Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Լևոն Քոչարյանը, ակնարկելով քաղաքական հակառակորդի ենթադրյալ հոգեկան առողջության խնդիրները, առողջապահության նախարարից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է անձին հարկադրաբար ենթարկել հոգեբուժական հետազոտության։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հարցադրումը մարդու իրավունքների սկզբունքների տեսանկյունից քննադատելու փոխարեն, շարունակեց խնդրահարույց տրամաբանությունը՝ անձնական ակնարկներ հղելով պատգամավորի հասցեին։
Հիշեցնենք բոլոր պատգամավորներին և կառավարության անդամներին՝ հոգեբուժությունը քաղաքական հակառակորդների հետ հաշիվներ մաքրելու միջոց չէ։
Հոգեբուժության և դրա եզրույթների քաղաքական չարաշահումը մեր ոչ վաղ անցյալի մութ էջերից է, որից տուժել են հազարավոր մարդիկ։ Խորհրդային Միությունում, այդ թվում՝ Հայաստանում, հոգեբուժական ախտորոշումները, հարկադիր բուժումն ու հոգեբուժական հաստատություններում մեկուսացումն օգտագործվել են այլախոհներին լռեցնելու, նրանց հայացքները վարկաբեկելու և քաղաքական գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Իշխանություններին քննադատելը, պաշտոնական գաղափարախոսությունը չընդունելը կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը կարող էին ներկայացվել որպես հոգեկան խանգարման դրսևորումներ։
Խորհրդային հոգեբուժության քաղաքական չարաշահումն այնքան լայնորեն էր փաստագրվել և միջազգային քննադատության արժանացել, որ 1983 թվականին ԽՍՀՄ հոգեբույժների մասնագիտական միությունը դուրս եկավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայից՝ հնարավոր հեռացման հեռանկարի պայմաններում։
Հետևաբար, քաղաքական հակառակորդին հոգեբուժական հետազոտության ենթարկելու գաղափարը նույնիսկ հեգնանքով շրջանառելիս պետք է գիտակցել, թե ինչ պատմական հիշողություն և մարդու իրավունքների խախտումների ինչպիսի փորձառություն է կանգնած դրա հետևում։
Պատահական չէ, որ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է. «Հոգեբուժական հետազոտման (ներառյալ՝ ախտորոշման) կամ բուժման իրականացումը չի կարող պայմանավորվել հասարակության ընդունած բարոյական կամ մշակութային կամ քաղաքական կամ կրոնական արժեքների հետ անձի անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառներով»։
Նույն հոդվածն արգելում է հոգեբուժական միջամտությունների կիրառումը պատժելու կամ այլ անձանց հետապնդած ոչ բուժական նպատակներով։
Քաղաքական անհամաձայնությունը ախտորոշում չէ։ Սուր կամ անսովոր խոսքը՝ ինքնին հարկադիր հետազոտության հիմք չէ։ Հոգեկան առողջության խնդիր ունենալը՝ ամոթ կամ վիրավորանք չէ։
Եթե քաղաքական գործչի որոշումները, հայտարարությունները կամ վարքագիծը քննադատելի են, քննադատե՛ք դրանք։ Խոսե՛ք որոշումների հետևանքներից, իրավական պատասխանատվությունից, քաղաքական դիրքորոշումներից և կառավարման սխալներից։ Պահանջե՛ք հաշվետվողականություն, ներկայացրե՛ք փաստեր և հակափաստարկներ։
Դրա համար անհրաժեշտ չէ որևէ մեկին հոգեկան առողջության խնդիր վերագրել, բժշկական եզրույթները որպես վիրավորանք օգտագործել կամ ակնարկել հարկադիր բուժման անհրաժեշտությունը։
Երբ հոգեկան առողջությունը դարձնում եք քաղաքական վիրավորանք, ձեր խոսքը չի սահմանափակվում քաղաքական հակառակորդով։ Այն վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, որոնց նկատմամբ խարանն ու խտրականությունն արդեն իսկ իրական խոչընդոտներ են ստեղծում։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ առանձնապես մեծ պատասխանատվություն ունեն առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը, որոնցից ակնկալվում է ոչ թե ուղղակի ու անուղղակի ներգրավվածություն նման խտրական խոսույթում, այլ հոգեկան առողջության վերաբերյալ խարանի դեմ հստակ դիրքորոշում և գործնական քայլեր։
Հետգրություն։ 2025 թվականի մայիսին մեր կազմակերպությունն արդեն իսկ անձնական նամակով դիմել էր պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ բարեկամաբար ներկայացնելով նրա հրապարակային խոսքում հոգեկան առողջության հետ կապված արտահայտությունների խնդիրներն ու մեր կյանքի վրա ազդեցությունը՝ հորդորելով խուսափել նման ձևակերպումներից։
Մենք սկզբունքորեն նախընտրում ենք նման հարցերը քննարկել անմիջական հաղորդակցության միջոցով՝ առանց դրանք հանրային քննադատության առարկա դարձնելու։ Սակայն, հաշվի առնելով, որ պատգամավորի խոսքում նույն խնդիրը կրկնվում է, իսկ այս անգամ դրան միացել է նաև առողջապահության նախարարը, անհրաժեշտ ենք համարում հրապարակային արձագանքը։
Մեր նպատակը որևէ քաղաքական գործչի թիրախավորելը չէ, այլ կանխելը, որ քաղաքական բանավեճի հետևանքով թիրախավորվեն հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդիկ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
