Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Դիրքորոշում՝ Վանաձորի ավագանու նիստում դրսևորված անհանդուրժող վարքագծի վերաբերյալ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ դրսևորած իր պաշտոնին անվայել վարքագծի կապակցությամբ։

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ տիկին Հարությունյանի խոսքից հետո Ա. Փելեշյանը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Նա նաև նիստի ընթացքում դրսևորել է անհանդուրժող, հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը չխթանող վարքագիծ։

Մենք համերաշխություն ենք հայտնում նիստին մասնակցած «Հայաստանի Խուլերի Միավորում» և «Ուղղակի ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արկադի Փելեշյանի վարքը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է նիստին իրենց դիտարկումները ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ, այլև ակնհայտ անարգանք է այն արժեքների հանդեպ, որոնք մենք պաշտպանում ենք:

Մենք միացել ենք մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը, որով պահանջում ենք անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել։

Նման վարքագիծը չպետք է հանդուրժվի, և պետք է ապահովել, որ իշխանություն ունեցողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար:

Հանրային իշխանության բոլոր մարմինները պետք է գիտակցեն, որ պարտավոր են մատչելի և բարենպաստ միջավայր ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց քաղաքական և քաղաքացիական իրավունքներն իրացնելու համար։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։