Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
1.1.Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը սահմանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ում (այսուհետ նաև՝ կազմակերպություն) զբաղվածության և անձնակազմի կառավարման կանոնները, արժեքները և ընթացակարգերը՝ նպատակ ունենալով ապահովել կազմակերպության աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ արդար, ներառական և հետևողական վերաբերմունք։
1.2.Սույն քաղաքականությունը նպաստում է անվտանգ, աջակցող և մատչելի աշխատանքային միջավայրի ստեղծմանը, որն արտացոլում է կազմակերպության առաքելությունը՝ վերացնելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։
1.3.Սույն քաղաքականությունն ապահովում է կազմակերպության համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին, ներառյալ աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համապատասխան հոդվածները։
1.4.Սույն քաղաքականությունը կազմակերպության ներքին ակտ է, որով կարգավորվում են մարդկային ռեսուրսների հետ կապված հարցրերը, և հանդիսանում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների մաս։
1.5.Սույն կանոնները պարտադիր են կազմակերպության ցանկացած աշխատողի կամ անկախ լիազորության ձևից, այնքանով, որքանով վերաբերելի են, ներառյալ՝
- Աշխատողներ (լրիվ կամ ոչ լրիվ դրույքով)
- Կամավորներ,
- Ծառայություններ մատուցողներ,
- Անդամներ,
- Գործադիր մարմին,
- Կազմակերպության անունից հանդես եկող անձինք՝ իրենց հետ կնքված պայմանագրերով սահմանված չափով (այսուհետ` բոլորը միասին` ներկայացուցիչներ)։
Բաժին 2
Հիմնական սկզբունքները
2.1.Կազմակերպության բոլոր ներկայացուցիչները մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցերում պետք է հետևեն կազմակերպության կանոնադրությանը, այլ ներքին ակտերին, ինչպես նաև հետևյալ սկզբունքներին.
- Աշխատանքի ազատ ընտրություն — Յուրաքանչյուր ներկայացուցիչ իրավունք ունի ազատորեն և առանց հարկադրանքի կամ ճնշման համաձայնել կամ հրաժարվել որևէ աշխատանքից։
- Հավասարության և անխտրականության — Աշխատանքի ընդունման, կատարողականի գնահատման, վարձատրության, առաջխաղացման և պաշտոնից ազատման բոլոր գործընթացները պետք է իրականացվեն հավասար հիմունքներով՝ բացառելով ցանկացած տեսակի խտրականություն, այդ թվում՝ հաշմանդամության հիմքով։
- Արդար և արժանապատիվ աշխատանք — Բոլոր աշխատողները պետք է ապահովվեն պայմաններով, որոնք նպաստում են իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը, մասնագիտական ինքնադրսևորմանը և սոցիալական ներառմանը։
- Աշխատանքային միջավայրի անվտանգություն — Կազմակերպությունը պարտավոր է ստեղծել և պահպանել այնպիսի պայմաններ, որոնք նվազեցնում են աշխատանքի հետ կապված ռիսկերն ու սպառնալիքները և ապահովում են աշխատողների առողջության պաշտպանությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի չափանիշների։
- Թափանցիկություն և հաշվետվողականություն — Մարդկային ռեսուրսների հետ կապված բոլոր որոշումները պետք է ընդունվեն բաց և փաստարկված եղանակով, իսկ դրանց վերաբերյալ տեղեկությունը հասանելի լինի։
- Մասնագիտական զարգացման և աջակցություն — Կազմակերպությունը խրախուսում է աշխատողների շարունակական ուսուցումը, վերապատրաստումը և մասնագիտական առաջխաղացումը՝ նպաստելով նրանց կարողությունների լիարժեք իրացմանը։
- Ներառականության և մատչելիություն — Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել աշխատանքային միջավայր, որտեղ բացառված են արգելքները և խոչընդոտները՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով։
- Մարդու արժանապատվության հարգման և բռնության արգելք — Կազմակերպությունն անընդունելի է համարում ցանկացած տեսակի ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական բռնություն աշխատավայրում և պարտավորվում է կանխել նման դեպքերը՝ ստեղծելով հարգալից միջավայր։
- Օրենսդրությանը համապատասխանություն — Կազմակերպությունը հետևում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին և ապահովում է բոլոր գործողությունների և քաղաքականությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
- Առաջխաղացման և արդյունքների վրա հիմնված ճանաչում- Կազմակերպությունը խրախուսում է աշխատողների կատարողականի և ձեռքբերումների արժանահավատ գնահատումը՝ ապահովելով մոտիվացիա, արդար վարձատրություն և մասնագիտական աճի հնարավորություններ։
- Սոցիալական երկխոսության խթանում — Կազմակերպությունը կարևորում է բաց և կառուցողական երկխոսությունը գործադիր մարմնի և ներկայացուցիչների միջև՝ համատեղ որոշումների կայացման, ներքին խնդիրների լուծման և աշխատանքային միջավայրի բարելավման նպատակով։
Բաժին 3
Աշխատանքի ընդունման գործընթացը
3.1.Կազմակերպության աշխատողների, ծառայություններ մատուցող մասնագետների կամ կամավորների ներգրավման գործընթացը կատարվում է թափանցիկ, մրցակցային և ներառական սկզբունքներով՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար։
3.2.Ազատ հաստիքների վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են կազմակերպության պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում կամ մասնագիտական աշխատանքային հարթակներում, ինչպես նաև կարող է տարածվել գործընկեր կազմակերպությունների ցանցերով։
3.3.Յուրաքանչյուր հայտարարության մեջ հստակ նշվում են՝
- աշխատանքի անվանումը,
- հիմնական պարտականությունները,
- պահանջվող որակավորումները,
- աշխատանքի ժամաքանակը,
- աշխատավարձի միջակայքը կամ նշում, որ այն կհաշվարկվի համապատասխան փորձի և ֆինանսավորման շրջանակի,
- ինչպես նաև դիմելու վերջնաժամկետը և
- պահանջվող փաստաթղթերի ցանկը։
3.4.Թեկնածուներից որպես կանոն պահանջվում է ներկայացնել ինքնակենսագրական (CV) և (կամ) մոտիվացիոն նամակ և անհրաժեշտության դեպքում՝ կոնտակտային տվյալներ նախորդ գործատուներից, նախորդ աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր կամ աշխատանքների օրինակներ։
3.5.Փաստաթղթերն ստանալուց հետո կազմվում է գնահատման հանձնաժողով՝ կազմված առնվազն երեք անդամից, ներառյալ տվյալ ծրագրի համակարգողը, կազմակերպության նախագահը և մեկ անկախ անդամ կամ կազմակերպության այլ ներկայացուցիչ։
3.6.Հանձնաժողովը նախապես սահմանում է գնահատման չափանիշները՝ ներառյալ մասնագիտական գիտելիքները, փորձը, մոտիվացիան, հաղորդակցման հմտությունները, կազմակերպության առաքելությանը համահունչ լինելու աստիճանը և այլն։
3.7.Նախնական ցուցակում ներառված թեկնածուներին ուղարկվում է հարցազրույցի հրավեր՝ ներկայացնելով հարցազրույցի ձևաչափը, ժամկետը և մատչելիությանն առնչվող հնարավոր կարիքների հարցաթերթիկը։
3.8.Հարցազրույցը կարող է իրականացվել առցանց կամ դեմառդեմ հաշվի առնելով թեկնածուի կարիքները և հասանելիությունը։
3.9.Հարցազրույցն անցկացնողը պարտավոր է ապահովել ներառականություն և չտալ հարցեր, որոնք չեն վերաբերում մասնագիտական հմտություններին (օրինակ՝ ընտանեկան կարգավիճակ, առողջական վիճակ, քաղաքական հայացքներ և այլն)։
3.10.Հարցազրույցից հետո գնահատման արդյունքներով ընտրվում է լավագույն թեկնածուն, ում հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կամ կամավորության համաձայնագիր՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների։
3.11.Աշխատանքային պայմանագրի կնքումից առաջ պահանջվում է անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, սոցիալական քարտի պատճեն (անհրաժեշտության դեպքում), բանկային տվյալները։
3.12.Նոր ներգրավվող անձը ծանոթացվում է կազմակերպության ներքին քաղաքականություններին և ընթացակարգերին, ներառյալ մարդկային ռեսուրսների քաղաքականությանը, և ստորագրում է համապատասխան ծանոթացման ակտ։
3.13.Պայմանագրով սահմանված լինելու դեպքում առաջին աշխատանքային ամիսը համարվում է փորձաշրջան, որի վերջում կողմերը կարող են ավարտել համագործակցությունը՝ պարզեցված ընթացակարգով։
Բաժին 4
Վարձատրության և աշխատավարձի քաղաքականություն
4.1.Կազմակերպությունը պարտավորվում է իր բոլոր աշխատողներին և ծառայություններ մատուցող անձանց վճարել արդար և ժամկետներում տրամադրվող վարձատրություն՝ համաձայն կնքված պայմանագրերի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ֆինանսական հնարավորությունների։
4.2.Աշխատավարձի չափը սահմանվում է ելնելով աշխատողի աշխատանքային պարտականությունների ծավալից, բարդությունից, փորձից, կրթությունից և կազմակերպության սահմանած վարձատրության սահմաններից։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում են սահմանային միջակայքեր՝ ծրագրային բյուջեներին համապատասխան։
4.3.Կազմակերպության նախագահը հաստատում է հաստիքների նկարագրություններն ու աշխատավարձերի կառուցվածքը։
4.4.Կազմակերպությունը պարտավորվում է սահմանել հստակ մեխանիզմներ՝ կատարողականի գնահատման, արդյունքների վրա հիմնված խրախուսման և առաջխաղացման հնարավորությունների համար։
4.5.Վարձատրությունը վճարվում է բացառապես բանկային փոխանցմամբ։ Վճարումները կատարվում են ամսական կամ ծրագրային հիմքով՝ ըստ պայմանագրով նշված ժամկետների։
4.6.Կազմակերպությունը կարող է ապահովել հավելավճարներ կամ պարգևավճարներ՝ ըստ աշխատանքային առաջադրանքների լրացուցիչ ծանրաբեռնվածության, նախագծային խնայողությունների կամ կատարողականի արդյունքների։
4.7.Աշխատանքի ավարտի դեպքում վճարվում են աշխատողի բոլոր չվճարված վարձատրությունները, չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցումները և այլ պարտավորություններ՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
4.8.Կազմակերպությունն ապահովում է աշխատավարձի վերաբերյալ ցանկացած հարցի պարզաբանման հնարավորություն՝ կազմակերպության նախագահի միջոցով։
Բաժին 5
Պայմանագրերի և արձանագրությունների կառավարում
5.1.Կազմակերպությունը յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է գրավոր աշխատանքային պայմանագիր՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների։
5.2.Պայմանագրերում հստակ սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները, աշխատանքային ժամերը, վարձատրության չափը, արձակուրդների տրամադրման պայմանները և պայմանագրի գործողության ժամկետը։
5.3.Պայմանագրերի ստորագրումից առաջ աշխատողին տրամադրվում է պայմանագրի նախագիծը՝ մանրամասն ծանոթանալու համար, և անհրաժեշտության դեպքում կազմակերպությունն տրամադրում է պարզաբանումներ։
5.4.Աշխատանքային պայմանագրերը պահվում են կազմակերպության փաստաթղթերի պահման պանակում՝ գաղտնիության կանոններին համապատասխան։
5.5.Պայմանագրերի փոփոխությունները կամ լրացումները կատարվում են գրավոր համաձայնությամբ՝ կողմերի միջև համաձայնեցված կարգով։
5.6.Բոլոր աշխատանքային, վարչական և ֆինանսական փաստաթղթերը կառավարվում են համակարգված ձևով՝ ապահովելով թափանցիկություն, իրավաբանական վավերականություն և հնարավոր մոնիթորինգի կամ աուդիտի իրականացում։
5.7.Կազմակերպությունն ապահովում է բոլոր փաստաթղթերի պահպանությունը օրենքով սահմանված ժամկետներում։
Բաժին 6
Արձակուրդներ և բացակայություններ
6.1.Կազմակերպությունը երաշխավորում է իր աշխատողներին տրամադրել արձակուրդների այն տեսակները, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ ներառյալ տարեկան վճարովի արձակուրդը, հավելյալ արձակուրդները, ուսումնական արձակուրդները, հղիության և ծննդաբերության արձակուրդը, խնամքի արձակուրդը, ինչպես նաև սոցիալական և չվճարվող արձակուրդները։
6.2.Տարեկան վճարովի արձակուրդը տրվում է առնվազն 20 աշխատանքային օր տևողությամբ, եթե պայմանագրով սահմանված չէ այլ տևողություն՝ համաձայն օրենսդրության։ Արձակուրդը տրամադրվում է աշխատողի՝ կազմակերպության ղեկավարությանը նախապես ներկայացված գրավոր դիմումի հիման վրա։
6.3.Աշխատողը կարող է օգտվել չվճարվող արձակուրդից՝ անձնական պատճառներով, եթե այն չի վնասում կազմակերպության աշխատանքային գործընթացին և հիմված է փոխադարձ համաձայնության վրա։
6.4.Հղիության, ծննդաբերության և խնամքի արձակուրդներն իրականացվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներին և նախատեսված ժամկետներին համապատասխան՝ ապահովելով սոցիալական երաշխիքների լիարժեք պահպանում։
6.5.Ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնական հաստատությունում սովորող աշխատողներին՝ հիմք ընդունելով հաստատության կողմից տրված համապատասխան տեղեկանքները։
6.6.Արձակուրդի ընթացքում աշխատողը պահպանում է իր միջին աշխատավարձը, բացառությամբ չվճարվող արձակուրդների։
6.7.Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում կազմակերպությունը պահանջում է բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ՝ որպես բացակայության հիմնավորում։
6.8.Արձակուրդների ժամանակացույցը կազմվում է նախորդ տարեվերջին կամ ըստ անհրաժեշտության՝ ապահովելով կազմակերպության աշխատանքային գործընթացի շարունակականությունը։
6.9.Արձակուրդից չօգտվելու պարագայում աշխատողը իրավունք ունի ստանալ դրամական փոխհատուցում միայն աշխատանքային հարաբերությունների ավարտի դեպքում՝ ըստ օրենսդրության։
Բաժին 7
Կարգապահական միջոցառումներ և վեճերի կարգավորում
7.1.Կազմակերպությունը խրախուսում է ազնիվ, պատասխանատու և գործընկերային վարքագիծ՝ աջակցելով բաց հաղորդակցությանը և փոխադարձ հարգանքի մշակույթին։
7.2.Կազմակերպության բոլոր ներկայացուցիչները պարտավոր են հետևել վարքագծի կանոններին, ներքին քաղաքականություններին և իրենց աշխատանքային պայմանագրերում նշված դրույթներին։
7.3.Կարգապահական խախտումներ կարող են ներառել՝ հաճախակի ուշացումներ կամ բացակայություններ, վատթար աշխատանքային կատարողական, կոռեկտության բացակայություն գործընկերների կամ շահառուների հետ հաղորդակցության մեջ, աշխատանքային կարգապահության խախտում, ֆինանսական կամ նյութական ռեսուրսների չարաշահում։
7.4.Կարգապահական խախտումների դեպքում կազմակերպությունը կարող է կիրառել հետևյալ միջոցառումները՝ նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից ազատում՝ պայմանագրով և օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։
7.5.Նշված միջոցառումները կիրառվում են համաչափ, փաստերի վրա հիմնված որոշումների հիման վրա՝ կողմերին տրամադրելով արտահայտվելու և բացատրություն ստանալու հնարավորություն։
7.6.Աշխատողը կամ կազմակերպության ցանկացած ներկայացուցիչ, որը կարծում է, որ իր նկատմամբ կիրառված կարգապահական միջոցառումը անհիմն է կամ խտրական, ունի իրավունք դիմել ներքին վեճերի կարգավորման ընթացակարգով։
7.7.Ներքին վեճերի կարգավորման համակարգը ներառում է՝ գրավոր դիմում կազմակերպության նախագահին, պաշտոնական լսում կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև՝ հնարավոր արտաքին մեդիացիայի կամ իրավական պաշտպանության կիրառում՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
7.8.Բոլոր կարգապահական և վեճերի հետ կապված գործընթացները իրականացվում են գաղտնիության պահպանմամբ, աշխատողի արժանապատվության հարգանքով և անխտրական մոտեցմամբ։
Բաժին 8
Կրթություն և կարողությունների զարգացում
8.1.Կազմակերպությունը կարևորում է աշխատողների մասնագիտական զարգացմանը նպաստելը՝ որպես որակյալ և արդյունավետ աշխատանքի ապահովման կարևոր նախապայման։
8.2.Աշխատողների համար կարողությունների զարգացման նախաձեռնությունները ներառում են՝ ներքին վերապատրաստումներ, արտաքին ուսումնական դասընթացների մասնակցություն, խորհրդատվություններ, մասնագիտական սեմինարներ, մեթոդական նյութերի տրամադրում և մենթորություն։
8.3.Կազմակերպությունը պարբերաբար գնահատում է թիմի կարիքները՝ մասնագիտական զարգացման տեսանկյունից և մշակում է համապատասխան ծրագիր կամ ներառվում է ծրագրային բյուջեներում։
8.4.Աշխատողի վերապատրաստման մասնակցության ծախսերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն ծածկվել կազմակերպության կողմից՝ ելնելով կազմակերպության հնարավորություններից, զարգացման ծրագրերի նպատակներից և ձեռք բերվող հմտությունների կիրառելիությունից։
8.5.Կազմակերպությունը խրախուսում է աշխատողների անձնական նախաձեռնությունը՝ վերապատրաստման, ինքնազարգացման և մասնագիտական աճի ուղղությամբ, և աշխատում է ստեղծել հարմար պայմաններ այդ գործընթացի համար։
Բաժին 9
Հեռավար աշխատանքի քաղաքականություն
9.1.Կազմակերպությունը ճանաչում է հեռավար աշխատանքի կարևորությունը՝ ինչպես աշխատանքի ճկուն կազմակերպման, այնպես էլ ներառականության և մատչելիության խթանման տեսանկյունից։
9.2.Հեռավար աշխատանքը կարող է կիրառվել որպես հիմնական կամ ժամանակավոր աշխատակարգ՝ կախված աշխատողի պաշտոնից, առաջադրանքների բնույթից, անհատական կարիքներից կամ արտակարգ իրավիճակներից (օրինակ՝ առողջական խնդիրներ, շարժունակության դժվարություններ, համաճարակային սահմանափակումներ)։
9.3.Հեռավար աշխատանքը ձևակերպվում է որպես լրացուցիչ պայմանագրային դրույթ կամ պաշտոնական գրավոր համաձայնություն՝ հստակեցնելով աշխատանքային ժամերը, արդյունքների ակնկալիքները, հաղորդակցության միջոցները և վերահսկողության մեխանիզմները։
9.4.Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել հեռավար աշխատողների տեխնիկական պայմանների բավարարությունը՝ այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցների տրամադրում, ծրագրային աջակցություն կամ ծախսերի փոխհատուցում՝ ըստ անհրաժեշտության։
9.5.Հեռավար աշխատանքի կիրառումը չի կարող օգտագործվել որպես խտրականություն որևէ աշխատողի նկատմամբ։ Այն դիտարկվում է որպես ներառականության և մատչելիության ապահովման միջոց՝ հաշվի առնելով անհատական կարիքները։
9.6.Հեռավար աշխատանքից օգտվող աշխատողները պարտավոր են պարբերաբար ներկայացնել կատարված աշխատանքի հաշվետվություն և աշխատանքային ժամերին հասանելի լինել կազմակերպության ղեկավարության կամ թիմի համար։
9.7.Հեռավար աշխատանքն ավարտվում է կամ վերանայվում է համաձայն կազմակերպության գնահատման արդյունքների, պայմանագրային ժամկետի ավարտի կամ համաձայնեցված նոր պայմանների։
Բաժին 10
Աշխատանքային առողջություն և անվտանգություն
10.1.Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել իր բոլոր աշխատողների և ներկայացուցիչների ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ ապահով և առողջ միջավայրում աշխատանքի համար։
10.2.Կազմակերպությունը պարտավորվում է հետևել ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային անվտանգության նորմերին՝ ներառյալ աշխատավայրի սանիտարահիգիենիկ պայմանները, պատշաճ լուսավորությունը, օդափոխությունը և տեխնիկական սարքավորումների անվտանգությունը։
10.3.Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել արտակարգ իրավիճակների պլանավորում՝ ներառյալ տարհանման ուղիների, արտակարգ միջոցառումների, շտապօգնության կանչի մեխանիզմների և համապատասխան նշանների առկայությունը։
10.4.Աշխատողները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները, տեղյակ պահել ղեկավարությանը ցանկացած ռիսկի կամ վնասվածքի մասին և մասնակցել անվտանգության վերապատրաստումներին։
10.5.Հաշմանդամություն ունեցող աշխատողների համար կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել խելամիտ հարմարեցումներ՝ ներառյալ ֆիզիկական միջավայրի, տեխնիկական միջոցների և աշխատանքային պահանջների համապատասխանեցում՝ նրանց անվտանգ աշխատանքի ապահովման համար։
10.6.Կազմակերպությունը խրախուսում է հոգեկան առողջության պահպանումն՝ աջակցելով աշխատանքային բեռնվածության վերահսկմանը, արձակուրդների լիարժեք օգտագործմանը և աշխատանքային-անձնական կյանքի հավասարակշռությանը։
10.7.Խախտումների կամ առողջությանը սպառնացող դեպքերի հայտնաբերման դեպքում կազմակերպությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց վերացման և հնարավոր կրկնությունների կանխման ուղղությամբ։
Բաժին 11
Ազդարարումը
11.1.Կազմակերպության բոլոր ներկայացուցիչները պարտավոր են ազդարարել քաղաքականության ցանկացած խախտում։
11.2.Խախտումների մասին պետք է ազդարարել ներքին ազդարարման պատսխանատուին, անհրաժեշտության դեպքում՝ անանուն։
Բաժին 12
Հաղորդակցությունը և հրապարակայնությունը
12.1.Սույն քաղաքականությանն առնչվող հաղորդակցությունը և փաստաթղթաշրջանառությունը պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց։
12.2.Կազմակերպությունը պետք է ջանքեր գործադրի ներկայացուցիչներին և ծառայություններից օգտվողներին սույն քաղաքականության մասին իրազեկելու ուղղությամբ։
12.3.Սույն քաղաքականությունը հրապարակվում է կայքում՝ էլեկտրոնային մատչելի ձևաչափով։ Այն ուղարկվում է կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող բոլոր անձանց և անդամներին։ Տպագիր տարբերակը տեղադրվում է կազմակերպության գրասենյակում բոլորին հասանելի վայրում՝ հիմնական փաստաթղթերի պանակում։
Բաժին 13
Քաղաքականության վերանայումը և մշտադիտարկումը
13.1.Սույն քաղաքականությանն առնչվող գործընթացի նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության նախագահը։
13.2.Սույն քաղաքականությունը վերանայվում է փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտության դեպքում, իսկ կանոնավոր կերպով վերանայվում է երկու տարին մեկ անգամ կամ երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, որոնք կարող են ընթացակարգի վերանայման անհրաժեշտություն առաջացնել։