ԱՄՆ պետդեպարտամենտն օրեր առաջ հրապարակեց Մարդու իրավունքների պրակտիկաների վերաբերյալ 2023 թ. զեկույցը՝ ընդգծելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ։ Զեկույցում տեղ են գտել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ մշտադիտարկումների արդյունքները։
Զեկույցում առանձին անդրադարձ է կատարվել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խոշտանգման դեպքին և Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում դիտորդական խմբի արձանագրած ֆիզիկական և սեռական բռնության վերաբերյալ հաղորդումներին։
Հիմնական նկատառումներ զեկույցից՝
Թեև օրենքը պահանջում է, որ նոր կառուցված և հիմնանորոգված շենքերը, ներառյալ դպրոցները, մատչելի պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, շատ քչերն են մատչելի:
Կառավարությունը կանոնավոր և թափանցիկ երկխոսություն չի վարում ՀԿ-ների հետ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ և էական որոշումներ է կայացրել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ՝ առանց նրանց կամ նրանց ներկայացնող կազմակերպությունների իմաստալից ներդրման։ Օրենսդրության շուրջ հանրային քննարկումները սահմանափակվում են նախագծերի առցանց հրապարակմամբ, որն անարդյունավետ է, մատչելի չէ և թույլ չի տալիս բովանդակալից ներգրավվածություն ունենալու մշակման գործընթացում: Պետական տարբեր կայքեր, այդ թվում՝ հաշմանդամությանն առնչվող կայքերը, չեն համապատասխանել մատչելիության պահանջներին:
Լսողության և տեսողության խնդիրներ ունեցող երեխաները կրթություն են ստանում առանձին հաստատություններում, իսկ հանրակրթական դպրոցներում բացակայել են բրայլյան դասագրքերը, անհրաժեշտ այլ տեխնիկական սարքավորումները և համապատասխան մասնագետները: Մասնագիտական կրթությունն անմատչելի է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։
Կառավարության ապաինստիտուցիոնալացման ջանքերը համակարգային չեն եղել և չեն հանգեցրել ինստիտուցիոնալացված անձանց թվի զգալի կրճատմանը, իսկ համայնքային աջակցության ծառայությունները համարժեք չեն: Հաստատությունների կոսմետիկ վերանորոգումները շեղում են ռեսուրսները համայնքահեն ծառայություններից և նպաստում են ինստիտուցիոնալացմանը։
Զեկույցը նաև անդրադառնում է ընտրությունների անմատչելիությանը, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խոչընդոտներին, ոչ հոժարակամ բուժման հիմնախնդրին։
Զեկույցի ամբողջական տարբերակը՝ Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
