«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներկայացրել է իր դիտարկումները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ։
Գրասենյակը Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում կներկայացնի հաշմանդամության առումով ներառական ենթակառուցվածքների մասին թեմատիկ զեկույցը։ Մեր դիտարկումները կներառվեն այդ զեկույցում։
Մեր ներկայացրած փաստաթղթի առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանի իրավունքն է։
Ահա մի քանի փաստ փաստաթղթից՝
— Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ մնում են հոգեկան առողջության կենտրոններում ոչ թե բուժման, այլ բնակարանի բացակայության պատճառով։
— 1988-ի երկրաշարժից հետո դեռ կան ընտանիքներ, որոնք ապրում են «դոմիկներում», որտեղ առկա են առողջության և անվտանգության լուրջ ռիսկեր։
— 2023-ին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից շատերը հայտնվել են գերբնակեցված, թանկ և ոչ անվտանգ պայմաններում։
— 2023 թ․ տվյալներով՝ 19,319 բազմաբնակարան շենքերից միայն 3,227-ն ունի վերելակ, ինչն անհնար է դարձնում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց տեղաշարժը։
— Անօթևանների համար Հայաստանում գործում է միայն մեկ կացարան, որը մատչելի չէ և չի սպասարկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։
Փաստաթուղթը հասանելի է անգլերեն։
Հույս ունենք, որ այս զեկույցը կօգնի հրավիրելու կառավարության և միջազգային դերակատարների ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանի իրավունքի վրա։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Այս հրապարկման և փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
