- Գնահատման ընթացքում բժշկական տվյալները կարող են գերակշռել անձի գործունեության, մասնակցության և միջավայրային խոչընդոտների փաստացի գնահատմանը։
- Բավարար հստակությամբ սահմանված չէ, թե ինչպես պետք է համադրվեն բժշկական փաստաթղթերը, անձի բացատրությունները և այլ մասնագիտական եզրակացությունները։
- Հստակեցման կարիք ունի իրար հակասող բժշկական եզրակացությունների և գնահատման արդյունքների միջև հակասությունները լուծելու ընթացակարգը։
- Պետք է ապահովել անձի ներկայացրած փաստերի, առարկությունների և բացատրությունների ամբողջական արձանագրումն ու գնահատումը։
- Անհրաժեշտ է սահմանել գնահատման ընթացքի, տրված հարցերի, պատասխանների, դիտարկումների և մասնագիտական եզրահանգումների փաստաթղթավորման հստակ պահանջներ։
- Անձը չի կարող բավարար չափով հասկանալ և ստուգել, թե ինչպես են առանձին գնահատականները վերածվում վերջնական արդյունքի։
- Պետք է հնարավոր լինի նույն տվյալների և մեթոդաբանության հիման վրա անկախորեն վերարտադրել ու ստուգել գնահատման արդյունքը։
- Անհրաժեշտ է պահպանել կիրառված բանաձևերի և ծրագրային համակարգի փոփոխությունների պատմությունը՝ յուրաքանչյուր որոշման նկատմամբ կիրառված տարբերակը պարզելու համար։
- Հստակեցման կարիք ունեն հաշվարկների ստուգման, սխալների հայտնաբերման և ուղղման համար հանձնաժողովի պատասխանատվությունն ու լիազորությունները։
- Անհրաժեշտ է պարբերաբար գնահատել՝ արդյոք մեթոդաբանությունը հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց նկատմամբ առաջացնում է անհամաչափ կամ խտրական հետևանքներ։
- Գնահատման ավարտին ոչ բոլոր դեպքերում է անձը տեղեկացվում վերջնական որոշման մասին և անձի՝ ծանուցվելու նախապատվությունը ոչ բոլոր դեպքերում է հարգվում։
VI. Վարչական ակտ, փաստաթղթավորում և ապացույցներ
- Որոշումները ոչ միշտ են բացահայտում յուրաքանչյուր գնահատականի փաստական հիմքը, կիրառված չափորոշիչը և վերջնական արդյունքի ձևավորման տրամաբանությունը։
- Անհրաժեշտ է ապահովել անձի հասանելիությունը գնահատման ամբողջ վարչական գործին, ներառյալ արձանագրությունները, հաշվարկները և օգտագործված փաստաթղթերը։
- Բավարար հստակությամբ կարգավորված չեն գնահատման տեսաձայնագրություններին ծանոթանալու և դրանք ստանալու ընթացակարգերը։
- Անհրաժեշտ է հստակեցնել տեսաձայնագրությունների պահպանման ժամկետները, ամբողջականության ապահովումը, հասանելիության սահմանափակումները և ոչնչացման կարգը։
- Հստակեցման կարիք ունեն գնահատման տեսաձայնագրությունները վարչական և դատական վարույթներում որպես ապացույց ներկայացնելու և օգտագործելու գործնական երաշխիքները։
- Բավարար պարզեցված չէ գնահատման փաստաթղթերում և հաշվարկներում սխալներն ուղղելու ընթացակարգը՝ առանց ամբողջ գնահատումը կրկնելու։
- Անհրաժեշտ է ապահովել գնահատման ընթացքում կատարված բոլոր գործողությունների, տվյալների փոփոխությունների և պատասխանատու անձանց նույնականացման հնարավորությունը։
VII. Վարչական և դատական բողոքարկում
- Անհրաժեշտ է ապահովել ոչ միայն վերջնական արդյունքի, այլև ընթացակարգային խախտումների արդյունավետ վիճարկումը։
- Հստակեցման կարիք ունի բողոքարկման ընթացքում լրացուցիչ բժշկական փաստաթղթեր, փորձագիտական եզրակացություններ և այլ ապացույցներ ներկայացնելու ու գնահատելու կարգը։
- Անհրաժեշտ է ապահովել գնահատման արդյունքների անկախ մասնագիտական ստուգման իրական հնարավորություն, այդ թվում՝ դատական վարույթում։
- Վարչական դատարանները ոչ միշտ են արդյունավետ կիրառում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը ֆունկցիոնալության գնահատման վեճերում։
- Դատական վարույթների տևողությունը և գնահատման մասնագիտական առանձնահատկությունները կարող են հանգեցնել նրան, որ անձը ժամանակին չի ստանում արդյունավետ իրավական պաշտպանություն։
- Անհրաժեշտ է հստակեցնել սոցիալական ապահովության և այլ իրավունքների վերականգնման պահն ու կարգը, երբ գնահատման սկզբնական որոշումը վերացվում կամ փոփոխվում է։
- Պետք է տարբերակել այն դեպքերը, երբ անհրաժեշտ է ամբողջական նոր գնահատում, և այն դեպքերը, երբ բավարար է առանձին գնահատականների կամ փաստական սխալների վերանայումը։
VIII. Ծառայությունների անհատական ծրագիր
- Ծառայությունների անհատական ծրագրերը ոչ միշտ են արտացոլում անձի իրական կարիքները և կարող են սահմանափակվել ստանդարտ առաջարկներով։
- ԾԱԾ-ում հաճախ չեն ներառվում այն ծառայությունները, որոնց կարիքն անձն ունի, բայց որոնք տվյալ պահին հասանելի չեն, ինչի հետևանքով պետությունը չի ստանում կարիքների ամբողջական պատկերը։
- Չկա բավարար արդյունավետ միասնական մեխանիզմ՝ չբավարարված կարիքների վերաբերյալ տվյալները հավաքագրելու և ծառայությունների զարգացման ու բյուջետային պլանավորման մեջ օգտագործելու համար։
- Նոր ծառայություն ավելացնելու կամ առկա ծառայությունը փոփոխելու համար անձից հաճախ պահանջվում է կրկին անձամբ ներկայանալ, նույնիսկ երբ դա անհրաժեշտ չէ։
- Անհրաժեշտ է ապահովել ծրագրում փոփոխություններ կատարելու մատչելի էլեկտրոնային կամ այլընտրանքային ընթացակարգեր՝ առանց անհարկի ֆիզիկական ներկայության։
- Բավարար հստակությամբ սահմանված չէ յուրաքանչյուր նախատեսված ծառայության կազմակերպման, տրամադրման և արդյունքի համար պատասխանատու մարմնի գործառույթը։
- Անհրաժեշտ է սահմանել ԾԱԾ-ով նախատեսված ծառայությունների տրամադրման հստակ ժամկետներ կամ դրանց որոշման թափանցիկ մեխանիզմ։
- ԾԱԾ-ում երաշխավորած ծառայության ներառումն ինքնին չի երաշխավորում դրա փաստացի տրամադրումը, իսկ չտրամադրման հետևանքները բավարար արդյունավետությամբ չեն կարգավորվում։
- Բավարար արդյունավետ չէ ԾԱԾ-ի իրականացման, ծառայությունների որակի և անձի կարիքների բավարարման պարբերական վերահսկողությունը։
- Պետք է ապահովել ծրագրում անհրաժեշտ ծառայություն չներառելու, ծառայությունը փոխելու կամ դրա տրամադրումը մերժելու որոշումների արդյունավետ վիճարկումը։
IX. Համակարգային կառավարում, վերահսկողություն և հաշվետվողականություն
- Գնահատման տարբեր փուլերի համար պատասխանատու մարմինների միջև գործառույթների բաժանումը կարող է հանգեցնել նրան, որ որևէ մարմին պատասխանատվություն չի կրում ամբողջ գործընթացի արդյունքի համար։
- Բավարար համակարգված չեն յուրաքանչյուր փուլի տևողության, ուշացումների, վերադարձված դիմումների, սխալների և բողոքարկումների վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը։
- Անհրաժեշտ է ներդնել հանձնաժողովների որոշումների հիմնավորվածության, հետևողականության, բողոքարկումների և վերացված որոշումների պարբերական վերլուծություն։
- Բավարար արդյունավետ չեն կրկնվող մեթոդաբանական, տեխնիկական և վարչարարական սխալները բացահայտելու ու վերացնելու մեխանիզմները։
- Անհրաժեշտ է նախատեսել նույն սխալից տուժած անձանց որոշումների վերանայման մեխանիզմ՝ առանց յուրաքանչյուրից առանձին դատական գործընթաց պահանջելու։
- Անհրաժեշտ է ապահովել բժշկական և այլ զգայուն տվյալներին հասանելիության, օգտագործման և փոփոխությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, համակարգը պետք է լոգավորի բոլոր մուտքերը։
- Անհրաժեշտ է ապահովել, որ անձի իրավունքների և գնահատման արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող բոլոր կանոնները սահմանված լինեն պատշաճ իրավական ակտերով, հրապարակված և հասանելի լինեն հանրությանը։
X. Նիստերի դիտարկումներով արձանագրված լրացուցիչ խնդիրներ
- Գնահատման մեկնարկից առաջ անձին ոչ միշտ է ամբողջությամբ ներկայացվում գնահատման ընթացքը, փուլերը և կիրառվող մեթոդները։
- Գնահատման ընթացքում անձին ոչ միշտ է ներկայացվում որոշումը բողոքարկելու իրավունքը, կարգը և ժամկետները։
- Անձին ոչ միշտ է տեղեկացվում, թե երբ և ինչ եղանակով է ստանալու գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը։
- Գնահատող մասնագետները ոչ միշտ են ուսումնասիրում անձի լրացրած ինքնագնահատման հարցաշարը կամ դրա արդյունքները պատշաճ կերպով հաշվի առնում գնահատման ընթացքում։
- Գնահատման համար նախատեսված որոշ շենքերում առկա են ֆիզիկական խոչընդոտներ, այդ թվում՝ դռներն ինքնուրույն բացելու դժվարություններ։
- Գնահատման վայրերի որոշ սպասասրահներ ունեն անբավարար տարածք, լուսավորություն և նստատեղեր՝ չապահովելով անձանց հարմարավետ ու արժանապատիվ սպասելու պայմաններ։
- Գնահատման նիստերը հաճախ սկսվում են նախատեսված ժամից ուշ՝ առաջացնելով անհարկի սպասում և դժվարություններ անձանց համար։
- Գնահատման ընթացքում արձանագրվում է գործընթացին չմասնակցող անձանց մուտքն ու ելքը, ինչը կարող է խախտել անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը և գնահատման բնականոն ընթացքը։
XI. Մեթոդաբանության և վերագնահատման լրացուցիչ հարցեր
- Գնահատման ընթացքում տարբեր մասնագետների արձանագրած ֆունկցիոնալության սահմանափակումների միջև հակասությունները ոչ միշտ են բացահայտվում, հիմնավորվում և լուծվում մինչև վերջնական որոշման ընդունումը։
- Անհրաժեշտ է վերանայել առաջին, երրորդ կամ հինգերորդ գնահատման արդյունքում անժամկետ հաշմանդամություն սահմանելու տարբերակված պահանջների հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով վիճակի կայունությունը և վերագնահատման անհրաժեշտությունը։
- Անհրաժեշտ է բացառել անհարկի պարբերական վերագնահատումներն այն դեպքերում, երբ ֆունկցիոնալության սահմանափակումների կայունությունն ու անդառնալիությունն արդեն բավարար չափով հաստատված են։
- Գնահատման մեթոդաբանությունը պետք է ապահովի տարբեր օրգանների և համակարգերի ախտահարումների համակցված ազդեցության գնահատումը՝ առանց առանձին ախտորոշումներով սահմանափակվելու։
- Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես են գնահատվում պարբերական սրացումներով և ռեմիսիաներով ընթացող հիվանդությունների ազդեցություններն անձի առօրյա գործունեության և մասնակցության վրա։
- Պետք է ապահովել, որ գնահատման համար սահմանված բուժման կամ վերականգնման ժամկետները չդառնան անհիմն խոչընդոտ այն անձանց համար, որոնց ֆունկցիոնալության սահմանափակումներն արդեն հնարավոր է գնահատել։
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
