«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ներգրավվելու որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների կարիքների գնահատման խորհրդատվական խմբի անդամ:
Հիմնական տեղեկություններ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող և նրանց ներկայացնող կազմակերպությունների կարիքների գնահատում՝ փաստերի վրա հիմնված ջատագովություն (շահերի պաշտպանություն) իրականացնելու տեսանկյունից։ Կարիքների գնահատման հիման վրա մշակվելու է գործողությունների եռամյա պլան, որը նպատակ է ունենալու հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ջատագովության կարողությունները։
Կարիքների գնահատումն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամութուն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ միջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորովում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) կողմից։
Խորհրդատվական խմբի դերը
Խորհրդատվական խումբն ունենալու է հետևյալ գործառույթները՝
- Աջակցել կազմակերպությունների քարտեզագրման աշխատանքներին և հաստատել դրա արդյունքները,
- Խորհուրդներ տրամադրել կարիքների գնահատման մեթոդաբանության և գործիքների վերաբերյալ և հաստատել դրանք,
- Աջակցել գնահատող թիմին տվյալների հավաքագրման աշխատանքներում, այդ թվում՝ կազմակերպությունների՝ գնահատմանը մասնակցելու համաձայնությունները ստանալու հարցում,
- Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել կարիքների գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ և հաստատել վերջնական տարբերակը,
- Մասնակցել գնահատման հիման վրա մշակվելիք եռամյա գործողությունների պլանի մշակմանը և հաստատել այն։
Խորհրդատվական խմբի գործունեությունը
Խումբը կազմված է լինելու հինգ անձից (կազմակերպության ներկայացուցչից):
Խորհրդատվական խումբը կհանդիպի յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ մինչև 2023 թ. մայիսը (ներառյալ): Խմբի անդամները կմասնակցեն կարիքների գնահատման մեթոդաբանության մշակմանը, իրականացմանը և դրա հիման վրա գործողությունների պլանի մշակմանը։
Խմբի աշխատանքային լեզուն կլինի հայերենը, անհրաժեշտության դեպքում կապահովվի հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն։
Հանդիպումները կանցկացվեն Երևանում, մարզերից մասնակիցների համար կտրամադրվի տրանսպորտի փոխհատուցում, կապահովվի մատչելիությունը։ Բացառիկ անհրաժեշտության դեպքում հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով (և՛ առցանց, և՛ ֆիզիկապես)։ Փորձագետները կփոխհատուցվեն մասնակցության և տրամադրված ժամանակի համար։
Խորհրդատվական խմբերի անդամները պետք է գործեն համագործակցային և փորձեն հնարավոր տարակարծությունները հարթել գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներից ելնելով։
Ո՞վ կարող է դիմել և ինչպե՞ս
Խմբում կարող են ներգրավվել կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները, ովքեր ունեն տեխնիկական գիտելիքներ, հմտություններ և փորձ, որոնք վերաբերում են կարիքների գնահատման լավագույն փորձին և հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների զարգացմանը:
Խորհրդատվական խմբում ներգրավելու համար խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայանցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 16-ը (մինչև 23:59) լրացնել հետևյալ հայտը։
Հայտն ուղարկելուց հետո այն կդիտարկվի մեր կողմից, կզտվեն տեխնիկապես չհամապատասխանող հայտերը։ Հետաքրքրություն հայտնած անձինք (կազմակերպությունները) իրենք կընտրեն խորհրդատվական խմբի անդամներին։
Եթե ունեք հարցեր, խնդրում ենք գրել info@dra.am հասցեին վերջնաժամկետից հնարավորինս շուտ: