«Խնամքի հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության բոլոր հաղորդումները պետք է անհապաղ և արդյունավետորեն քննվեն, և անհրաժեշտ դեպքերում իրականացվի քրեական հետապնդում»։
ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։
Նախորդ ամիսներին մենք ակտիվորեն աշխատել ենք կոմիտեի անդամների ուշադրությունը հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների իրավունքների խախտումների վրա հրավիրելու ուղղությամբ։
Այսօր հրապարակված փաստաթղթում Կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել խնամքի հաստատություններում երեխաների նկատմամբ և նրանց միջև բռնության մասին հաղորդումների վերաբերյալ, այդ թվում՝ սեռական բռնությունը, ինքնավնասումը և դաստիարակչական պատժիչ մեթոդների կիրառումը։
Կոմիտեն հանձնարարել է Հայաստանին՝
1. Կրկնապատկել ջանքերը՝ սոցիալական խնամքի հաստատություններում երեխաների նկատմամբ և նրանց միջև բռնությունը վերացնելու համար.
2. Նվազեցնել ինքնավնասման դեպքերը, այդ թվում՝ ստեղծելով դրանց մասին հաղորդելու մեխանիզմներ.
3. Ստեղծել երեխաների համար բողոքելու մեխանիզմներ և ապահովել, որ նրանք տեղեկացված լինեն դրանց օգտագործման վերաբերյալ.
4. Անհրաժեշտության դեպքում խնամքի հաստատությունների աշխատողներին շարունակաբար վերապատրաստել՝ բռնությունը, ինքնավնասումը և ինքնասպանության փորձերը բացահայտելու և կանխելու վերաբերյալ։
⏳ Ավելին, Կոմիտեն խնդրել է, որ մինչև հաջորդ զեկույցը ներկայացնելը՝ 2026 թվականին, Հայաստանը կոմիտեին տեղեկացնի մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ հանձնարարականների կատարման վերաբերյալ։
Եզրափակիչ դիտարկումների ամբողջական տարբերակը անգլերենով հասանելի է կոմիտեի էջում — Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
