Մատչելիության հարցում ժամանակը մեր օգտին չէ։ Յուրաքանչյուր կորսված օր խորացնում է մեկուսացումն ու անհավասարությունը։
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ համաժողով էր հրավիրել։ Պաշտպանը ներկայացրեց նաև նոր արտահերթ զեկույցը մատչելիության վերաբերյալ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից համաժողովին մասնակցում էր Մուշեղ Հովսեփյանը։
Առաջին պանելային քննարկման խոսնակները ոլորտի պատասխանատուներն էին։ Մուշեղ Հովսեփյանը նրանց է ուղղել երկու հարց՝
1. ի՞նչ է արվում, որպեսզի տեսչական մարմինը կարողանա ստուգումներ անցկացնել նաև շենքերի շահագործումից հետո, և
2. ինչո՞ւ ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ չհատկացրեց 2026 թվականին կարևոր 29 շենքերի (ներառյալ մետրոպոլիտենի կայարանները) մատչելիության ապահովման համար։
Երկրորդ պանելային քննարկման խոսնակները հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններն էին։
Որպես խոսնակ Մուշեղ Հովսեփյանը խոսել է հետևյալ խնդիրների մասին՝
— Պաշտոնյաներին քիչ է հետաքրքրում հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը, ինչի վկայությունն էր նրանցից շատերի բացակայությունը կամ հեռանալը իրենց ելույթներից հետո։
— Իրավական ակտեր մշակելիս պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իմաստալից և ոչ թե ձևական մասնակցություն։
— Կա մատչելիության վերահսկողության առանձին և անկախ մարմնի ստեղծման հրատապ պահանջ։
— Անհրաժեշտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմապատկի իր ջանքերն ու մեծացնի որոշում կայացնողների նկատմամբ ճնշումը։
Մատչելիության ապահովումը չի կարող հետաձգվել։ Ժամանակն անցնում է, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող անվերջ սպասել իրենց տրված միակ կյանքն ապրելուն։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
