Արձագանքելով ՄԱԿ-ի՝ մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հրավերին (բացվում է նոր ներդիրում)՝ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու առաջարկները Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային իրավունքների վերաբերյալ։ Դրանք ներկայացրել ենք Մարդու իրավունքների խորհրդի 64-րդ նստաշրջանի համար պատրաստվող թեմատիկ զեկույցում ներառելու նպատակով։
Հիմնվելով Հայաստանում անկախ կյանքի վերաբերյալ մեր 2025 թվականի ուսումնասիրության վրա՝ անդրադարձել ենք, թե խնամակալությունն ինչպես կարող է սահմանափակել մարդկանց ընտրությունը՝ որպես ստեղծագործողներ և մշակութային կյանքի մասնակիցներ։ Երբ դատարանը չափահաս անձին ճանաչում է անգործունակ, նրա անունից պայմանագրեր կարող է կնքել խնամակալը։ Դա ազդում է, օրինակ, արվեստի դասընթացին գրանցվելու, ստեղծագործական պատվեր ընդունելու, ստեղծագործության օգտագործման լիցենզիա տալու կամ փառատոնին կատարումը ձայնագրելու, հեռարձակելու կամ կրկին օգտագործելու թույլտվություն տալու վրա։ Առաջարկել ենք, որ ստեղծագործողներն այդ որոշումները կայացնեն իրենց ընտրած աջակցությամբ, իսկ մշակութային կազմակերպությունները պայմանները ներկայացնեն մատչելի ձևով, յուրաքանչյուր օգտագործման համար առանձին թույլտվություն ստանան և արդար վարձատրություն ապահովեն։
Անդրադարձել ենք նաև հաստատություններում ապրելու հետևանքներին։ Մեր ուսումնասիրության մեջ վկայակոչված նախարարության տվյալներով՝ 2024 թվականին հոգեսոցիալական և (կամ) մտավոր հաշմանդամություն ունեցող 604 անձ ապրել է Հայաստանի սոցիալական պաշտպանության հաստատություններում։ Հատուկ զեկուցողին առաջարկել ենք դիտարկել՝ մարդիկ կարո՞ղ են իրենց ընտրությամբ գնալ գրադարան, միանալ երգչախմբին, մասնակցել ընտանեկան տոնակատարության կամ համացանցում կիսվել իրենց ստեղծագործություններով, այդ թվում՝ հաստատությունից դուրս գալուց հետո։ Հայաստանում անձնական օգնականի ծառայությունը կարող է ներառել ուղեկցում մշակութային միջոցառումների, սակայն ծառայությունից օգտվելու հնարավորությունը շարունակում է կախված լինել աշխատելուց կամ սովորելուց։
Առաջարկել ենք փոխարինող որոշումների կայացման փոխարեն տրամադրել անձի ընտրած աջակցությունը և դադարեցնել հաստատությունում տեղավորումն այլ անձի տված համաձայնության հիման վրա։ Առաջարկել ենք նաև ապահովել անկախ ապրելու համար անհրաժեշտ բնակարանային պայմաններ, ըստ աջակցության կարիքների տրամադրվող անձնական օգնականի ծառայություն, հաղորդակցման աջակցություն և մատչելի տրանսպորտ։ Թանգարանները, արխիվներն ու համայնքային կազմակերպությունները կարող են աջակցել հաստատություններում ապրած մարդկանց նախաձեռնած բանավոր պատմությունների հավաքագրմանն ու ցուցահանդեսներին։ Այդ մարդիկ պետք է իրենք որոշեն՝ մասնակցե՞լ, ինչպես նշել իրենց անունը կամ ներդրումը և ինչ նյութ կարելի է ձայնագրել, տեսագրել, հրապարակել կամ կրկին օգտագործել։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
