Ազգային ժողովն այս և առաջիկա շաբաթներին քննարկելու է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Դա մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, թե 2025 թվականին ինչպես է կառավարությունը գումարները հավաքելու և ծախսելու մեր բոլորի կարիքները բավարարելու համար։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մենք ներկայացրել ենք առաջարկներ։
Անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ նախատեսել մետրոյի 10 և երկաթուղային 3 կայարանների, ինչպես նաև պետական մարմինների 14 շենքերի մատչելիության ապահովման համար։ Այդ խոստումն ամրագրվել էր 2022 թվականին։ Իսկ շինարարական աշխատանքները պետք է սկսված լինեին դեռևս այս տարեսկզբից։
Մենք առաջարկել ենք գումարները չուղղել խնամքի հաստատությունների, այդ թվում՝ մանկատների շենքերի վերակառուցմանը կամ հիմնանորոգմանը։ Փոխարենն անհրաժեշտ է այդ գումարներն ծախսել այնպես, որպեսզի բոլոր երեխաներն ապրեն ընտանիքում, իսկ ընտանիքները ստանան անհրաժեշտ ծառայություններ և ստիպված չլինեն բաժանվել իրենց երեխաներից։ Դա է պահանջում նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։
Մեզ մտահոգել է, որ 2025 թվականի բյուջեն չի արտացոլում այն խոստումները, որոնք ամրագրված են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում։ Այդ փաստաթղթում բազմաթիվ գործողություններ կան, որոնք պետք է իրականացվեն 2025-ին, բայց որոնց համար ֆինանսավորում չի հատկացվի։
Մյուս մտահոգությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է Մեծամորում կառուցել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոն։ Շենքի կառուցման համար նախատեսվել է 867 միլիոն դրամ։ Մենք կարծում ենք, որ անկախ կյանքի ծառայություններ ներդնելը չպետք է սկսել շենքերից։ Իսկ սուղ ֆինանսական միջոցների պայմաններում էլ այդ շենքերը պետք է կառուցել այնտեղ, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան օգտվել։
Եթե ունեք առաջարկներ և դիտարկումներ, թե ՀՀ կառավարությունը որ ուղություններով պետք է ծախսի միջոցները, գրեք մեկնաբանություններում։ Մենք կարող ենք աջակցել Ձեզ առաջարկները ձևակերպելու հարցում, որից հետո դրանք կարող եք անձամբ ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
