ՄԱԿ-ի փորձագետների* խումբն այսօր տագնապ է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի շրջանում հումանիտար սարսափելի ճգնաժամի։
Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը խոչընդոտող շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել մարդկանց կյանքը։ Բնակիչները, հատկապես երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հղի կանայք և հիվանդները, զգալի վտանգի տակ են:
«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը առաջացրել է հիմնական սննդամթերքի խիստ պակաս, ներառյալ արևածաղկի ձեթը, ձուկը, հավի միսը, կաթնամթերքը, հացահատիկը, շաքարավազը և մանկական կաթնախառնուրդը»,- ասում են փորձագետները:
Նրանք նախազգուշացրել են, որ տարածաշրջանը արագորեն սպառում է իր բժշկական պաշարները, և հիվանդանոցները դժվարանում են օգնություն ցուցաբերել, քանի որ շտապօգնության մեքենաների աշխատանքը դժվարացել է վառելիքի մատակարարումների նվազման պատճառով:
Փորձագետներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրին համապատասխան։
Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։
«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը», - ասում են փորձագետները: «Այս վճռական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը»,- ասում են նրանք:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները` հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ գտնելու խաղաղ և կայուն լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- նշել են փորձագետները։
* Փորձագետներն են՝ Մայքլ Ֆախրի (Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող), Ֆարիդա Շահիդ (Կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող), Կլաուդիա Մալեր (Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցերով անկախ փորձագետ), Ջերարդ Քուին (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող)։
Փորձագետներն արդեն նմանատիպ մտահոգություններ են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարություններին 2023 թվականի փետրվարին (JUA AZE 1/2023 և JUA RUS 1/2023), իսկ Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է բարձրացված մտահոգություններին (AZE 1/2023):
Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս են կազմում: Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատողներ չեն և իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց անհատական կարգավիճակով: