«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ փաստաբան Նաիրա Հակոբյանը ստանձնել է Խուդայանների ընտանիքի իրավունքների պաշտպանությունը։
Ժամեր առաջ ընտանիքը վտարվեց տնից, մինչդեռ նախորդ շաբաթ դիմում էր ներկայացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանություն՝ խնդրելով ձեռնպահ մնալ վտարման գործընթացից։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ սահմանում է, որ նման դիմումի մուտքագրումից հետո վարչական վարույթը համարվում է հարուցված, և համապատասխան գործողությունները, այդ թվում՝ վտարումը, պետք է կասեցվեն մինչև բողոքի քննարկման ավարտը։
Սակայն Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հրաժարվել են կասեցնել գործընթացը՝ պատճառաբանելով, թե որևէ գրավոր ցուցում չեն ստացել (ինչը պարտադիր չէ օրենքի առումով)։ Իսկ մեր տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Ոստիկանության համապատասխան աշխատողը, որին հասցեագրվել է դիմումը, տվյալ օրը աշխատանքի չի ներկայացել։
Հորդորում ենք Ոստիկանությանը և բոլոր առնչվող պետական մարմիններին՝
— Անմիջապես դադարեցնել իրավական գործընթացների ոտնահարումը և զերծ մնալ գործողություններից մինչև բողոքի իրավական ընթացքի ավարտը,
— Հարգանքով վերաբերվել քաղաքացիների՝ օրենքով երաշխավորված իրավունքի իրացման փորձերին,
— Ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վտարվում են անձինք, ովքեր ունեն տեսողության խնդիրներ, ուստի ամբողջ վարչարարությունը պետք է իրականացնել ընտանիքի անդամներին մատչելի ձևաչափերով,
— Հիշել, որ պետական համակարգի ներքին կազմակերպչական բացերը չեն կարող արդարացում հանդիսանալ օրենքի շրջանցման համար։
Մենք կոչ ենք անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ ուսումնասիրել ոստիկանության աշխատակիցների վարքագիծը և վերացնել առաջացած իրավական խախտումները՝ ապահովելով Խուդայանների ընտանիքի իրավունքների պաշտպանությունը։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
