Պետությունները կատարու՞մ են տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու անվտանգության իրենց պարտավորությունները։
Հունիսի 10-ին Նյու Յորքում՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի շրջանակում, քննարկվեցին հաշմանդամություն ունեցող փախստականների իրավունքների հիմնահարցերը։
Քննարկմանը Մուշեղ Հովսեփյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով զինված հակամարտությունների, զանգվածային տեղահանությունների և մարդասիրական ճգնաժամերի պայմաններում հաշմանդամություն ունեցող փախստականների և տեղահանված անձանց առջև ծառացած հիմնական մարտահրավերները։
Ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել՝
— տեղահանության ընթացքում իրավական ինքնության և հաշմանդամության կարգավիճակի ճանաչման խնդիրներին,
— մարդասիրական օգնության թվայնացման արդյունքում առաջացող նոր խոչընդոտներին,
— համայնքային ծառայությունների և մատչելի բնակարանների պակասի հետևանքով ինստիտուցիոնալացման ռիսկերին,
— փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Քենիայի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից և համակազմակերպվել Հայաստանի և Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչությունների, Փախստականների միջազգային աջակցության ծրագրի (International Refugee Assistance Project), Հաշմանդամություն ունեցող փախստականների գլոբալ ցանցի (GNRD), Քենիայի հաշմանդամություն ունեցող անձանց միացյալ կազմակերպության և Հաշմանդամության եվրոպական ֆորումի կողմից։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
