«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց աջակցող տեխնոլոգիաների կարիքի բացահայտման նպատակով հրավիրում է էրգոթերապիստների ներկայացնելու գնային առաջարկ։
Փորձագիտական ծառայության նպատակը
Բացահայտել հաշմանդամություն ունեցող տեղահանված 30 անձի աջակցող տեխնոլոգիաների կարիքը
Աշխատանքի ծավալը
Ծառայությունները պետք է մատուցվեն հունվարի 20-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
- Գնահատել հաշմանդամություն ունեցող տեղահանված 30 անձի կարիքները և բացահայտել աջակցող տեխնոլոգիաների նրանց կարիքը և նախընտրությունը, այդ թվում՝ սնվելու և հագնվելու գործունեության հետ կապված.
- Գնահատման արդյունքների հիման վրա կազմակերպությանը և անձին ներկայացնել առաջարկների ցանկ, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների ցանկը, որը կբարելավի անձի անկախությունը և կյանքի որակը։
Ակնկալվող արդյունքը
Հաշմանդամություն ունեցող 30 անձի վերաբերյալ անհատական առաջարկների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների ցանկ։
Պահանջվող որակավորում
Ֆիզիկական անձանց դեպքում՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Աջակցող տեխնոլոգիաների վերաբերյալ բարձր իրազեկվածություն
- Հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում և հավասարության արժեքի բարձր գիտակցում
- Գրական հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
Իրավաբանական անձանց դեպքում՝
- Առնվազն 2 տարվա գործունեություն և մասնագիտական կազմի համապատասխանություն ֆիզիկական անձանց ներկայացվող պահանջներին
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ և անձնակազմի ինքնակենսագրականները,
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։ Այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի Արցախից բռնի տեղահանված մասնագետներին։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ. հունվարի 17-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «STRIVE/OT/24»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։
Ծրագրի մասին
Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անկախություն ու արժանապատվություն առօրյա կյանքում՝ աջակցող սարքերի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման համար։
Ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում Է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: