Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Ի՞նչ ենք ակնկալում նոր Ազգային ժողովից

Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

Նոր խորհրդարանի աշխատանքից մենք ունենք հստակ ակնկալիքներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իմաստալից մասնակցությունից մինչև մատչելիության վերահսկողություն և հենց խորհրդարանի մատչելիություն։

Ոչինչ առանց մեզ

Բոլոր օրենքները պետք է մշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց և մեզ ներկայացնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությամբ։

Իրական պաշտպանություն խտրականությունից

Պետք է ընդունել հակախտրականության մասին արդյունավետ օրենք, որը գործնականում կպաշտպանի մարդկանց խտրականությունից, այդ թվում՝ հաշմանդամության հիմքով։

Ոչ միայն սոցիալական պաշտպանության մասին

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը պետք է լինեն բոլոր հանձնաժողովների օրակարգերում։
Այն պետք է տեսանելի լինի կրթության, առողջապահության, արդարադատության, աշխատանքի, մշակույթի, սպորտի և մյուս բոլոր քաղաքականություններում։

Ստեղծել մատչելիության վերահսկողության մարմին

Պետք է ստեղծել անկախ մարմին, որը կվերահսկի ֆիզիկական, տրանսպորտային, թվային և տեղեկատվական մատչելիության պահանջների կատարումը, կարձագանքի խախտումներին և կունենա իրական ներգործության մեխանիզմներ։

Օրենսդրության ազդեցության գնահատում

Օրենքների ընդունումից առաջ պետք է գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հավասար մասնակցության վրա։

Վերահսկել կառավարությանը

Պատգամավորի գործը միայն օրենք ընդունելը չէ։ Ակնկալում ենք, որ Ազգային ժողովը կառավարությունից հետևողականորեն կպահանջի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի լիարժեք իրականացումը։

Մատչելի խորհրդարան

Ազգային ժողովն ինքն էլ պետք է օրինակ ծառայի։ Շենքը, կայքը, նիստերը, ուղիղ հեռարձակումները, փաստաթղթերն ու խորհրդարանական լսումները պետք է մատչելի լինեն։ Պետք է մատչելի դառնա նաև Ազգային ժողովի ամբիոնը։

Ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով

Ազգային ժողովը պետք է ունենա մշտապես գործող էթիկայի հանձնաժողով՝ պատգամավորների էթիկական վարքագծի, այդ թվում՝ խտրական և արժանապատվությունը նվաստացնող խոսքի ու վարքի դեպքերին արձագանքելու համար։

Մեր մասին լսել հենց մեզնից

Հաշմանդամության մասին խոսելիս կարևոր է օգտագործել հարգալից և իրավունքահենք լեզու, իսկ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները հասկանալու համար՝ առաջին հերթին լսել հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություններին։

Մենք պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքը ներդնել, աշխատել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և աջակցել իրավունքահենք ու ներառական լուծումների մշակմանը։

Միաժամանակ շարունակելու ենք հետևել խորհրդարանի աշխատանքին, բարձրաձայնել խնդիրները և պահանջել հաշվետվողականություն։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։