Նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն Մարդու իրավունքների 12-րդ երկխոսությունը։
Երկխոսությանն ընդառաջ Հաշմանդամության եվրոպական ֆորումը (European Disability Forum) և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն համատեղ գրավոր և բանավոր հայտարարություններ էին ներկայացրել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Համատեղ հայտարարությամբ մենք ողջունել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պաշտպանում է մարդկանց հաշմանդամության հիմքով խտրականությունից։ Սակայն մտահոգիչ է, որ արդեն իսկ արձանագրվել են օրենքի խախտման մի շարք դեպքեր։ Մենք ներկայացրել ենք նաև սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգության և պաշտպանության հարցերը, տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակը։
Մենք կոչ ենք արել Եվրոպական միությանը օգտագործելու իր ազդեցությունը, որպեսզի ՀՀ կառավարությունը առաջիկա ամիսներին՝
ընդունի և հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների մասնակցությամբ իրականացնի Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թվականների համալիր ծրագիրը՝ հատկացնելով բավարար բյուջե, իսկ գործողությունները չկատարելու դեպքում սահմանի արդյունավետ պատժամիջոցներ,
համակարգված կերպով գրանցի հաշմանդամություն ունեցող տեղահանվածներին և ապահովի նրանց համապատասխան կենսամակարդակով։
Երկարաժամկետ առումով մենք կարևոր ենք համարել՝
հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ մատչելիության մշտադիտարկման մեխանիզմի ստեղծումը,
ապաինստիտուցիոնալացման ծրագրի մշակումը և իրականացումը, համայնքահեն ծառայությունների համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ տրամադրումը, ներառյալ երաշխավորելով, որ ոչ մի հաստատություն չի հիմնանորոգվի, բացառությամբ բնակիչների ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ ամենահրատապ միջոցների,
միջազգային համագործակցության բոլոր ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության աճի ապահովումը՝ համաձայն Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 3-րդ մասի:
Մարդու իրավունքների երկխոսությունը Եվրոպական միության՝ մարդու իրավունքների արտաքին քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է։ Մարդու իրավունքների երկխոսությունն օգնում է բացահայտելու երկրի կարիքները և այն, թե ինչպես ԵՄ-ն լավագույնս կարող է աջակցել առաջընթացին:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
