Վճռաբեկ դատարանը մերժել է ֆունկցիոնալության գնահատման բանաձևի գործով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի բողոքը քննության առնելը։
Նախորդ տարի Վերաքննիչ դատարանը կարճել էր գործի վարույթը՝ պատճառաբանելով, թե մեր կազմակերպությունն իրավասու չէր վիճարկել ֆունկցիոնալության գնահատման (հաշմանդամության սահմանման) բանաձևը, քանի որ այն վերաբերում է դեռևս հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց։
Դատարանն այս կերպ սահմանափակել էր խտրականությունից պաշտպանվելու իրավունքը՝ դուրս թողնելով այն անձանց, որոնք դեռևս չունեն «հաշմանդամություն ունեցող անձի» կարգավիճակ։ Մեր գնահատմամբ՝ այս մոտեցումը խաթարում է հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքի բուն էությունը։
Վճռաբեկ դատարանը օրեր առաջ մերժել է բողոքը՝ պատճառաբանելով, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն առերևույթ մարդու իրավունքների հիմնարար խախտում կամ արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ արձանագրելու համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Այս փուլում մենք սպառել ենք ներպետական դատական ատյաններում առկա իրավական պաշտպանության միջոցները։
Մենք շարունակելու ենք գործընթացը միջազգային իրավական հարթակներում։ Ցավոք, սա նշանակում է, որ արդարադատության հասնելու գործընթացը կտևի շատ ավելի երկար, սակայն դա որևէ կերպ չի նվազեցնում մեր վճռականությունը։
Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը, որպեսզի հաշմանդամության սահմանման համակարգը դառնա արդար, զերծ խտրականությունից և հիմնված մարդու իրավունքների վրա։ Մեր հետագա անելիքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
