2022 և 2023 թթ. մենք մշակել ենք երկու գործիք, որ կարող են օգտակար լինել ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար։
Առաջին գործիքը աջակցող միջոցների կարիքի գնահատման համար է։ Այն հիմնված ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման հիման վրա։ Նպատակն է աջակցել մասնագետներին և դյուրացնել աջակցող միջոցների կարիքի բացահայտման գործընթացը՝ ներկայացնելով առաջարկների ցանկ։
Երկրորդ գործիքը աջակցող միջոցների առաջարկվող ցանկն է։ Այս ցանկը նախատեսված է ուղղորդելու աջակցող տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող անձանց՝ գնումների, նվիրատվության, ծառայություններ մատուցողների ուսուցման, տեխնիկական չափորոշիչների և ծառայությունների մատուցման ուղեցույցների մշակման, ինչպես նաև ավելի լայն ջատագովության և ռեսուրսների մոբիլիզացման ջանքերում: Փաստաթուղթը նպատակ ունի ռեսուրսներն ու ջանքերն այն միջոցների վրա կենտրոնացնելու, որոնք մեծ ազդեցություն ունեն և կարող են կիրառվել հայաստանյան համատեքստում:
Երկու նախագծերն էլ մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, սակայն կարող են կիրառելի լինել նաև այլ դերակատարների կողմից։
Գործիքները մշակվել են Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիայի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:
Այս փաստաթղթերը նախագծեր են և ենթակա են քննարկումների արդյունքում բարելավման։ Ուստի, խրախուսում ենք դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացումը։
Գործիքների ստեղծումը հնարավոր է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի միջև ամուր համագործակցության շնորհիվ՝ ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am։ Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։