Համընդհանուր դիզայնի սկզբունքներով նախագծված հանրային զբոսայգիները ներուժ ունեն խթանելու համայնքների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը։ Վերջիններս, սակայն, հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնցում սահմանափակված է նրանց հնարավորությունը՝ ակտիվ ներգրավվելու հանրային տարածքներից օգտվելու և դրանց վերաբերյալ որոշումների կայացման գործերում: Նման խոչընդոտները կրճատում են սոցիալական հարաբերությունների նրանց հարթակները՝ ըստ էության խաթարելով նրանց ընդգրկումը համայնքներում և հավելյալ խորացնելով նրանց մարգինալացումը։ Սա մեծ հաշվով բացասական ազդեցություն է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա և խանգարում նրանց ներառմանը:
Վերոնշյալ հիմնախնդիրը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի գործունեության շրջանակներում արձագանք է ստացել «Համընդհանուր դիզայնով զբոսայգիներ համայնքների ներգրավման համար» ծրագրի տեսքով, որի ընդհանուր նպատակը Հայաստանում մատչելի և համընդհանուր դիզայնով առաջնորդվող հանրային զբոսայգիների զարգացմանը նպաստելն է:
Ծրագրի շրջանակում կազմակերպությունը հրապարակել է «Կանաչ ներառում. hանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք» հետազոտական զեկույցը։ Ուսումնասիրությունը լայն առումով նպատակ ուներ պարզելու հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության պրակտիկաները Հայաստանի մարզերի քաղաքային համայնքներում հանրային զբոսայգիների տարածքի նախագծման և օգտագործման մեջ։
Ուսումնասիրության արդյունքները հիմք են դարձել «Նախագծելով բոլորի համար. ուղեցույց հանրային կանաչ տարածքների մասին» ուղեցույցի մշակման համար։
Այս ուղեցույցի նպատակն է գործնական խորհուրդներով աջակցել բոլոր մարդկանց, որոնք որևէ որոշում են կայացնում հանրային կանաչ տարածքների վերաբերյալ կամ ունեն այդ որոշումների վրա ազդեցություն։ Մասնավորապես, այն կարող է օգտակար լինել ինչպես առնչվող տարբեր մասնագետներին՝ լանդշաֆտի ճարտարապետների, քաղաքային պլանավորողների, բուսաբանների, ոռոգման համակարգերի մասնագետների, շինարարության ղեկավարների և այլն, այնպես էլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների համար։
Սույն ուղեցույցը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի (Counterpart International Armenia ) ենթադրամաշնորհառու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am։ Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։