- Ի՞նչ է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովը
Ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովը, որը նաև հայտնի է որպես հաշմանդամության սահմանման հանձնաժողով, մասնագետների խումբ է, որը պատասխանատու է անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար։
- Ինչպե՞ս է ձևավորվում այս հանձնաժողովը
Երբ անձը դիմում է իր հաշմանդամության սահմանման համար, մասնագետների գրանցամատյանից պատահականության սկզբունքով ձևավորվում է հանձնաժողով։ Այսինքն՝ ամեն անգամ ձևավորվում է առանձին հանձնաժողով:
- Ո՞ր մասնագետներն են ընդգրկվում հանձնաժողովում
Ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովում ընդգրկվում են մասնագետներ, որոնք գնահատում են օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, ինչպես նաև անձի գործունեությունը և մասնակցությունը։ Մասնագետների ընտրությունը կախված է նաև նրանից, թե գնահատվողը 18 տարեկանից բարձր է, թե մինչև 18 տարեկան։
- Ո՞ր մասնագետներն են գնահատում օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը
Երեխաների օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը կարող են գնահատել հետևյալ մանկական բժիշկները՝ մանկաբույժ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, ակնաբույժ, սրտաբան, նյարդաբան, քիթ- կոկորդ-ականջաբան, նյարդավիրաբույժ, հոգեբույժ, ներզատաբան, վիրաբույժ և վերականգնողաբան։
Չափահասների դեպքում կարող են ընդգրկվել հետևյալ բժիշկները՝ օրթոպեդ, վնասվածքաբան, ակնաբույժ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդավիրաբույժ, հոգեբույժ, էնդոկրինոլոգ, վիրաբույժ, նյարդաբան, թերապևտ, արյունաբան, գաստրոէնտերոլոգ, նեֆրոլոգ/երիկամաբան, ուռուցքաբան, մաշկաբան, ռևմատոլոգ, ուրոլոգ, թոքաբան, վերականանգողաբան։
- Ո՞ր մասնագետներն են գնահատում մարդու գործունեությունը և մասնակցությունը
Գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետները երեխաների և չափահասների դեպքում նույնն են։ Հանձնաժողովում կարող են ընդգրկվել հետևյալ մասնագետների ցանկից՝ հոգեբան, կինեզոլոգ, էրգոթերապիստ, լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ, սոցիալական մանկավարժ, մանկական հոգեբան, հատուկ մանկավարժ։
- Քանի՞ մասնագետ է ընդգրկված յուրաքանչյուր հանձնաժողովում
Յուրաքանչյուր հանձնաժողով պետք է կազմված լինի 3-5 մասնագետներից:
- Ովքե՞ր չեն կարող լինել գնահատող հանձնաժողովի անդամ
Բժիշկը, ով բուժել է գնահատվող անձին կամ ուղեգրել է նրան գնահատման, չի կարող լինել հանձնաժողովի կազմում։ Հանձնաժողովի կազմում չեն կարող լինել մասնագետները, ովքեր ազգակցական կապի մեջ են գնահատվող անձի հետ։ Օրինակ՝ եթե գնահատվողի զավակն է, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը, փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է։
Սա օգնում է հնարավորինս ապահովել անաչառություն և խուսափել շահերի բախումից:
- Ի՞նչ պետք է անի անձի հանձնաժողովի անդամը շահերի բախման դեպքում
Շահերի բախումն այն իրավիճակն է, երբ գնահատող մասնագետն իր լիազորություններն իրականացնելիս պետք է ընդունի որոշում, որը կարող է մեկնաբանվել որպես անձնական շահերով առաջնորդվել։
Այս դեպքերում գնահատող մասնագետը, նախօրոք գործը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է շահերի բախման մասին տեղեկացնել Միասնական սոցիալական ծառայությանը։ Նա պետք է ներկայացնի շահերի բախման մասին հայտարարություն՝ նշելով կոնկրետ հանգամանքները։
Այս դեպքում նրան կփոխարինի այլ մասնագետ։
- Կարո՞ղ է գնահատվող անձը դիմել, որպեսզի հանձնաժողովի անդամներից մեկը չմասանկցի իր գնահատմանը
Գնահատվող անձը կարող է դիմել, որպեսզի կոնկրետ մասնագետը չմասնակցի իր գնահատմանը մի շարք դեպքերում։
Օրինակ՝ երբ հանձնաժողովի անդամը մինչև գնահատման ավարտը հրապարակայնորեն արտահայտվել է հնարավոր արդյունքի մասին, մինչև փաստաթղթերի հետազոտումը կանխակալ գնահատական է տվել և այլն։
Մեկ այլ օրինակ է, երբ առկա են հանգամանքներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի տվյալ անդամն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է արդյունքով կամ նրա անաչառությունը կասկածի է հարուցում։
Հանձնաժողովի կոնկրետ անդամի բացարկը կարող է հայտնվել մինչև գնահատման ավարտվելը` այն փուլում, երբ բացարկ գնահատվողին հայտնի է դարձել այդ հանգամանքը։
---
Այս հարցուպատասխանը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Strive ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում Է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: