Հաշմանդամություն ունեցող երևանցիների շարունակաբար ավելացող հիմնախնդիրները քննարկել ենք Երևանի քաղաքապետի տեղակալների հետ։
Մեր առաջարկությամբ հանդիպման օրակարգում ներառվել էր երեք հարց։ Մուշեղ Հովսեփյանը ներկայացրել է այդ հարցերի վերաբերյալ մեր մտահոգությունները և առաջարկները։
Առաջինը հաշմանդամություն ունեցող երևանցիների բնակարանի իրավունքի հարցն էր։ Մեր առաջարկն էր չսպասել կառավարության դեռևս անտեսանելի ջանքերին և նախաձեռնողական լինել սոցիալական բնակարանաշինության հարցում։ Որպես հրատապ խնդիր կարևորեցինք նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անօթևանության հարցը և համայնքահեն ծառայությունների բացակայությունը։
Երկրորդ հարցը սոցիալական տաքսի ծառայության ձևավորումն էր։ Հանրային տրանսպորտի մատչելիության ապահովմանը զուգահեռ հարկ է ապահովել նաև, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան առանց հավելյալ վճարների (մատչելի տաքսիներն մի քանի անգամ ավելի թանկ են) օգտվեն տաքսի ծառայություններից։ Այդ նպատակով մեր առաջարկն էր ձեռք բերել սայլակ օգտագործող անձանց համար մատչելի մեքենաներ, դրանք մրցութային կարգով կառավարման հանձնել որևէ հասարակական կազմակերպության։ Իսկ ծառայությունից գոյացած եկամուտները ուղղել հաշմանդամություն ունեցող այլ անձանց տրանսպորտային խնդիրների լուծմանը, այդ թվում՝ որոշ խմբերի անվճար երթևեկությանը։
Եվ վերջին հարցը վերաբերում էր համընդհանուր դիզայնի սկզբունքների ինտեգրմանը քաղաքի կառավարման բոլոր գործընթացներում։ Համընդհանուր դիզայնի համաձայն՝ ցանկացած ապրանք, միջավայր, ծրագիր ու ծառայություն պետք է մատչելի լինի հասարակության հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Օրինակ՝ իրավական ակտ մշակելիս հաշվի առնել, որ այն պետք է հեշտ լինի հասկանալու և կիրառելու տեսանկյունից՝ անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման կարողությունից։
Առաջիկայում մատչելի տաքսի ծառայության ձևավորման վերաբերյալ մեր առաջարկը կուղարկվի Երևանի քաղաքապետարան։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
