hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը բռնի տեղահանման դեպքում հաշմանդամություն ունեցող արցախցիների պաշտպանության համար

Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը բռնի տեղահանման դեպքում հաշմանդամություն ունեցող արցախցիների պաշտպանության համար

Այս համապարփակ ուղեցույց-ստուգացանկը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից՝ Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղից) մարդկանց բռնի տեղահանության դեպքում նպաստելու ՀՀ կառավարության և համապատասխան շահագրգիռ կողմերի աշխատանքներին: 

 

Հաշվի առնելով նման սցենարի բարդ և զգայուն բնույթը՝ շատ կարևոր է ապահովել, որ բոլոր մարդկանց, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները պատշաճ կերպով լուծվեն: Այս ուղեցույց-ստուգացանկը նպատակ ունի տրամադրել մանրամասն, քայլ առ քայլ անելիքների ցանկ հաշմանդամության առումով ներառական պլանավորման, իրականացման և մշտադիտարկման համար՝ ինչպես տեղահանված անձանց ժամանումից առաջ, այնպես էլ ընթացքում և հետո:

 

Այս առաջարկությունները կարող են օգտագործվել որպես գործիք հաշմանդամության առումով ներառական մշտադիտարկում իրականացնելու համար՝ թույլ տալով կառավարությանը և տարբեր կազմակերպությունների գնահատել գործողությունների արդյունավետությունը և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ:

Մեր ակնկալիքը և պահանջն է, որ կառավարությունը և բոլոր մյուս դերակատարներն այս աշխատանքներն իրականացնեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նպատակին և սկզբունքներին համապատասխան։

 

Կարևոր է նշել, որ այս առաջարկությունները կարիքների կամ գործողությունների սպառիչ ցանկ չեն, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար: Անհատների կարիքները կարող են լայնորեն տարբերվել՝ ելնելով մի շարք գործոններից, ներառյալ հաշմանդամության տեսակը, տարիքը, սեռը և այլ անձնական հանգամանքները: Հետևաբար, կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ միջոցներ՝ ներգրավված յուրաքանչյուր անհատի եզակի կարիքները լիարժեք բավարարելու համար:

 

Այս ուղեցույց-ստուգացանկ կարող է օգտագործվել որպես հիմնական ռեսուրս, սակայն կառավարությունների և կազմակերպությունների համար կարևոր է մնալ ճկուն և արձագանքող արագ փոփոխվող իրավիճակին: Փորձագետների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող տեղահանվածների հետ կանոնավոր գնահատումները և խորհրդակցությունները կարևոր են ի հայտ եկած կարիքներն արդյունավետորեն բավարարելու համար:

Հիմնական սկզբունքները

Բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների վրա, հարգեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնավարությունը և արժանապատվությունը։ Աշխատանքները հաշվի առնելիս պետք է առաջնորդվել հետևյալ բոլոր սկզբունքներով՝ 

  1. hարգանք բնորոշ արժանապատվության, անհատի ինքնավարության, ներառյալ սեփական ընտրությունը կատարելու ազատության և անձանց անկախության նկատմամբ.
  2. խտրականության բացառումը.
  3. լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակությունում.
  4. հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը.
  5. հնարավորությունների հավասարությունը.
  6. մատչելիությունը.
  7. կանանց և տղամարդկանց հավասարությունը.
  8. հարգանքը հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող կարողությունների և նրանց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ։

Տեղահանված անձանց տրամադրվող ցանկացած ապրանք, միջավայր, ծրագիր և ծառայություն պետք է ստեղծվեն այնպես, որ յուրաքանչյուր անձ կարողանա առավելագույն չափով օգտվել դրանցից՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը։ 

Ցանկացած ապրանք, միջավայր, ծրագիր և ծառայություն ստեղծելիս պետք է հաշվի առնել, որ դրանք՝

  1. հավասար կիրառելի լինեն տարբեր կարողություններ ունեցող անձանց կողմից.
  2. դրանց կիրառությունը լինի հնարավորինս ճկուն.
  3. լինեն պարզ և ինտուիտիվ՝ անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման կարողությունից.
  4. տեղեկատվությունը լինի ընկալելի՝ անկախ անձի լսողական և տեսողական ունակություններից.
  5. սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգները կամ վնասակար հետևանքները լինեն հնարավորինս քիչ և բավարար դիմացկուն.
  6. օգտագործելիս պահանջվի նվազագույն ֆիզիկական ջանք.
  7. առկա լինի օգտագործման համար անհրաժեշտ չափս և տարածություն՝ անկախ օգտագործողի մարմնի չափսերից, կեցվածքից և շարժունակությունից:

Այս սկզբունքներն ապահովելու համար առանցքային է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների մասնակցությունը որոշումների կայացման առաջին փուլից։ Կառավարությունը պետք է աջակցի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան գործի դնել իրենց հմտություններն ու կարողությունները՝ օգուտ տալու իրենց, իրենց ընտանիքներին և իրենց համայնքին։ 

Անելիքներ ժամանումից առաջ

☐ Իրականացնել կարիքների արագ գնահատում` բացահայտելու հաշմանդամություն ունեցող տեղահանվածների կարիքները, այդ թվում՝ գրասենյակային հետազոտությունների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով:

☐ Հավաքագրել ամբողջական տվյալներ նախատեսվող կացարանների մատչելիության վերաբերյալ՝ դյուրացնելու անձանց և կացարանների համապատասխանության որոշման հարցը։ 

☐ Հատկացնել բավարար ֆինանսական միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքիների կացարանների մատչելիության ապահովման համար։ 

☐ Հրատապ վերապատրաստել ընդունման և տեղաբաշխման գործընթացում ներգրավված բոլոր աշխատողներին և կամավորներին, այդ թվում՝ սոցիալական աշխատողներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, իրենց պարտավորությունների և ներառականության վերաբերյալ:

☐ Ընդունման կետերում ապահովել լայն տարածում ունեցող աջակցող սարքերի առկայությունը, այդ թվում՝ սայլակ, քայլակ, ձեռնափայտ, հենակ, ակնոց, լսողական սարքերի մարտկոցներ և այլն։ 

☐ Համագործակցել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ՝ օգտվելու առկա լավագույն փորձերից և ռեսուրսներից և ապահովելու որոշումների կայացման մասնակցայնությունը։

☐ Նախապես հանրայնացնել Հայաստան մուտք գործելու և աջակցություն ստանալու բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ դրանք ներկայացնելով այնպիսի ձևաչափերով, որոնք մատչելի են և չեն պահանջում բարձրորակ ինտերնետ կապ։ 

☐ Ապահովել, որ գործող օրենքներն ու քաղաքականությունները կարող են ապահովել փախստկաններին և տեղահանված անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ 

Անելիքներ ժամանման պահին

☐ Օգտագործել գործիքներ, որոնք պարունակում են հարցեր հաշմանդամության վերաբերյալ (օրինակ՝ Վաշինգտոնի խմբի հարցերը) ժամանելուն պես հաշմանդամություն ունեցող փախստականներին նույնականացնելու համար:

☐ Իրականացնել մանրակրկիտ գնահատում` բացահայտելու անհապաղ բժշկական, հոգեբանական և հաշմանդամությամբ պայմանավորված կարիքները, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաները:

☐ Ստեղծել տեղեկատվական կետեր՝ պատրաստված անձնակազմով, ովքեր կարող են հաղորդակցվել հայերեն և ռուսերեն ժեստերի լեզվով, Արցախի բարբառով, տրամադրել տեղեկություններ մատչելի ձևաչափերով։ 

☐ Տրամադրել տեղեկատվական փաթեթներ, որոնցում առկա են տեղեկություններ անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների մասին մի քանի մատչելի ձևաչափերով: Դրանցում պետք է տեղ գտնեն նաև տեղեկություններ բողոքարկման և իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների տվյալները։ 

☐ Ապահովել բոլոր այն միջավայրերի մատչելիությունը, որտեղից օգտվելու են ժամանող անձինք, այդ թվում՝ սանհանգույցները։ 

☐ Տրամադրել անհապաղ բժշկական օգնություն, ներառյալ դեղորայք, աջակցող սարքեր և հոգեբանական առաջին օգնություն:

☐ Սննդի և հագուստի տրամադրումը կազմակերպել ըստ կարիքի, այդ թվում՝ հաշվի առնելով հաշմանդամությամբ պայմանավորված կարիքները։ 

☐ Կազմակերպել մատչելի փոխադրում դեպի ժամանակավոր կացարան:

☐ Տրամադրել խելամիտ հարմարեցումների հնարավորություն բոլոր գործընթացներում։ 

Կարճաժամկետ անելիքներ. ժամանումից հետո

☐ Իրականացնել տեղահանվածների եկամուտների նպատակային աջակցության ծրագրեր, որոնք հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների հավելյալ ծախսերը, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրման շարունակականությունը առանց հավելյալ վարչարարության։ 

☐ Կացարաններին կամ վրանային ճամբարներին մոտ հիմնել բժշկական կետեր, որոնք կարող են մեկուսի և մատչելի պայմաններում արձագանքել հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական առաջնային կարիքներին, այդ թվում՝ կատարել անհրաժեշտ ուղղորդումներ, կազմակերպել սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ խորհրդատվություն:

☐ Տրամադրել վերականգնողական ծառայություններ դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր անձանց՝ ապահովելու Արցախում ստացած ծառայությունների շարունակականությունը և նոր կարիքների բացահայտումը և վաղ միջամտությունը։ 

☐ Աջակցել սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին՝ ընդլայնելու իրենց ծառայությունները, այդ թվում՝ ստեղծելու նոր ծառայություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց։ 

☐ Նպաստել փոխօգնության խմբերի ձևավորմանը, որտեղ հաշմանդամություն ունեցող տեղահանվածները կարող են կիսվել իրենց փորձով և հաղթահարելու ռազմավարությամբ:

☐ Ստեղծել նոր անհատականացված ծառայություններ, որոնք կերաշխավորեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք չհայտնվեն հաստատություններում, իսկ Արցախի հաստատություններում նախկինում բնակված անձինք շարունակեն իրենց կյանքը համայնքում։ 

☐ Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում՝ տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ, այդ թվում՝ ուղեկցության և հոգեբանական ծառայություններ:

☐ Առաջարկել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր բոլոր անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի եղանակներով։ 

☐ Համագործակցել և աջակցել տեղական ձեռնարկություններին մասնագիտական վերապատրաստումներ անցած անձանց համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

☐ Տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավել հաշմանդամություն ունեցող աշխատողների և կամավորների և աջակցել նրանց հավասար գործունեությանը։ 

Երկարաժամկետ անելիքներ. ժամանումից հետո

☐ Տրամադրել ֆինանսական օգնություն կամ սուբսիդիաներ մատչելի բնակարանների, այդ թվում՝ փոփոխվող կարիքներին համապատասխան մատչելիության ապահովման նպատակով։

☐ Տրամադրել անվճար իրավաբանական օգնություն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր տեսակի իրավական հարցում, այդ թվում՝ սեփականության իրավունքին, հաշմանդամության սահմանման, կենսթոշակներին և նպաստներին առնչվող հարցերը։ 

☐ Պարզեցնել վարչարարական ընթացակարգերը և դրանք մատչելի դարձրել՝ ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք կարողանան հեշտությամբ և առանց հավելյալ սթրեսի օգտվել դրանցից:

☐ Մշակել հաշմանդամություն ունեցող տեղահանվածների սոցիալական և տնտեսական ներառման երկարաժամկետ ծրագրեր՝ ներառյալ մշտական բնակության հնարավոր ուղիները:

☐ Պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ տեղահանված բոլոր անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ՝ փոփոխելու օրենսդրությունը և քաղաքականությունները՝ արձագանքելու փոփոխվող կարիքներին:

☐ Առանց ընդհատումների հավաքել տվյալներ իրականացված միջոցառումների արդյունավետության վերաբերյալ:

☐ Ստեղծել հետադարձ կապի մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաշմանդամություն ունեցող անձանց բարձրաձայնել իրենց մտահոգությունները և առաջարկությունները:

☐ Իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ ընդհանուր բնակչությանը կրթելու հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց դժվարությունների և ներուժի մասին:

☐ Նպատակ ունենալով նվազեցնել խարանն ու խտրականությունը՝ աջակցել լրատվամիջոցներին հաջողության պատմություններ և լավագույն փորձերը ներկայացնելու նպատակով։

 

Ուղեցույցը Google Docs-ում

 

Ուղեցույց-ստուգացանկի վերաբերյալ հարցեր, առաջարկներ կամ դիտարկումներ ունենալու դեպքում կարող եք գրել info@dra.am հասցեին։

22.09.2023

Հոդված11

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են