Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մեր դիտարկումները ներկայացրել ենք ֆունկցիոնալության գնահատման բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը

Ազգային ժողովի աշխատանքային քննարկման մասնակիցը խոսում է խոսափողով, մյուս մասնակիցները լսում են։

2026 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացրել ենք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Քննարկմանը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից մասնակցել են Մուշեղ Հովսեփյանը և Սյուզաննա Գրիգորյանը։ Կազմակերպության անունից զեկույցով հանդես է եկել Մուշեղ Հովսեփյանը։

Մեր կազմակերպությունը մշտադիտարկում է ֆունկցիոնալության գնահատման նիստերը։ Դիտարկումների և մեր աշխատանքի ընթացքում հավաքագրված խնդիրների ցանկը ներկայացրել ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝ համակարգի և ծառայությունների անհատական ծրագրերի բարեփոխումների քննարկմանը նպաստելու համար։

Աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Մասնակցել են հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ֆունկցիոնալության գնահատման համակարգի պատասխանատուներ, նախարարության, շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման առանցքում էին գնահատման ժամկետները, ծառայությունների կազմակերպումը, իրազեկման պարզեցումը, ծառայությունների անհատական ծրագրերի մշակումը և օրենսդրական լուծումներ պահանջող հարցերը։ Զարուհի Բաթոյանը կարևորել է խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծման առաջարկների ներկայացումը։ Քննարկմանը մասնակցող պատգամավորները հայտնել են, որ իրենց իրավասությունների շրջանակում հետևողական կլինեն բարձրացված խնդիրների լուծմանը։

Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով։ Դրան նախորդել է բժշկասոցիալական փորձաքննության համակարգը։

Ազգային ժողովում աշխատանքային քննարկման մասնակիցները նստած են երկար սեղանի շուրջ։

Մեր ներկայացրած խնդիրների ամբողջական ցանկը հրապարակված է առանձին նյութում։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։