Ինչպե՞ս դիմել Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 40,000 և 10,000 դրամ աջակցության ծրագրին
Լսողության խնդիրներ ունեցող տեղահանված անձանց համար պատրաստել ենք ուղեցույց հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով։
Պատկերի նկարագրություն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար - Պատկերի ձախ կեսում թարգմանիչն է, իսկ աջ կեսում՝ հեռախոս, որի էկրանին երևում է դիմելու ընթացքը։ Տեսանյութն ունի նաև ենթագրեր։ Այն անձայն է, քանի որ տեսանյութի հիմնական նպատակը հայերեն ժեստերի լեզվով ներկայացնելն է։
Տեսանյութի տեքստային տարբերակը՝
«Այս տեսանյութը Արցախից տեղահանված բոլոր մարդկանց համար է։ Եթե դեռ չեք դիմել 40,000 և 10,000 դրամ աջակցության ծրագրին, ապա առաջարկում ենք շարունակել դիտելը տեսանյութը։
40,000 դրամը տրամադրվում է նոյեմբեր և հաջորդ ամիսներին բնակարանի վարձակալության համար, իսկ 10,000 դրամը՝ կոմունալ ծախսերի համար։ Կողքին կարող եք տեսնել, թե ինչպես հեռախոսով կարող եք դիմել այս ծրագրին։
Առաջին հերթին պետք է մտնել rent.socservice.am կայքը։
Բացված էջում պետք է հերթով լրացնել տվյալները։ Սկզբում լրացնում եք անձնագրի համարը։ Եթե ունեք նույնականացման քարտ, ապա կարող եք լրացնել դրա համարը կամ ետևի էջում առկա թվերը, որն այլ կերպ անվանում են հանրային ծառայության համարանիշը։
Հաջորդ տողում լրացնում եք հայերեն տառերով Ձեր անունն ու ազգանունը։ Դրանից հետո սեղմում եք կանաչ կոճակը։ Եթե դուք այս ծրագրից օգտվելու իրավունք ունեք, ապա համակարգը ավտոմատ կճանաչի Ձեր տվյալները ու կարող եք շարունակել մյուս տվյալները լրացնելը։
Պետք է հետո լրացնել հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ մեյլը։
Եթե համակարգը ճանաչի Ձեր տվյալները, փաստաթղթի տեսակն ու համարը ավտոմատ կլրացվեն։
Հաջորդ տողում պետք է լրացնեք, թե որտեղ եք հիմա ապրում։ Սկզբում նշում եք մարզը, համայնքը, բնակավայրը։ «Փողոց» տողում գրում եք Ձեր փողոցի անվանումը։ «Կառույցի տեսակ» տողում պետք է ընտրեք տեսակը՝ առանձնատուն է, թե բնակարան։ Եթե առաջին երկու տարբերակները չեն, նշեք «այլ» տարբերակը։
«Կառույցի համար» տողում պետք է նշեք, օրինակ, բնակարանի համարը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» տողում պետք է գրեք այն թվերը, որոնցով լույսի վարձն եք վճարում։ Դա յոթ նիշանոց համար է։
«Կա՞ն արդյոք նույն հասցեում բնակվող այլ մարդիկ» հարցին եթե պատասխանում եք «այո», բացվում է մի պատուհան, որտեղ պետք է լրացնեք Ձեր ընտանիքի անդամի տվյալները։ Այս բաժնում պետք է նշեք այդ մարդկանց հետ ձեր ազգակացական կապը։ Օրինակ՝ Ձեզ հետ ապրողը ձեր ծնողն է, թե այլ մարդ է։
Եթե մենակ եք ապրում և նշել եք «ոչ», ուրեմն կանցնեք հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը վերաբերում է Ձեր անձնական տվյալներին։ Եթե ընտրեք «համաձայն եմ» տարբերակը, Ձեր տվյալները նախարարությունը կկարողանա տալ այլ կազմակերպությունների, որոնք հնարավոր է աջակցություն ցուցաբերեն հետագայում։
Վերջին գործողությունը «հաստատում եմ» կոճակը սեղմելն է։ Վերջում էկրանին կգրվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև 18 տարեկան երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը։
Աստղանիշով նշված տողերում տվյալների մուտքագրումը պարտադիր է։
Այս տեսանյութը ստեղծել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Եթե դժվարանում եք ինքնուրույն լրացնել, կարող եք դիմել կազմակերպության օգնությանը՝ գրելով Ֆեյսբուքով կամ Whatsapp-ին կամ Viber-ին +374 77 400 350:
Եթե ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, այդ դեպքում ևս կարող եք դիմել»։