«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, որը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություն է, ուրախ է հայտարարել նոր հնարավորության մասին։
Մենք մշակել ենք հնգամսյա կրթական ծրագիր, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարստացնել իրենց փորձը և գիտելիքները մարդու իրավունքների, առաջնորդության և հաղորդակցության վերաբերյալ։
Եթե հետաքրքրված եք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով, ցանկանում եք Ձեր ներուժը ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարում, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։
Ի՞նչ հնարավորություններ կընձեռի այս ծրագիրը
Ծրագրի շրջանակներում 20 երիտասարդ երկօրյա դասընթացի միջոցով կզարգացնի մարդու իրավունքների, ջատագովության և առաջնորդության հմտությունները։ Այնուհետև մասնակիցներն իրենք կստանձնեն ծրագրի հաջորդ հատվածի ստեղծման առաջնորդությունը։ Կախված խմբի հետաքրքրություններից և կարիքներից՝ կընտրվեն ամենշաբաթյա հանդիպումների թեմաները։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փորձառու մասնագետների և որոշում կայացնողների հետ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը։
Ծրագրի հաջորդ փուլում մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները մեզ հետ համատեղ։ Նախագծերի իրականացման միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ և գիտելիքներ կազմակերպության և ծրագրերի կառավարման վերաբերյալ։ Ամբողջ ընթացքում մասնակիցները կկարողանան օգտվել ոլորտի առաջատար մասնագետների խորհուրդներից՝ մենթորության միջոցով։
Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ում, այդ թվում՝ ընդգրկվելով որոշումների կայացման գործընթացներում։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող երիտասարդները, ովքեր 15-35 տարեկան են։ Հատկապես խրախուսվում է 15-25 տարեկան երիտասարդների մասնակցությունը։
Ծրագրին մասնակցելու առաջնահերթությունը կտրվի համանման այլ ծրագրերի չմասնակցած երիտասարդներին և նրանց, ովքեր դեռ ընդգրկված չեն այլ կազմակերպություններում։
Մենք ողջունում ենք հաշմանդամություն ունեցող բոլոր երիտասարդների մասնակցությունն անկախ նրանից՝ իրենց հաշմանդամությունը տեսանելի է, թե ոչ, ճանաչված է, թե ոչ։ Մենք հավատարիմ ենք խտրականությունից զերծ միջավայրի ստեղծմանը և ապահովում ենք, որ մեր ծրագրերում ընդգրկված բոլոր մարդկանց իրավունքները հարգվեն։
Ծրագրին արդյունավետ մասնակցության նպատակով մենք կապահովենք տրանսպորտային և կեցության ծախսերը, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցող անձի համար։ Մենք դասընթացն իրականացնելու ենք տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար հնարավորինս մատչելի միջավայրում։ Լսողության խնդիրներ ունեցող մասնակիցների համար դասընթացը և հանդիպումները կարող են թարգմանվել նաև հայերեն ժեստերի լեզվով։
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն նաև խելամիտ հարմարեցումներ՝ մասնակցի նախընտրություններին համապատասխան։
Ե՞րբ է նախատեսվում ծրագրի իրականացումը
Ծրագիրը կմեկնարկի երկօրյա դասընթացով, որը կիրականացվի հոկտեմբերի առաջին շաբաթում Երևանից դուրս՝ գիշերակացով։ Դրան կհաջորդեն ամենշաբաթյա հանդիպումները, որոնք կլինեն և՛ առցանց, և՛ օֆլայն՝ Երևանում։ Իսկ դեկտեմբերին և հունվարին մասնակիցները համատեղ փոքր ծրագրեր կիրականացնեն և կստանան մենթորինգի հնարավորություն։
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝
Խնդրում ենք հայտին պատասխանել հնարավորինս մանրամասն և ներկայացնել, թե ինչու հատկապես դուք պետք է ունենաք այս հնարավորությունը։ Հայտը լրացրեք՝ մտքում ունենալով, որ նախնական ընտրությունը կատարվելու է հենց հայտի հիման վրա։
Նկատի ունեցեք, որ ընդամենը քսան երիտասարդ է ունենալու մասնակցելու հնարավորություն, ուստի դուք կարող եք չընտրվել, սակայն դա չի նշանակում, որ մենք պատրաստակամ չենք համագործակցելու Ձեզ հետ հաջորդ ծրագրերի ընթացքում։
Ե՞րբ է դիմելու վերջնաժամկետը
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 12-ն է։ Հայտերի ընդունման ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում դուք կտեղեկանաք ինչպես հաստատման, այնպես էլ մերժման մասին։
Եթե ունեք հարցեր կամ հավելյալ տեղեկությւոնների կարիք, կարող եք գրել մեզ Ֆեյսբուքով, էլ. փոստով՝ info@dra.am կամ Whatsapp-ով՝ +37477400350։