Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Գորիսում քննարկել ենք հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության խնդիրները

Գորիսի հանդիպման մասնակիցները նստած են սեղանի շուրջ։

Նոյեմբերի 26-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը Գորիսում երկու առանձին հանդիպում անցկացրեց հոգեկան առողջության ծառայություններից օգտվող կամ նախկինում օգտված անձանց և սոցիալական աշխատողների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկեցինք, թե հոգեկան առողջության ինչ ծառայություններ են գործում Գորիսում, որքանով են դրանք հասանելի համայնքի բնակիչներին և ինչ դժվարությունների են բախվում մարդիկ այդ ծառայություններից օգտվելիս։

Առանձին հանդիպումները հնարավորություն տվեցին առկա խնդիրները դիտարկել ինչպես ծառայություններից օգտվելու անմիջական փորձ ունեցող անձանց, այնպես էլ համայնքում սոցիալական աշխատանք իրականացնող մասնագետների տեսանկյունից։

Հոգեկան առողջության ծառայությունների առկայությունն ինքնին դեռևս չի երաշխավորում դրանց հասանելիությունը։ Ծառայությունների մասին տեղեկացվածությունը, աշխարհագրական և ֆինանսական հասանելիությունը, հասարակությունում առկա կարծրատիպերն ու խարանը կարող են էական ազդեցություն ունենալ անհրաժեշտ աջակցություն ստանալու մարդկանց հնարավորությունների վրա։

Մենք կարևորում ենք համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների զարգացումը, որպեսզի մարդիկ անհրաժեշտ աջակցությունը կարողանան ստանալ իրենց համայնքում՝ իրենց իրավունքների, արժանապատվության և ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատության նկատմամբ հարգանքով։

Ծառայություններից օգտվելու անմիջական փորձ ունեցող անձանց մասնակցությունն առանցքային նշանակություն ունի ինչպես առկա խնդիրների բացահայտման, այնպես էլ ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկների մշակման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում հանդիպումների բոլոր մասնակիցներին՝ իրենց փորձով և տեսակետներով կիսվելու համար։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։