Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ձգտումը նշանակալի քայլ է։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հավատացած է, որ առանց խաղաղության հնարավոր չէ ապահովել կայուն զարգացում մեր հասարակությունների համար։ Մենք համոզված ենք նաև, որ արդարությունը խաղաղության հիմնարար պայման է։
Անցյալի և ներկայի անարդարություններն ընդունելն այդուհանդերձ պահանջում է կամք, համարձակություն և համբերատարություն։ Անտեսելով բռնություններն ու պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, հարատև խաղաղություն հնարավոր չէ։
Ճշմարտության բացահայտումը, հիշատակի պահպանումը և բարձր պատասխանատվության ձգտումը կարևոր են վստահություն կառուցելու և խաղաղ զարգացման համար։ Անցյալի գիտակցումը, հավասար դիրքից երկխոսությունն ու ամոքմանն ուղղված քայլերն են, որ օգնում են հասարակություններին առաջ շարժվելու։
Կասկածամտությունն ու զգուշավորությունը բնական են, հատկապես երբ անցյալի փորձը լի է չլուծված խնդիրներով։ Հենց այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է ազնիվ լինեն իրենց որոշումների հարցում և դրանք կայացնեն առավելագույնս հաշվետու ու թափանցիկ կերպով։
Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես նրանք, որոնք ուղղակիորեն կրել են պատերազմի հետևանքները, պետք է ունենան իմաստալից մասնակցություն որոշումների կայացման գործընթացներում։
Այս առումով անհերքելի է հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրավունքների վերականգնման, գերիների և բոլոր պահվող անձանց անվտանգ վերադարձի և սոցիալական ներառման ապահովման հրամայականը։
Անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է վերարտադրել ուժի և կախվածության անհավասար հարաբերությունները։ Համագործակցության, զարգացման կամ անվտանգության քողի ներքո երբեմն թաքնված են այնպիսի գործելակերպեր, որոնք շարունակում են վերարտադրել գաղութատիրական օրինաչափություններն ու անհավասարությունը։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն՝ մենք վերահաստատում ենք մեր ջանքերը՝
— Պայքարելու, որպեսզի իրավունքի գերակայության սկզբունքը լինի խաղաղության, արդարադատության և բոլոր գործընթացների առանցքում,
— Պահանջելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց կենսափորձն ու տեսակետները հաշվի առնվեն բոլոր գործընթացներում,
— Մշտապես հիշեցնելու, որ պետք է ունենալ մատչելի արդարադատություն և հատուցման մեխանիզմներ բոլոր տուժածների համար,
— Ջատագովելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2475 (2019) բանաձևի լիարժեք իրականացումը, որը երաշխավորում է ներառական և արդար խաղաղության գործընթացը հաշմանդամության տեսանկյունից։
Անվտանգության խորհրդի բանաձևը կարող եք կարդալ ստորև՝ Կից փաստաթուղթը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
