«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Հետազոտությունը վերաբերելու է հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացմանը։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Հայաստանում հոգեկան առողջության համակարգը զգալիորեն փոփոխվել է վերջին տասնամյակների ընթացքում՝ պայմանավորված Հայաստանի անկախացման հետ։ Հոգեկան առողջության ծառայությունները, մասնավորապես հոգեբուժական ծառայությունները, մատուցվում են ինչպես պետական կառավարման համակարգի մարմինների, այնպես էլ՝ տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կառույցներում։
Ծառայությունները մեծամասամբ կենտրոնացված են և չեն դիտվում ընդհանուր առողջապության անբաժանելի մաս։ Հոգեկան առողջության ինտեգրումը առողջության առաջնային պահպանման օղակում շարունակում է մարտահրավեր լինել, ինչի հետևանքով ծառայությունները շարունակում են հինականում քիչ հասանելի լինել:
Առկա է նաև հոգեբույժների և հոգեկան առողջության այլ մասնագետների ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մարզերում պակաս, ինչը սահմանափակում է համայնքի մակարդակում ծառայությունների մատուցման ներուժը: Պետությունը շարունակում է ներդրումներ կատարել հոգեբուժական հիվանդանոցային օգնության և սպասարկման ուղղությամբ։ Վերջին տարիներին նկատվում են հոգեբուժական ծառայությունների մասնավորեցման աճող միտումներ, ինչը կարող է փոխել համակարգի կառուցվածքը։
Ապակենտրոնացումը որոշումների կայացումն ու ռեսուրսների բաշխումն է ոչ թե կենտրոնական իշխանության, այլ՝ համայնքային կառավարման մարմինների կողմից՝ տալով ավելի ճկուն, արագ և կարիքներին համապատասխան որոշումների կայացման հնարավորություն։ Միաժամանակ, ծառայությունները կենտրոնացված չեն մեկ կամ մի քանի հաստատությունում․ յուրաքանչյուր համայնք կարող է մատուցել իր բնակիչների կարիքներին համապատասխան ծառայություններ։
Ուսումնասիրությունների համաձայն` ապակենտրոնացման գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի դրական արդյունքի, ինչպիսիք են՝
- բարելավված հասանելիությունը,
- վաղ հայտնաբերումը և միջամտությունը, շարունակական կարիքի բավարարման դյուրացումը,
- հիվանդանոցային ծառայությունների անհրաժեշտության նվազեցումը և գերբնակեցման բացառումը,
- ծառայություններից օգտվողների ավելի մեծ մասնակցությունը ծառայությունների պլանավորման և մատուցման գործում.
- ծառայությունների ճկունությունը և հարմարվողականությունը տեղական կարիքներին.
- տեղական մակարդակում ընդլայնված համագործակցությունը և հոգեկան առողջության ավելի ամբողջական մոտեցումը.
- պատասխանատու տեղական կառավարումը, այդ թվում՝ ռեսուրսների արդյունավետ բաշխումը, և այլն։
Մինչ օրս տարբեր հետազոտական զեկույցներ և հոդվածներ են հրապարակվել առողջապահական ծառայությունների ապակենտրոնացման վերաբերյալ, սակայն դրանք ընդհանրական են և (կամ) չեն անդրադառնում հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման գործընթացին և դրա առանձնահատկություններին։
Նպատակ և արդյունքներ
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման գործընթացը և դրա հիման վրա մշակել առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ապակենտրոնացման գործընթացի պլանավորմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը։ Մասնավորապես, համագործակցության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրի հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման վերաբերյալ հետազոտական զեկույց։ Զեկույցում պետք է ներկայացված լինեն հետևյալ թեմաները՝ հոգեբուժական ծառայությունների նկարագրությունը Հայաստանում, հոգեբուժական ծառայությունների կենտրոնացմանը նպաստող գործոնները, կենտրոնացված ծառայությունների բացասական ազդեցությունը, ապակենտրոնացման գործընթացի անհրաժեշտությունը, խոչընդոտները և նպաստող գործոնները, ապակենտրոնացման ազդեցությունը հոգեբուժական ծառայությունների հասանելիության և որակի վրա, ապակենտրոնացման գործընթացի իրավական հիմքերը և դրանցով պայմանավորված օրենսդրական և քաղաքականության հնարավոր փոփոխությունները, հոգեբուժական ծառայությունների մասնավորեցման միտումը, դրա ազդեցությունը ծառայություններից օգտվողների կյանքի որակի վրա, ապակենտրոնացման գործընթացի բաղադրիչների ուսումնասիրությունը, այդ թվում՝ կառավարման, վերահսկողության, բյուջետավորման և ծառայությունների մատուցման տեսանկյունից և ինտեգրումը առողջապահական համակարգում։
Հետազոտողը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝
- մշակել հետազոտության ծրագիրը, այդ թվում՝ հետազոտության մեթոդաբանությունը և գործիքները (դիտարկման քարտեր, հարցաթերթեր, հարցազրույց իրականցնելու ուղեցույցներ և այլն),
- հավաքել և վերլուծել հետազոտության համար անհրաժեշտ որակական և քանակական տվյալները, իրականացնել հարցազրույցներ, ուղարկել հարցումներ,
- վերլուծել հավաքած տվյալները և դրանց հիման վրա մշակել հետազոտության նախնական և վերջնական տարբերակները,
- հետազոտության հիման վրա մշակել քաղաքականության փաստաթուղթ և համառոտագիր,
- ներկայացնել հետազոտության արդյունքները շահագրգիռ կողմերին,
- վերջնականցնել հետազոտությունը և քաղաքականության փաստաթուղթը՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերից ստացված դիտարկումները։
Հետազոտության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- Հետազոտական զեկույց՝ հայերեն լեզվով,
- Զեկույցի համառոտագիր՝ հայերեն և անգլերեն լեզուներով,
- Քաղաքականության փաստաթուղթ (policy paper)՝ հայերեն լեզվով,
- Քաղականության համառոտագիր (policy brief)՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Պահանջվող որակավորում և փորձ
- Բարձրագույն կրթություն (իրավաբանական անձանց դեպքում՝ պատասխանատուների բարձրագույն կրթություն),
- Հետազոտությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (իրավաբանական անձանց դեպքում՝ առնվազն 5 տարվա գործունեության հավաստում),
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հայաստանյան հիմնախնդիրների վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածություն,
- Գրական հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Հետազոտության տարբեր բաղադրիչների մասով կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ հետազոտական թիմինը)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Իրականացված հետազոտության առնվազն 2 օրինակ,
- Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական։
Իրավաբանական անձանց խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-RSP-RS2-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 01.04.2024-01.11.2024:
Ընտրված ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի հետազոտության իրականացման մանրամասն ժամանակացույցը։
Մատուցված ծառայության համար վճարումներն իրականացվելու են երեք փոխանցումով՝ հետևյալ տրամաբանությամբ՝
- Հետազոտության նախագծումից, մեթոդաբանության և գործիքների մշակումից և երկրորդական տվյալների հավաքագրումից հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը,
- Հետազոտության նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 20%-ը,
- Հետազոտության վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 50%-ը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։ Ապակենտրոնացման նպատակով կազմակերպության ջանքերն ուղղված են քաղաքականությունների մշակմանը, օրենսդրության բարելավմանը և հետազոտությունների իրականացմանը։ Կազմակերպությունը նաև մշտադիտարկում է խնամքի հաստատություններում և հոգեբուժական կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը։ Կազմակերպությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեբուժական ծառայություններից օգտված կամ օգտվող անձանց, տրամադրում է իրավաբանական օգնություն և սոցիալական դեպքի վարման ծառայություն։
Ծրագրի մասին
Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքների վրա հիմնված մոտեցման ինտեգրմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:
Ծրագրի խնդիրներն են՝
- Մշակել իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության քաղաքականություն և գործիքներ՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
- Իրավունքների վրա հիմնված տեսանկյունից ջատագովել քաղաքականությունների և գործիքների ներդրման և վերանայման ուղղությամբ,
- Վերանայել և կատարելագործել ՀՀ-ում գործող հոգեսոցիալական ծառայությունները,
- Մշակել և փորձարկել հոգեկան առողջության համայնքային նոր ծառայություններ և վաղ նույնականացման մեխանիզմներ ՀՀ-ում,
- Բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։