Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փաթեթի աշխատանքային քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, պատգամավորներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն անդրադարձել է երեք հիմնական խնդրի։

Հասարակական կազմակերպությունների կողմից իրավունքների դատական պաշտպանություն
Մուշեղ Հովսեփյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանում քննվող գործին, որը վերաբերում է հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները դատարանում պաշտպանելու իրավունքի սահմանափակմանը։ Նա կարևորել է նաև խտրականության այլ հիմքերով անձանց իրավունքների դատական պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորության նախատեսումը։
Հավասարության մարմնի ռեսուրսները և մատչելիությունը
Մուշեղ Հովսեփյանը խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների պաշտպանին նոր լիազորությունների վերապահումը՝ առանց անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ապահովման։ Նա ընդգծել է գրասենյակի ֆիզիկական մատչելիության ապահովման, թեժ գիծը հայերեն ժեստերի լեզվով հասանելի դարձնելու, աշխատակազմի վերապատրաստման և այլ անհրաժեշտ ծառայությունների ներդրման կարևորությունը։
Նա նաև հարց է բարձրացրել, թե պաշտպանության ինչպիսի մեխանիզմներից կարող է օգտվել անձը, եթե խտրականության ենթարկվի հենց հավասարության մարմնի կողմից։
Մասնավոր ոլորտում խտրականությունից պաշտպանություն
Մուշեղ Հովսեփյանը պարզաբանում է խնդրել, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի՝ մասնավոր կազմակերպությունների նկատմամբ նախատեսվող նոր լիազորությունները տարածվելու են նաև անհատ ձեռնարկատերերի և հանրությանը ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց նկատմամբ։
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս ընդգծել է նոր գործառույթների արդյունավետ իրականացման համար բավարար մարդկային ու ֆինանսական ռեսուրսների և համապատասխան շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությունը։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը կարևորել է օրենսդրական փաթեթի լրամշակումը և քննարկումների շարունակականությունը՝ մասնակիցներին առաջարկելով գրավոր ներկայացնել իրենց առաջարկները։
Մեր կազմակերպությունը 2021 թվականից ներգրավված է այս օրենքի նախագծի մշակման աշխատանքներում և ներկայացրել է հարյուրավոր առաջարկներ, որոնց զգալի մասն ընդունվել է նախագծի մշակման տարբեր փուլերում։
Նախագծի վերջին հանրային քննարկման շրջանակում մեր ներկայացրած առաջարկներին կարող եք ծանոթանալ e-draft.am-ի առաջարկների ամփոփաթերթում (արտաքին հղում, բացվում է նոր ներդիրում)։
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ ուղղված Հայաստանում խտրականությունից պաշտպանության արդյունավետ և մատչելի մեխանիզմների ներդրմանը։
Մուշեղ Հովսեփյանի ելույթն ամբողջությամբ
Դիտել Մուշեղ Հովսեփյանի ելույթը YouTube-ում (արտաքին հղում, բացվում է նոր ներդիրում)։
Կարդալ Մուշեղ Հովսեփյանի ելույթի սղագրությունը
[00:00] Մուշեղ Հովսեփյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպություն։ Նախ ուզում եմ ասել, որ, կարծում եմ, պիտի ողջունենք բոլոր դերակատարներին, եթե իրենց նկատմամբ խտրականություն են զգացել, դատական գործընթացով իրենց իրավունքները պաշտպանել։ Այդ առումով, կարծում եմ, նաև իրենց սեփական փորձը ցույց կտա և կբացահայտի, թե ինչ խնդիրների կարող են բախվել իրապես խտրականության ենթարկված անձինք, հատկապես դատարաններում։
[00:31] Մեր կազմակերպությունն այս պահին հաշմանդամության հիմքով խտրականության վերաբերյալ ընթացիկ գործեր ունի դատարաններում, որոնցից մեկն այս պահին քննարկվում է նաև Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ դատարանները մերժել էին մեր՝ որպես կազմակերպություն, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները դատարանում պաշտպանելու, ներկայացնելու իրավունքը և սահմանափակել էին միայն այն անձանցով, որոնք հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ ունեն։ Սա շատ հեռու է այն միջազգային պարտավորություններից, որ Հայաստանը ունի։ Այս առումով, կարծում եմ, դրական կլինի նաև խտրականության այլ հիմքերով դա նախատեսելը։
[01:12] Երկու հարց ունեմ իրականում։ Մեկը կապված է Մարդու իրավունքների պաշտպանին որպես հավասարության մարմին դիտարկելուն։ Տիկին Կարապետյանը նշեց, որ առաջին փուլում կդիտարկեն բյուջեով համապատասխան աշխատակազմ ներառելու տարբերակը, իսկ երկրորդ փուլում՝ արդեն լրացուցիչ բյուջե նախատեսելը։ Ես կարծում եմ, որ առանց այդ համապատասխան լրացուցիչ բյուջեի Մարդու իրավունքների պաշտպանին այս իրավասությունը տալը խիստ խնդրահարույց է։ Բազմիցս Պաշտպանը դրա մասին խոսել է։
[01:42] Ամենաակնհայտ բանը՝ սայլակ օգտագործող մարդը չի կարող մտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Հետևաբար արդեն իսկ շատ վիճելի կդառնա, թե ինչ հավասարության մարմնի մասին ենք խոսում։ Եվ բացի այդ, այլ լրացուցիչ ծախսեր են պետք լինելու, օրինակ, թեժ գիծը հայերեն ժեստերի լեզվով հասանելի դարձնելու, աշխատակազմի վերապատրաստման համար։ Բազմաթիվ այլ ծառայություններ կան, որոնք պիտի հավասարության մարմինն ունենա։
[02:09] Այս մասով ուզում եմ ձեր դիրքորոշումը լսել, թե ինչպես եք պատկերացնում դա, և ինչ պիտի անի մարդը, եթե չսահմանեք այդ բյուջեն, և մարդը պնդի, որ խտրականության է ենթարկվել հենց հավասարության մարմնի կողմից՝ տվյալ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։
[02:25] Մյուս հարցը ֆիզիկական անձանց մասին է։ Ճիշտ եք նշում՝ օրենքի 15-րդ հոդվածում Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունները ներառում են նաև մասնավոր ոլորտի կազմակերպություններին առաջարկներ ներկայացնելը։ Պաշտպանը կարող է նաև դիմել դատարան, եթե կազմակերպությունը չի իրականացնում առաջարկը։ Այս մասով ուզում եմ հասկանալ, թե ինչ եք հասկանում «կազմակերպություն» հասկացության տակ։ Արդյոք անհատ ձեռնարկատերերը մտնո՞ւմ են սրա մեջ։ Արդյոք ֆիզիկական անձինք, որոնք հանրությանը ծառայություն են մատուցում, մտնո՞ւմ են։ Եթե վաղը խտրականության ենթարկվեմ հանրությանը ծառայություն մատուցող որևէ ֆիզիկական անձի կողմից իմ հաշմանդամության հիմքով, կարո՞ղ եմ դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես այս կազմակերպությունների դեպքում։ Մերսի։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
