2023 թվականի փետրվարի 3-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն բողոքով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Բողոքի առիթը «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ մեր առաջարկները կառավարության նիստերի օրակարգում հայտնված ամփոփաթերթում չներառելն էր։ Նաև կազմակերպության առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ չէին ներկայացվել, հետևաբար հաշվի չէին առնվել։
Պաշտպանը բողոքն ընդունել էր քննարկման և պարզաբանումներ պահանջել ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ստացված պարզաբանումներից հետո Պաշտպանը եզրահանգումներում արձանագրել է, որ «պետության պարտավորությունն է ապահովել հասարակական կազմակերպության՝ հանրային քննարկուներին օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու իրավունքը, իսկ դրա չապահովումը հանգեցնում է պետական գործերի վարմանը մասնակցելու իրավունքի խախտման»։
Պաշտպանն արձանագրել է նաև, որ «տվյալ դեպքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության՝ Նախագծի կապակցությամբ ներկայացված առաջրկություններին, Կառավարություն ներկայացնելու առաջ, e-draft.am միասնական կայքում տեղադրված ամփոփաթերթի եզրակացություններ բաժնում անդրադարձ չի կատարվել, իսկ e-gov.am կայքում հրապարակաված ամփոփաթերթը չի պարունակում վերջիններին երկայացրած առաջարկությունները։ Հարցի առնչությամբ այլ ձևով հանրային քննարկումներ չեն իրականացվել»։
Պաշտպանը եզրահանգել է. «Նման պայմաններում չի ապահովել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության՝ հանրային քննարկմանը մասնակցելու հնարավորությունը»։
Այնուամենայնիվ, պաշտպանը որոշել է բողոքի քննարկումը դադարեցնել՝ չընդունելով խախտման առկայության մասին որոշում։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձիկամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում, անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, որի իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը»։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն գտնում է, որ բողոքի քննարկումը չէր կարող դադարեցվել, այդ թվում՝ որովհետև
- հայտնի է, թե որ պետական մարմինն է խախտել մեր իրավունքը.
- հարցը լուծում չի ստացել և տեսականորեն չէր կարող լուծում ստանալ, քանի որ կառավարությունն ընդունել է որոշումը, որի ամփոփաթերթից բացակայել են մեր առաջարկությունները և դա կարող էր շտկվել միայն եթե կառավարությունը որշումն ուժը կորցրած ճանաչեր և քննարկեր մեր առաջարկությունները ներառող ամփոփաթերթով տարբերակը.
- կազմակերպությունը նույն հարցով չի դիմել դատարան, հետևաբար առկա չէ նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ.
- դիմողը չի ճանաչվել մահացած կամ անհայտ բացակայող։
Պաշտպանի որոշման վերջնական տարբերակը կարող եք գտնել այստեղ՝
Ծանուցում. Պաշտպանի որոշումն անմատչելի է և կարող է անհնար դարձնել այն ընթերցելը հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք։ Որոշման պաշտոնական էլեկտրոնային տարբերակը ստեղծվել և մեզ է ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։
Այնուամենայնիվ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։