Հրապարակում ենք այն հարցը, որի պատասխանն ակնկալում էինք լսել ՀՀ վարչապետի այսօրվա ասուլիսի ընթացքում։ Այդ հարցն, ի թիվս այլ հարցերի, տվել էինք նաև նախորդ ասուլիսին, սակայն դրանք չհնչեցին ասուլիսի անարդարացի ձևաչափի պատճառով։ Ձևաչափ, երբ հնչում են անվտանգությանն առնչվող (որոնք բնականաբար առաջնահերթ են նաև մեզ համար) և սկանդալային, երբեմն ոչ էական կամ կրկնվող հարցեր, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը՝ մնում անպատասխան։
Մեր հարցն էր. «ՀՀ կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունեց որոշում, ըստ որի Հայաստանի մանկատների՝ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների զգալի մասը չի կարողանա օգտվել «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառումից։ Որոշումը խտրական կերպով սահմանում է, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն «ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները»։ Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարեցին (Առնչվող նյութը, որ որոշումը հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին։ Դուք անձամբ տեղյակ եղե՞լ եք որոշման այդ դրույթից և համարու՞մ եք, որ այն խտրական է (ոչ թե պետք է զրկել անձին բնակարանային իրավունքից, այլ աջակցել նրան, եթե ունի դրա կարիքը)»։
Նոյեմբերին կայացած ասուլիսին ուղղել էինք նաև հարցեր 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների ապահովման, մատչելիության հանձնաժողովի ստեղծման, կամընտիր արձանագրությունը չվավերացնելու պատճառների մասին։ Այդ հարցերը ևս չէին հնչել:
Հաշվի առնելով, որ այս ձևաչափով ասուլիսը վարչապետին հարցեր ուղղելու միակ չմիջնորդավորված հնարավորությունն էր, և մեր հարցերը չեն հնչել անարդարացի ձևաչափի պատճառով, հարցը կրկին կուղարկենք ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ակնկալելով ստանալ հենց ՀՀ վարչապետի դիրքորոշումները։
Թարմացում 24.01.2022 — Հարցը ուղարկվել էր նաև երրորդ անգամ: Հարցը չհնչեցվեց:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
