Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը»։
Ցավոք, պետք է արձանագրենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ներկայացրած 12 առաջարկները չեն ընդունվել կամ ընդունվել են միայն «ի գիտություն»՝ առանց նախագծում բովանդակային փոփոխություններ կատարելու։
Մենք առաջարկել էինք.
Ծրագրում ներառել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն կառավարությունը որոշեց սահմանափակվել միայն 1-ին և 2-րդ խմբերով։
Նախատեսել աշխատատեղի հարմարեցման բաղադրիչ, ինչը ծրագրից օգտվելու նախապայման է շատերի համար, սակայն այս առաջարկը ևս չընդունվեց։
Ներդնել մասնագիտական վերապատրաստման և ուղղորդման ճկուն մեխանիզմներ, որոնք նույնպես դուրս մնացին ծրագրից։
Ի՞նչ է նախատեսում ընդունված ծրագիրը
Պետությունը գործատուին կփոխհատուցի աշխատողի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկը.
1. Առաջին 3 ամսվա համար՝ 50%-ի չափով (առավելագույնը ամսական 25,000 դրամ)։
2. 4-րդից 6-րդ ամիսների համար՝ 100%-ի չափով (առավելագույնը ամսական 50,000 դրամ)։
3. Եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն ևս 1 տարի՝ գործատուն կստանա 100,000 դրամ միանվագ աջակցություն։
Ովքե՞ր կարող են դառնալ շահառու
1. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։
2. 63-ից բարձր տարիք ունեցող անձինք։
Պարտադիր պայման՝ վերջին 3 ամսում չունենալ վարձու աշխատանք և վերջին 1 տարում աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվել տվյալ գործատուի հետ։
Ինչպե՞ս դիմել
Ծրագիրը մեկնարկելու է 2027 թվականի հունվարի 1-ից։ Շահառուները և գործատուները պետք է գրանցվեն e-work.am հարթակում։
Չնայած մեր առաջարկների մերժմանը, մենք շարունակելու ենք հետևողական լինել, որպեսզի զբաղվածության ծրագրերը չկրեն ձևական բնույթ և իրապես ծառայեն հաշմանդամություն ունեցող անձանց։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
