2021 թվականից հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններն ունեն իրենց շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնելու իրավունք։ Այսօր մենք փորձարկում ենք այդ իրավունքը՝ բեկումնային նախադեպ ստեղծելու համար:
Օրեր առաջ մենք դիմել ենք վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։ Նախարարությունը 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամությունը սահմանում է նոր գործիքակազմով։ Մասնագետները գնահատում են անձի ֆունկցիոնալությունը, մուտքագրում տվյալները, իսկ վերջնական որոշումը ինքնաշխատ կերպով կայացնում է e-disability էլեկտրոնային համակարգը։ Սակայն թե ինչ բանաձևով է կատարվում հաշվարկը, նախարարությունը չի հրապարակում։ Ավելին՝ այդ բանաձևը սահմանված չէ որևէ իրավական ակտով։
Արդյունքում ֆունկցիոնալության գնահատման գործընթացով անցնող հազարավոր մարդկանց վերաբերյալ կայացվում են որոշումներ, սակայն մարդիկ հնարավորություն չունեն ստանալու իրենց վերաբերյալ կայացված որոշումների հիմնավորումները։ Այս կերպ պետությունը խախտում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ օրենքի առաջ հավասար պաշտպանության իրավունքը։
Մենք դատարանին խնդրել ենք ոչ իրավաչափ ճանաչել նախարարության կողմից այդ բանաձևը ստեղծելու, e-disability համակարգում տեղադրելու և կիրառելու գործողությունները։
Հաշվի առնելով գործի եզակի և մեծամասշտաբ լինելը՝ մենք ակնկալում ենք լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային գործընկերների ուշադրությունը։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
