Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն փակ խորհրդակցություն անցկացրեց հայաստանյան հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի անունից ելույթ ունեցավ Մուշեղ Հովսեփյանը, ով իր նախնական խոսքում ընդգծեց 5 հիմնական հիմնախնդիր՝
1. Հաշմանդամության սահմանման նոր համակարգի ոչ թափանցիկությունը և դրանում առկա բացերը.
2. Որոշումների կայացումն առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության.
3. Բռնությունները խնամքի հաստատություններում, որոնք մնում են անպատիժ.
4. Տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, ներառյալ՝ բնակապահովման խնդիրները և պետական աջակցության կրճատումը.
5. Մատչելիության նկատմամբ վերահսկողության բացակայությունը։
Կոմիտեի անդամներն ուղղեցին ավելի քան 30 հարց, որոնց պատասխանելիս անդրադարձ կատարվեց նաև հոգեբուժական օգնության խնդիրներին, աղետների ռիսկերի կառավարմանը, աղքատությանը, զբաղվածությանը, մարդկանց թրաֆիքինգին, անձնական տվյալների պաշտպանությանը և այլ առանցքային թեմաների։
Կոմիտեն, ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարությանն ուղղված հիմնախնդիրների ցանկը կհրապարակի արդեն այս շաբաթ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
