Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Ժողովրդավարության հայկական ֆորումում բարձրաձայնել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խնդիրները

Կարո՞ղ է լինել կայուն ժողովրդավարություն առանց հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների ապահովման:

Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը: Վերջինս բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության և խտրականության չենթարկվելու իրավունքների մասին:

Նրա հարց-դիտարկմանն արձագանքել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Ք. Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Ա. Վիկտորինը: Նրանց պատասխանները կարող եք գտնել այստեղ — Առնչվող նյութը

[Տեսանյութի նկարագրություն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար] Տեսանյութի առաջին վայրկյաններին երևում են պանելային քննարկման մասնակիցները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպանը։ Մնացած րոպեներին պատկերում երիտասարդ տղամարդ է, ով կրում է դասական կոստյում և փողկապ։ Նրա ձեռքերում խոսափող է։

[Ձայնային տեղեկության տեքստային տարբերակը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար]
Թարգմանիչ — Մեկ այլ հարց ունենք։
Մուշեղ Հովսեփյան — «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպություն։
Ժողովրդավարության և մարդու իրավունքների փաստացի իրավիճակը հաճախ գնահատվում է բացառելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի գնահատումը, և դա հնարավորություն է տալիս արձանագրել թռիչքային աճ այդ ոլորտում։ Բայց երբ գնահատվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքները, տեսնում ենք, որ փոփոխություններ կամ չկան, կամ շատ չնչին են։ Որոշ տեղեկություններ ասեմ պատկերացնելու համար իրավիճակի ողբերգալի լինելը։
Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ գտնվում են տեղեկատվական բլոկադայում, որովհետև տեղեկատվությունն ընդհանրապես հասանելի չէ նրանց համար հայերեն ժեստերի լեզվով։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ շատ հաճախ զրկվում են իրենց ազատությունից և իրենց կամքին հակառակ պահվում հաստատություններում։ Նրանցից շատերը ճանաչվում են անգործունակ, ինչը ենթադրում է քաղաքացիական բոլոր իրավունքներից զրկում, այդ թվում՝ ընտրելու իրավունքը։ Այսօր Հայաստանում կա՛ն մարդիկ, որոնք զրկված են իրենց ընտրելու իրավունքից, և այդ ուղղությամբ տարիների ընթացքում գործողություններ չեն ձեռնարկվել։
Շատ կարևոր է դիտարկել նաև այն փոփոխությունները, որոնք դրական են։ 2021 թվականին ընդունվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, բայց պետք է գնահատել, թե որքանով են այդ փոփոխությունները զարգանում կայուն կերպով։
Օրենքը թեև արգելում է հաշմանդամության հիմքով խտրականությունը, բայց Կառավարությունը նախորդ տարվա հոկտեմբերի քսանութին ընդունեց մի որոշում, որով արգելվեց մանկատների՝ հաշմանդամություն ունեցող սաներին ձեռք բերել բնակարանի գնման վկայագիր։ Մանկտաների մնացած բոլոր սաները ստանում են վկայագրեր բնակար ձեռք բերելու համար, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ ոչ։ Դա կառավարության որոշմամբ սահմանված խտրականություն է օրենքի ընդունումից հետո։ Որպես բացասական օրինակ հիշեցնեմ նաև, որ Կառավարությունը 2019-ին նախաձեռնել էր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը, միաժամանակ նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացվեց, իսկ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը Կառավարությունը հետ կանչեց Ազգային ժողովից առանց բացատրության։ Որովհետև դա ենթադրում էր ՄԱԿ-ի կոմիտե բողոքներ ներկայացնելու հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին։ Ինչը բնականաբար կիրառվելու էր մեր կողմից։ Եվ դա խոսում է այն բացերի մասին, որ իրականացվող փոփոխությունները կայուն չեն, բացառում են հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Եվ որպես հարց ուզում եմ ձևակերպել հետևյալը։ Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող ենք արդյունավետ կերպով նպաստել, որպեսզի փոփոխությունները լինեն կայուն՝ անկախ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների հայեցողությունից նրանց՝ մարդու իրավունքների ընկալումից, և որևէ խմբի սիրել-չսիրելուց։ Շնորհակալություն։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։