- Ի՞նչ է ծառայությունների անհատական ծրագիրը
Ծառայությունների անհատական ծրագիրը փաստաթուղթ է, որը մշակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում։ Այս ծրագրում նշվում են այն ծառայությունները, որոնց կարիքն ունի անձը սոցիալական ներառման համար։
- Ինչու՞ է ծառայությունների անհատական ծրագիրը կարևոր հաշմանդամություն ունեցող անձի համար
Ծառայությունների անհատական ծրագիրը կարևոր է հաշմանդամություն ունեցող անձի համար, քանի որ այն ապահովում է իր անհատական կարիքների արդյունավետ լուծումը: Ծրագիրն ապահովում է, որ դուք ստանաք այն հիմնական ծառայությունները, որոնց կարիքն ունեք Օրինակ՝ վերականգնողական, մասնագիտական կամ սոցիալական ծառայությունները, որոնց շնորհիվ դուք կարող եք լիարժեք մասնակցել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
- Ովքե՞ր են մշակում ծառայությունների անհատական ծրագիրը
Ծառայությունների անհատական ծրագիրը մշակում է ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովը։ Այս հանձնաժողովն է սահմանում անձի հաշմանդամությունը։
- Ի՞նչ տեղեկություններ են հաշվի առնում ծառայությունների անհատական ծրագիրը մշակելիս
Ծառայությունների անհատական ծրագիրը մշակելիս հանձնաժողովը պետք է հաշվի առնի ձեր անձին և հաշմանդամությանն առնչվող բոլոր առանձնահատկությունները։ Օրինակ՝ ի՞նչ միջավայրային արգելքների եք բախվում աշխատելիս, ձեր առողջական վիճակը ժամանակի ընթացքում բարելավվելու՞ է և այլն։ Այս ծրագրում առաջնահերթ գրվում են այն ծառայությունները, որոնք նպաստելու են ձեր կարողությունների զարգացմանն ու սոցիալական ներառմանը։
- Կարո՞ղ եմ մասնակցել իմ ծառայությունների անհատական ծրագրի մշակմանը
Այո, բնականաբար դուք կարող եք մասնակցել ձեր անհատական ծրագրի մշակմանը: Ծրագիրը մշակելիս հանձնաժողովը պետք է առավելագույնս հաշի առնի այն, թե ինչքանով են գրված ծառայությունները ընդունելի ձեզ համար։
- Ե՞րբ եմ ստանալու ծրագրի իմ օրինակը
Ծառայությունների անհատական ծրագիրը տրվում է նույն պահին, ինչ տրվում է ֆունկցիոնալության գնահատման (հաշմանդամության սահմանման) որոշումը։ Երբ հանձնաժողովը որոշումը կայացնում է, այն փոխանցվում է ձեզ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ առձեռն, առցանց, էլեկտրոնային փոստով կամ փոստով։
- Բացի ծրագրից էլ ի՞նչ տեղեկություն եմ ստանալու
Ծառայությունների անահատական ծրագրի հետ ձեզ պետք է տրամադրեն տեղեկություններ ծառայություններ տրամարդող կազմակերպությունների մասին։ Օրինակ՝ երբ աջակցող սարքի կարիք ունեք, տրվում է նաև ցանկ, թե որ կազմակերպություններն են տրամադրում այդ սարքերը։
- Ծառայությունների ինչպիսի՞ տեսակներ են սովորաբար ներառվում ծրագրում
Ծառայությունների անհատական ծրագիրը սովորաբար ներառում է բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական և սոցիալական ծառայություններ: Եթե ունեք հատուկ ծառայության կարիք, այդ ծառայությունները ևս պետք է տեղ գտնեն ծրագրում։
- Որքա՞ն հաճախ է ծրագիրը վերանայվում
Ծառայությունների անահատական ծրագիրը կազմվում է հաշմանդամության սահմանման ժամկետով։ Այսինքն՝ եթե ձեր հաշմանդամությունը սահմանվել է մեկ տարով, ապա մեկ տարի անց՝ հաջորդ գնահատման ժամանակ, կվերանայվի նաև այս ծրագիրը։
Եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, ծրագիրը կվերանայվի հաջորդ 5 տարվա ընթացքում։ Մինչև հինգ տարի ժամկետը գործում է նաև, եթե հաշմանդամություն ունեցող երեխայի հաշմանդամությունը սահմանվել է մինչև 18 տարեկան դառնալը։
Այս դեպքերում հաշվի է առնվում, օրինակ, ծառայությունների տրամադրման ժամկետները։ Եթե նախատեսված է, որ վերականգնողական այս կամ այն ծառայությունը ստանալու եք երեք տարի, ապա ծրագիրը պետք է վերանայվի երեք տարի անց։
- Ե՞րբ կարող են նոր փոփոխություններ կամ լրացումներ արվել
Ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մի քանի հիմնական դեպքերում՝
- երբ ձեր առողջական վիճակը փոփոխվել է և դիմել եք կրկնակի գնահատման համար,
- երբ հաշմանդամության սահմանման նախորդ ժամկետը անցել է և դիմել եք կրկնակի գնահատման համար,
- երբ ֆունկցիոնալության գնահատման որոշումը բողոքարկել եք և պետք է վերագնահատում անցնեք,
- երբ միասնական սոցիալական ծառայությունը ձեր փաստաթղթերում թերություններ կամ խախտումներ է նկատել և նշանակվել է վերագնահատում:
- երբ այդպես է որոշել դատարանը։
- Կարո՞ղ եմ պահանջել փոփոխություններ իմ ծրագրում
Այո, դուք իրավունք ունեք փոփոխություններ պահանջելու ծառայությունների անհատական ձեր ծրագրում, եթե ժամանակի ընթացքում փոխվել են ձեր կարիքները: Օրինակ՝ ժամանակի ընթացքում նոր աջակցող տեխնոլոգիա ունենալու կարիք ունեք։ Այդ դեպքում պետք է դիմեք Միասնական սոցիալական ծառայություն՝ ծրագիրը վերանայելու համար։
- Ի՞նչ կպատահի, եթե հրաժարվեմ ստանալ ծրագրում գրված որևէ ծառայություն
Ծառայությունների անհատական ծրագիրը խորհրդատվական բնույթի է։ Այսինքն՝ այն չի պարտավորեցնում ձեզ ստանալ այդ ծառայությունները, այլ առաջարկում է։ Դուք ազատ եք հրաժարվել այս կամ այն ծառայությունից։ Դուք իրավունք ունեք նաև հրաժարվելու գրված բոլոր ծառայություններից։ Սակայն եթե դուք ցանկանում եք ստանալ այդ ծառայությունը և ծառայությունը մատուցվում է պետության կողմից, ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման պետական մարմինների համար:
- Ինչպե՞ս են մատուցվում ծրագրում նախատեսված ծառայությունները
Ծրագրում նշված ծառայությունները սովորաբար մատուցվում են ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից: Այս կազմակերպությունները սովորաբար ֆինանսավորվում են պետության կողմից տվյալ ծառայությունները մատուցելու համար։ Ծրագրում կարող են գրվել ծառայություններ, որոնք պետությունը, ցավոք, չի ֆինանսավորում։ Այս ծառայությունները մասնագետները գրում են, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է խորհուրդ տրվում ձեզ։ Եվ եթե ունեք համապատասխան հնարավորություն կամ որևէ հասարակական կազմակերպություն իր նախաձեռնությամբ տրամադրում է այդ ծառայությունը, ձեր նախաձեռնությամբ օգտվեք դրանցից։
- Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իրավունքներս, եթե դրանք խախտվել են
Եթե կարծում եք, որ ծառայությունների անհատական ծրագրի մշակման ժամանակ ձեր իրավունքները խախտվել են, կարող եք դիմել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության աջակցությանը։ Այս կազմակերպությունը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և տրամադրում է իրավական և տեղեկատվական աջակցություն հաշմանդամության սահմանման գործընթացներում։
Օրինակ՝ կարող եք դիմել, եթե Ձեր կարծիքը հաշվի չեն առել ծրագիրը մշակելիս, երբ ձեզ չեն տրամադրել ծրագրի օրինակը, եթե դուք ունեք որևէ ծառայության կարիք, սակայն այն տեղ չի գտել առաջարկվող ծրագրում։
Կազմակերպության ներկայացուցիչները կարող են նաև որպես դիտորդ ներկա գտնվել հանձնաժողովի նիստի ժամանակ։
Կազմակերպության հետ կարող եք կապ հաստատել ինչպես ֆեյսբուքով, այնպես էլ գրելով էլ. փոստին՝ info@dra.am կամ զանգելով +374 77 400 350 հեռախոսահամարին։ Համարը հասանելի է նաև Whatsapp-ում և Viber-ում։
Այս կազմակերպությունից բացի կան նաև այլ կազմակերպություններ, որոնք կարող են աջակցել Ձեզ իրավունքների պաշտպանության հարցում։
---
Այս հարցուպատասխանը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Strive ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում Է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: