Այս համապարփակ ստուգացանկը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից՝ Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց համար սննդի կազմակերպման ներառականությունն ապահովելու նպատակով։
Ստուգացանկի միջոցով պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և նախաձեռնությունները կարող են համոզվել, թե որքանով է իրենց առաջարկած օգնությունը հաշվի առնում նաև հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց կարիքները։
Մեր ակնկալիքը և պահանջն է, որ կառավարությունը և բոլոր մյուս դերակատարները սննդի տրամադրման աշխատանքներն իրականացնեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նպատակին և սկզբունքներին համապատասխան։
Հոդված 11. Վտանգավոր իրավիճակները և արտակարգ հումանիտար իրավիճակները
Մասնակից պետությունները, միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը վտանգավոր իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում:
Կարևոր է նշել, որ այս ստուգացանկն օգտագործելիս կարևոր է նկատի ունենալ նաև բոլորի անհատական կարիքները, որոնք կարող են պայմանավորված լինել ոչ միայն անձի հաշմանդամությամբ, այլ նաև տարիքով, կրոնով, մշակութային առանձնահատկություններով, նախընտրություններով և այլ հանգամանքներով: Հետևաբար, ինչպես բոլոր գործընթացներում, այս դեպքում ևս կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ միջոցներ՝ ներգրավված յուրաքանչյուր անհատի եզակի կարիքները լիարժեք բավարարելու համար:
Որպեսզի սննդի տրամադրման գործընթացը հնարավորինս մատչելի և ներառական լինի, անհրաժեշտ է գործընթացի ձևավորման փուլից մասնակից դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին, ինչպես նաև հետագայում իրականացնել կանոնավոր գնահատումներ և ի հայտ եկած կարիքներն արդյունավետորեն բավարարելու համար շտկումներ:
Ստուգացանկ
☐ Հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք մասնակցե՞լ են սննդի տրամադրման համակարգի ձևավորման քննարկումներին:
☐ Բոլորը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ, տեղեկացե՞լ են սննդի ստացման ընթացակարգերի, վայրերի և ժամերի մասին։
☐ Սննդի տրամադրման կետերը (օր.՝ ընդունարան, ճաշարան և այլն) հեշտ հասանելի և ֆիզիկապես մատչելի՞ են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Օրինակ՝ մո՞տ են բնակության վայրին, ունե՞ն հարթ մուտք կամ առկա՞ է անվտանգ թեքահարթակ և այլն։
☐ Եթե առկա են սննդի տրամադրման կետեր, որոնք հեռու են տնից (կացարանից), տրամադրվո՞ւմ է տրանսպորտ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան հասնել այնտեղ և սնունդը տեղափոխեն իրենց տներ (կացարաններ):
☐ Գործում է արտահերթ սպասարկման սկզբունքը, որի համաձայն հաշմանդամություն ունեցող մարդիկ ստիպված չեն սնունդ ստանալու համար սպասել հերթում, երկար ժամանակ կանգնած մնալ և այլն։
☐ Սննդի տրամադրման աշխատանքներում ներգրավված մարդիկ ունե՞ն ընդհանուր գիտելիքներ սննդային ալերգիաների և սննդակարգերի մասին։
☐ Սննդի տրամադրման աշխատանքներում ներգրավված մարդիկ ունե՞ն հասանելիություն առաջարկվող տարբերակների բաղադրությանը և կարո՞ղ են հեշտությամբ և ճշգրիտ պատասխանել մարդկանց՝ առաջարկվող սննդի բաղադրության մասին հարցերին։ Օրինակ՝ աղցանը պարունակո՞ւմ է գլյուտեն, թե՞ ոչ։
☐ Սննդի տրամադրման աշխատանքներում ներգրավված մարդիկ կարողանո՞ւմ են օգնել կույր մարդկանց և նկարագրել ուտելիքներն արդյունավետ կերպով։
☐ Մշտադիտարկվո՞ւմ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունենան սննդի հավասար հասանելիություն և խտրականության չենթարկվեն։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք ստանան իրենց սննդի ամբողջական չափաբաժինը, այլ մարդիկ չվերցնեն նրանց չափաբաժինը, ստիպված չլինեն վճարել առաքումների համար անմատչելիության պատճառով և այլն։
☐ Այլ անձինք կարո՞ղ են ստանալ սնունդը հաշմանդամություն ունեցող այն անձի փոխարեն, ով չի կարող ինքնուրույն ներկայանալ և ստանալ իր չափաբաժինը։
☐ Կա՞ն սննդի տրամադրման շարժական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր անմատչելիության պատճառով չեն կարող գալ, տանն (կացարանում) են կամ ցուցված է մնալ անկողնում:
☐ Սնունդը փաթեթավորվա՞ծ է այնպես, որ անվտանգ լինի տեղափոխելու և հեշտ՝ օգտվելու համար։
☐ Եթե կացարաններն ունեն խոհանոցներ, որոնցից կարող են օգտվել բնակիչները, դրանք ֆիզիկապես մատչելի՞ են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարո՞ղ են մտնել խոհանոց, տեղաշարժվել տարածքում, օգտվել վառարանից, մոտենալ լվացարանին և այլն:
☐ Այն դեպքում, երբ մարդիկ իրենք պետք է պատրաստեն իրենց սնունդը, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր ապրում են միայնակ և չեն կարող պատրաստել իրենց սնունդը, ունե՞ն օգնող մարդիկ (հարևաններ, կամավորներ, սոցիալական սպասարկողներ և այլն):
☐ Ապահովվո՞ւմ է սննդի բազմազանությունը, որպեսզի մարդիկ կարողանան ընտրել՝ հաշվի առնելով իրենց սննդային սահմանափակումները։ Սա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն սոված չմնալու համար ուտել բաներ, որոնք կարող են վնասել իրենց։
☐ Առկա՞ է սնունդ, որը համապատասխանում է հնարավորինս մեծ թվով անձանց կարիքներին և հեշտ մարսվող է։ Օրինակ՝ երեխաների համար, մարդկանց դեպքում, ովքեր չեն կարողանում ծամել, տարեցների համար, ովքեր ունեն բացակայող ատամներ, մարսողական խնդիրներ, լակտոզի անտանելիություն և այլն։
☐ Եթե սնունդը կազմակերպվում է ճաշարանում հստակ ժամերի, մարդիկ կարո՞ղ են սնվել իրենց նախընտրած կամ հավելյալ ժամերի։ Օրինակ՝ երբ սննդի ընդունումը կապված է դեղորայքի ընդունման հետ։
☐ Եթե սնունդը կազմակերպվում է ճաշարանում, այնտեղ կա՞ն մարդիկ, ովքեր կարող են ուղեկցել անձին տարածքում։ Օրինակ՝ պահել ամանը, որպեսզի անձը կարողանա օգտվել իր աջակցող սարքերից, օր.՝ քայլակից։
☐ Եթե սնունդը կազմակերպվում է ճաշարանում և ինքնասպարակմամբ, առաջարկվող տեսականու դիմաց գրվա՞ծ է, թե ինչ է դա, որպեսզի հեշտանա հաղորդակցությունը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։
☐ Ծառայություններից օգտվողները խրախուսվո՞ւմ են կարծիք հայտնել ընթացակարգերի և իրենց դժվարությունների մասին։ Դրանք հաշվի առնվո՞ւմ են։
Ստուգացանկի վերաբերյալ հարցեր, առաջարկներ կամ դիտարկումներ ունենալու դեպքում կարող եք գրել info@dra.am հասցեին։