Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման անցման վերաբերյալ մեր մտահոգությունները

Մտահոգությամբ արձանագրում ենք ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշումը, որով 2026 թ. ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումը նախատեսվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։

Թեև սոցիալական համակարգի թվայնացումը սկզբունքորեն ողջունելի է, սակայն մի շարք էական հարցեր այսօր խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։

Չնայած որոշմամբ նախատեսվում է որոշակի խմբերի համար բանկային քարտերի առաքում տուն, սակայն խնդիրները չեն ավարտվում քարտը ստանալով։ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բանկոմատների կամ անկանխիկ վճարման կետերի բացակայությունը կամ անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց դնում է երրորդ անձանցից ուղղակի կախվածության մեջ։

Տեղաշարժման, տեսողության, լսողության, մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային համակարգից օգտվելը հաճախ ուղեկցվում է լրացուցիչ դժվարություններով, որոնք հաշվի չեն առնվել։

Հատկապես միայնակ ապրող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար անկանխիկի պարտադիր անցումը կարող է առաջացնել ֆինանսական կախվածություն այլ անձանցից և մեծացնել նրանց թիրախավորումը զեղծարարների կողմից։ Սա հատկապես վտանգավոր է այն պարագայում, երբ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում տարբեր խմբերի համար ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ։

Այս որոշումները շարունակում են ընդունվել առանց լայն հանրային քննարկումների և առանց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ խորհրդակցելու։ Հիշեցնենք, որ այս հարցով դեռևս նախորդ տարեվերջին դիմել էինք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով կայացնել իրավունքների խախտման մասին որոշում։

Բարեփոխումը չպետք է իրականացվի ի հաշիվ մարդու հիմնարար իրավունքների։ Պետությունը պետք է երաշխավորի, որ ոչ մի շահառու չի զրկվի իր գոյության միջոցից կամ չի ընկնի կախվածության մեջ այլ անձանցից՝ տեխնիկական կամ ենթակառուցվածքային անմատչելիության պատճառով։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։