Մենք գրել էինք, որ 2027 թվականի բյուջեի նախագծով մանկավարժահոգեբանական աջակցության ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել 9.6%-ով, իսկ աջակցություն ստացող երեխաների պլանային թիվը՝ 10,500-ից հասցնել 12,000-ի։ Երկու ցուցանիշն էլ վերցված են կառավարության հրապարակած փաստաթղթերից։
Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ուղղության համար նախատեսվում է շուրջ 3.6 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ ոլորտի հասարակական կազմակերպությունները «բավական ուշադիր պիտի լինեին»՝ նկատելու, որ տարիներ շարունակ փաստացի ծախսը պլանից պակաս է եղել։ Նախարարն անդրադարձավ նաև թվայնացմանը և վստահեցրեց, որ բոլոր երեխաները կշարունակեն ծառայություններ ստանալ ամբողջ ծավալով։
Այդ մեկ նախադասությունը հրապարակելուց առաջ մենք ուսումնասիրել էինք վերջին ութ տարվա բյուջետային պլանները, փաստացի ծախսերը, աջակցության ցուցանիշները և ԿԳՄՍՆ-ի առաջարկած ֆինանսավորման փոփոխությունները։ Այժմ ներկայացնում ենք հաշվարկը և այն փաստերը, որոնք պետք է հաշվի առնել կրճատումը հիմնավորելիս կամ հերքելիս։
Տեսանյութը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և այստեղ ներկայացվում է սկզբնական տարբերակով՝ առանց ենթագրերի և ժեստերի լեզվով թարգմանության։
Կառավարության նույն աղյուսակում երկու տարվա գումարներն էլ նշված են
2027-ի բյուջեի բացատրագրի «Ծախսերի համեմատական» 4-րդ աղյուսակում, մանկավարժահոգեբանական աջակցության 1193-11001 միջոցառման տողում, նշված են հետևյալ գումարները։
|
Համեմատության հիմք |
Հատկացում |
|---|---|
|
2026-ի սկզբնապես հաստատված բյուջե |
3,885,609,500 դրամ |
|
2027-ի բյուջեի նախագիծ |
3,512,219,700 դրամ |
|
Նվազում |
373,389,800 դրամ՝ 9.6% |
Նախարարի նշած շուրջ 3.6 մլրդ դրամը «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ամբողջ ծրագրի հատկացումն է։ Այդ ամբողջ ծրագրի ֆինանսավորումն էլ 2026-ի հաստատված բյուջեի համեմատ նախագծով նվազում է 10.2%-ով։ Իսկ մեր հրապարակման մեջ նշված միջոցառման թիրախն ավելանում է 1,500 երեխայով։ Միջոցառման ամբողջ հատկացումը թիրախային երեխաների թվին բաժանելիս պլանային գումարը մեկ երեխայի հաշվով նվազում է 20.9%-ով։ Այդ հաշվարկն ընդգրկում է նաև կարիքի գնահատման, ուսումնական նյութերի և վերապատրաստման ծախսերը։
Թերակատարումը բացատրում է ընտրված ելակետը։ Իսկ ինչո՞ւ գումարը չի ծախսվել
Ըստ ՖՆ տարեկան հաշվետվությունների՝ 2019–2025 թվականներին միջոցառման փաստացի ծախսն ամեն տարի պակաս է եղել ճշտված պլանից։ Ֆինանսական կատարողականը տատանվել է 87.0–99.2% միջակայքում, իսկ 2020–2025-ին աջակցություն ստացած երեխաների թիվն ամեն տարի գերազանցել է թիրախը։ 2027-ին առաջարկվող գումարը դրամ առ դրամ հավասար է 2025-ի փաստացի ծախսին։ Այդ տարի աջակցություն է ստացել 12,644 երեխա՝ 2027-ի թիրախից 644-ով ավելի։ Այս 9.6%-ը ցույց է տալիս, թե որքանով է այդ ընտրությունը նվազեցնում հատկացումը 2026-ի հաստատված բյուջեի համեմատ։
2023-ին հենց ԿԳՄՍՆ-ն է հաստիքների թերի համալրումը կապել պակաս ֆինանսավորման հետ։ Հաշվեքննիչ պալատի՝ 2023-ի ինն ամսվա եզրակացության մեջ ներառված իր գրավոր դիրքորոշմամբ նախարարությունը հայտնել է, որ որոշ տարածքային կենտրոններում հաստիքները շարունակաբար թերի են համալրվել։ Դրա հետևանքով կենտրոններում ազատ մնացորդներ են գոյացել, և նախարարությունը նրանց ֆինանսավորել է այդ մնացորդների չափով պակաս։
2023-ի տարեկան հաշվեքննությամբ Պալատը նաև անհամապատասխանություններ է արձանագրել ֆինանսավորման հաշվարկներում։ Ըստ դրա՝ 17 տարածքային կենտրոնի համար նախարարության հաշվարկում եղել է 1,284.4 դրույք, իսկ կենտրոնների հաստատված նախահաշիվներում՝ 812 դրույք։ 472.4 դրույքը երկու պլանային ցուցանիշների տարբերությունն է։ Պալատը նաև նշել է, որ պայմանագրերի հիմքում ընկած հաշվարկները չստանալը սահմանափակել է հատկացումների հիմնավորվածությունը գնահատելու հնարավորությունը։
2025-ի տարեկան հաշվետվությունը 173.4 մլն դրամի չծախսված մասը կապում է կենտրոնների հաստիքների փաստացի քանակի և մրցույթից առաջացած տնտեսման հետ։ Դեռ պետք է պարզել, թե այդ գումարի որ մասն է կապված չհամալրված հաստիքների հետ։ Եթե գումարը չի ծախսվել անհրաժեշտ հաստիքները չհամալրելու պատճառով, 2027-ի կրճատումը կարող է ամրագրել մասնագետների պակասը։ Այդ դեպքում հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրվում է պակաս մասնագետներով աշխատելու փաստացի ծախսը։
ԿԳՄՍՆ-ի սեփական հաշվարկով կենտրոններին լրացուցիչ ֆինանսավորում է պետք
Տարածքային կենտրոնների ֆինանսավորման կարգը փոխելու իր նախագծում ԿԳՄՍՆ-ն արձանագրել է, որ կենտրոնների ծանրաբեռնվածությունն աճել է, իսկ գործող չափորոշիչներն ու հաստիքային կառուցվածքը լիովին չեն արտացոլում այդ աճը։ Նախարարությունն առաջարկել է նոր կարգը կիրառել 2027-ի հունվարի 1-ից և դրա համար հաշվարկել է 198.5 մլն դրամ լրացուցիչ ծախս։
2026-ի հոկտեմբերի 29-ի N 1571-Ն որոշմամբ կառավարությունն այս նույն միջոցառումից 93.2 մլն դրամ է ուղղել մարզիկների և մարզիչների անվանական թոշակներին։ Այդ որոշման ազդեցությունը հաշվի առնելիս 2027-ի նախագծի հատկացումը 2026-ի սկզբնապես հաստատված և միայն այդ որոշմամբ ճշգրտված գումարից էլ պակաս է 280.2 մլն դրամով՝ 7.4%-ով։
Ինչո՞վ է հիմնավորվում ամբողջ ծավալով աջակցության խոստումը
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածը պահանջում է ապահովել անհրաժեշտ աջակցություն ընդհանուր կրթության համակարգում և տրամադրել արդյունավետ անհատականացված աջակցության միջոցներ։ Այդ պարտավորության կատարումը գնահատելու համար անհրաժեշտ է իմանալ, թե յուրաքանչյուր երեխա իր կարիքին համապատասխան ինչ աջակցություն է ստանում և ինչ ծավալով։
ԿԳՄՍ նախարարությանը խնդրում ենք հրապարակել յուրաքանչյուր կենտրոնի նախատեսված, զբաղեցված և թափուր հաստիքները, 2026-ին փաստացի տրամադրված և 2027-ին նախատեսվող աջակցության ժամերն ու ծառայությունների ծավալը, ինչպես նաև թվայնացումից ակնկալվող տնտեսման հաշվարկը։ Խնդրում ենք նաև նշել, թե բյուջեի որ տողում է արտացոլված նախարարության հաշվարկած լրացուցիչ 198.5 մլն դրամը, եթե այն ներառվել է նախագծում։
Նախարարությունից ակնկալում ենք այն հաշվարկը, որը ցույց կտա, թե այդ գումարով ինչպես է յուրաքանչյուր երեխայի համար ապահովվելու աջակցությունն ամբողջ ծավալով։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
