«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն մշակել է գաղափարների ցանկ, թե ինչպես կարելի է աջակցել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց, ովքեր հաշմանդամություն ունեն։
Գաղափարները կարող են օգտակար լինել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, ծառայություններ մատուցող կազմակերպություններին և նախաձեռնություններին։ Բոլորն ազատորեն կարող են օգտագործել այս գաղափարներն՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց։
Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը և դոնոր կազմակերպությունները կաջակցեն տարբեր կազմակերպությունների այս գաղափարների իրագործման հարցում։ Մեր պահանջն է, որ բոլոր դերակատարներն ապահովեն միջազգային համագործակցության ծրագրերի համապատասխանությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նպատակին և սկզբունքներին:
Հոդված 32. Միջազգային համագործակցություն
Մասնակից պետությունները գիտակցում են միջազգային համագործակցության ու դրա խթանման կարևորությունն ազգային մակարդակում սույն Կոնվենցիայի նպատակների ու խնդիրների իրականացման համար և ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ այս ուղղությամբ` համագործակցելով համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ: Նման միջոցները մասնավորապես ներառում են հետևյալ քայլերը.
ա) ապահովել, որ միջազգային համագործակցությունը, ներառյալ միջազգային զարգացման ծրագրերը, լինեն համակողմանի և մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար.
բ) նպաստել ու աջակցել կարողությունների զարգացմանը մասնավորապես տեղեկատվության, փորձի, ուսուցման ծրագրերի ու լավագույն գործելակերպի փոխանակման միջոցով.
գ) նպաստել համագործակցությանը հետազոտությունների և գիտատեխնիկական գիտելիքների մատչելիության ուղղությամբ.
դ) անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական ու տնտեսական աջակցություն` մասնավորապես նպաստելով մատչելիությանը և փոխանակելով մատչելի ու աջակցող տեխնոլոգիաներ:
Այս գաղափարները ընդհանրական են՝ հիմնված միջազգային փորձի վրա, սակայն կարող են լինել յուրահատուկ կարիքներ, որոնք հնարավոր է բացահայտել կարիքների գնահատման գործընթացում։ Կարևոր է նաև ունենալ մեխանիզմներ՝ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց համար անհատականացված ծառայությունների ստեղծման և մատուցման համար։
Այս նախնական գաղափարները նախաձեռնելուց և իրագործելուց առաջ անհրաժեշտ է մեկնարկային փուլից ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպություններին, այդ թվում՝ տեղահանված անձանց։
Մատչելիություն
- Աջակցեք կացարանների (ժամանակավոր կամ երկարաժամկետ)՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելիության ապահովման հարցում: Օրինակ՝ առաջարկեք մատչելիության գնահատման ծառայություններ, տվեք հստակ առաջարկություններ և ֆինանսապես աջակցեք բնակության վայրի հարմարեցման համար:
- Առաջարկեք այնպիսի սարքեր, որոնք կարող են բարելավել բնակության վայրի մատչելիությունը, սակայն դրանք դժվար է գտնել Հայաստանում։ Օրինակ՝ բռնակներ, սարքեր, որոնք օգնում են վեր կենալ անկողնուց և այլն։
- Տեղահանված անձանց անհրաժեշտ տեղեկությունները դարձրեք մատչելի ձևաչափերով։ Օրինակ՝ պետական ծառայությունների մասին տեքստային ինֆորմացիան պարզեցրեք, դարձրեք ձայնային տարբերակով, թարգմանեք ժեստերի լեզվով, Արցախի բարբառով և այլն:
- Ստեղծեք բնակելի տների օրինակելի նախագծեր, որոնք հաշվի են առնում համընդհանուր դիզայնի բոլոր սկզբունքները և կարող են օգտագործվել հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց կողմից, ովքեր ցանկանում են կառուցել իրենց տունը։
Բժշկական օգնություն
- Համագործակցեք առողջապահական կազմակերպությունների հետ՝ տրամադրելու հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց մատչելի ծառայություններ։ Օրինակ՝ հեռավար եղանակով խորհրդատվություններ տրամադրեք՝ հեռաբժշկության իրականացման կարգի համաձայն։
- Առաջարկեք մասնագիտացված խնամքի դասընթացներ տեղահանված անձանց հետ անմիջական աշխատող անձանց և ընտանիքների անդամներին։ Օրինակ՝ ցավի դեղորայքային և ոչ դեղորայքային կառավարման վերաբերյալ։
- Առաջարկեք ժամանակավոր օգնություն առողջական ծանր խնդիրներ ունեցող անձանց խնամողների համար: Օրինակ՝ խնամքը կազմակերպող անձանց առաջարկեք հանգստի ծառայություններ և առաջարկեք փոխարինողներ, ինչը կբարձրացնի նրանց խնամքի որակը երկարաժամկետ առումով։
- Համագործակցեք համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների հետ՝ հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրելու հոգեբուժական ծառայություններ, որոնք հարգում են անձի արժանապատվությունը և բացառում են հարկադրանքի որևէ ձև։ Օրինակ՝ ձևավորելով մոբայլ (շարժական) թիմեր, որոնք բազմամասնագիտական աջակցություն կցուցաբերեն անձի բնակության վայրում։
- Ստեղծեք հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին իրազեկող նյութեր։ Օրինակ՝ հեշտ ընթերցվող ձեռնարկներ, ժեստերի լեզվով տեսանյութեր, խոշոր տառաչափով տպագիր նյութեր տուբերկուլոզի, հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հետտրավմատիկ սթրեսային խանգարման, թոքաբորբի և բազմաթիվ այլ հիվանդությունների մասին։
- Իրականացրեք հաշմանդամություն ունեցող երեխաների և տարեցների սնուցմանն ուղղված միջոցառումներ։ Օրինակ՝ սննդային խանգարումների բացահայտման, դրանց վերաբերյալ իրազեկվածության ծրագրեր կամ անհատական սննդային խորհրդատվություն։
- Տրամադրեք առաջնային անհրաժեշտության բժշկական սարքեր և պարագաներ տեղահանված անձանց։ Օրինակ՝ անվտանգ ջերմաչափ, կոնկրետ անձի ֆիզիկական առանձնահատկություններին հարմար տոնոմետր, պուլսօքսիմետր, առաջին օգնության դեղատուփ, դեղերի տուփ բրայլյան տառերով և այլն։
- Համագործակցեք մասնագիտացված բժշկական կենտրոնների հետ՝ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց վերականգնողական ծառայություններ տրամադրելու հարցում։ Օրինակ՝ ֆինանսավորեք վճարովի ծառայությունները հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների համար, տրամադրեք վերականգնողական սարքավորումներ։
Սոցիալ-հոգեբանական աջակցություն
- Առաջարկեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց հոգեբանական ծառայություններ։ Օրինակ՝ անհատական կամ խմբային խորհրդատվություն, խորհրդատվություն ամբողջ ընտանիքի կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար և այլն։
- Առաջարկեք էմոցիոնալ և հոգեբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող այլ անձանց միջոցով։ Օրինակ՝ ստեղծեք հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող աջակցության խմբեր, որտեղ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք կարող են կիսվել փորձով և հաղթահարելու ռազմավարություններով։
- Տրամադրեք թերապիայի այլընտրանքային ձևեր, որոնք կարող են օգնել հուզական արտահայտմանը և ապաքինմանը: Օրինակ՝ որակավորված մասնագետների ղեկավարությամբ կազմակերպեք արտթերապիայի կանոնավոր սեանսներ, որոնք հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:
- Առաջարկեք անհապաղ օգնություն տեղահանված անձանց հուզական ճգնաժամի ժամանակ: Օրինակ՝ ստեղծեք վերապատրաստված խորհրդատուներով համալրված շուրջօրյա թեժ գիծ, որը մատչելի կլինի ինչպես տեքստային, այնպես էլ տեսազանգերի միջոցով հաղորդակցության համար։
- Հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց առաջարկեք հոգեկան առողջության վերաբերյալ կրթական ծրագրեր: Օրինակ՝ մատչելի դասընթացներ սթրեսի կառավարման և ինքնախնամքի մասին։
- Ստեղծեք սոցիալական ծառայություններ, որոնք համայնքահենք են և անհրաժեշտ են տեղահանված անձանց ինստիտուցիանոլացումը կանխելու համար։ Օրինակ՝ աջակցեք հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող տեղահանված չափահասներին որոշումների կայացման հարցում։
- Տրամադրեք աջակցող սարքեր, որոնք չեն տրամադրվում պետության կողմից։ Օրինակ՝ ձեռք բերեք անձի կարիքներին համապատասխան էլեկտրական սայլակ, որը կբարելավի նրա շարժունությունը և անկախությունը։
Կրթություն և մասնագիտացում
- Աջակցեք հաշմանդամություն ունեցող տեղահանված երեխաների հնարավորինս շուտ վերադարձը հանրակրթական դպրոցներ։ Օրինակ՝ ուղեկցության ծառայություն տրամարդեք, կազմակերպեք երեխայի և իր դասընկերների հետ մտերմությունը խթանող միջոցառումներ, տրամադրեք սոցիալական աշխատանքի ծառայություն, որպեսզի նա դուրս չմնա կրթությունից։
- Աջակցեք հաշմանդամություն ունեցող տեղահանված երեխաներին կրթության մեջ անհրաժեշտ աջակցող սարքերի ձեռքբերմանը։ Օրինակ՝ տրամադրեք հարմար և հեշտ տեղափոխվող դյուրակիր համակարգիչ, հատուկ ստեղնաշար և այլն։
- Հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց մասնագիտական կրթությունը խթանելու համար ստեղծեք կրթաթոշակներ, որոնք, թեև կրթության անվճար լինելուն, կօգնեն նրանց վճարել այն հավելյալ ծախսերը, որոնք առաջանում են պայմանավորված իրենց հաշմանդամությամբ։
- Տրամադրեք հաշմանդամություն ունեցող տեղահանվածներին մասնագիտական կողմնորոշման և կարճ ժամանակում մասնագիտացման հնարավորություններ։ Դրանք չպետք է լինեն հասարակությունում առկա՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմար աշխատանքի կարծրատիպերի վրա, այլ բխեն շուկայի պահանջարկից և համընկնեն կոնկրետ անձի ցանկությունների հետ։
- Իրականացրեք ծրագրեր, որոնք խթանում են փափուկ հմտությունների զարգացումը։ Օրինակ՝ ֆինանսական գրագիտության կամ մեդիագրագիտության մասին մատչելի դասընթացներ, որոնք կօգնեն անձին ամենօրյա որոշումների կայացման գործընթացում։
- Ստեղծեք մենթորության հնարավորություն հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց համար, ովքեր մասնագիտական կրթություն են ստանում։ Օրինակ՝ գտեք նրանց կարիքներին համապատասխող մենթորներ, ովքեր կարող են պարբերաբար աջակցել իրենց խորհուրդներով, կիսվել ռեսուրսներով և օգնել ընդլայնել նրանց սոցիալական կապերը։
- Օգնեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց սովորել աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող լեզուները։ Օրինակ՝ առաջարկեք անգլերենի երկարաժամկետ դասընթացներ, այդ թվում՝ կենտրոնանալով իրենց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հմտությունների վրա։
Տնտեսական հզորացում
- Աջակցեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց և նրանց ընտանիքներին փոքր բիզնեսի ստեղծման նպատակով։ Օրինակ՝ համագործակցեք վարկային կազմակերպությունների հետ ցածր տոկոսադրույքով վարկերի և մարման ճկուն պայմաններով ծրագրեր մեկնարկելու հարցերով, տրամադրեք անվճար խորհրդատվություն, առաջարկեք տարբեր տարածքներ համատեղ բիզնես սկսելու նպատակով և այլն։
- Առաջարկեք զբաղվածության հնարավորություններ, որոնք համապատասխանում են անձի կարիքներին և ցանկություններին։ Օրինակ՝ համագործակցեք ձեռնարկությունների հետ և աջակցեք նրանց նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատատեղերի հարմարեցման և հաշմանդամություն ունեցող անձանց գտնելու հարցում։
- Աջակցեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրենց արտադրանքը վաճառելու հարցում։ Օրինակ՝ աջակցեք նրանց իրենց ձեռագործ աշխատանքները տարբեր փառատոններում և շուկաներում ցուցադրելու, առկա օնլայն հարթակներում գրանցելու, արտադրանքը լուսանկարելու, գեղեցիկ փաթեթավորելու հարցում։
- Աջակցեք այնպիսի ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք կարող են կառավարվել տանից: Օրինակ՝ տրամադրեք սարքավորումներ, որոնց դեպքում անձը կկարողանա տանից աշխատել, տարբեր տեսակի ծառայություններ մատուցել, եթե դժվարանում է տեղաշարժվել։
- Աջակցեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց աշխատանքի ընդունող փոքր և միջին ձեռնարկություններին։ Օրինակ՝ տրամադրեք աշխատավարձի սուբսիդիաներ կամ առաջարկեք մարքեթինգային անվճար ծառայություններ։
Արտակարգ իրավիճակների պատրաստություն
- Աջակցեք տեղահանված անձանց բնակության վայրերի ապաստարանների մատչելիության ապահովման հարցում։ Օրինակ՝ գնահատեք մատչելիությունը, ստեղծեք մատչելի սանհանգույց ապաստարանում։
- Օգնեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց և ընտանիքի անդամներին պատրաստ լինել հնարավոր աղետներին։ Օրինակ՝ իրազեկեք, թե ինչպես պաշտպանվել երկարաշարժի ժամանակ, ինչպես տարհանվել կացարանից, օգնեք գտնել անվտանգ տարածքներն իր բնակության վայրում։
- Տրամադրեք անվտանգության մատչելի համակարգեր։ Օրինակ՝ լուսային, ձայնային կամ վիբրացիոն ազդանշանային համակարգ։
- Տրամադրեք արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ փաթեթներ: Օրինակ՝ պայուսակ, որտեղ անձը կարող է պահել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ հիմնական պարագաները, ինչպիսիք են դեղորայք, սնունդ և ջուր։
Ջատագովություն և իրազեկում
- Իրականացրեք գործողություններ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց խնդիրների մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Օրինակ՝ իրականացրեք իրազեկման արշավ սոցիալական մեդիայում հաշմանդամություն ունեցող տեղահանված երեխաների ներառման անհրաժեշտության վերաբերյալ։
- Հավաքեք և հրապարակեք մարդկային պատմություններ, որոնք կօգնեն իրազեկվածության բարձրացմանը։ Օրինակ՝ խնդրեք մարդկանց ներկայացնել իրենց հաշմանդամության և կարգավիճակով պայմանավորած խտրականության պատմություններ, խոսել իրենց հաջողությունների և դժվարությունների մասին։
- Իրազեկեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրենց իրավունքների մասին։ Օրինակ՝ թե ինչով են տարբերվում հայաստնյան օրենքները, ինչ է ասում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և այլն։
- Փաստաթղթավորեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրավունքների խախտման դեպքերը և ձեռնարկեք համապատասխան քայլեր։ Օրինակ՝ հրապարակեք զեկույց ռազմական ագրեսիայի ժամանակ նրանց իրավունքների խախտումների վերաբերյալ։
- Տրամադրեք իրավաբանական խորհրդատվություն և դատական ներկայացուցչության անվճար ծառայություններ ինչպես հաշմանդամությանն առնչվող, այնպես էլ ընդհանուր հարցերում։ Օրինակ՝ դիմեք դատարան նրանց գույքային իրավունքների վերականգնման նպատակով։
Համագործակցություն և գործընկերություն
- Համագործակցեք հաշմանդամության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք գործել են Արցախում։ Աջակցեք նրանց շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում՝ ապահովելով նրանց գրասենյակային տարածքով կամ աշխատակազմի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով։
- Աջակցեք տեղական կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը միջազգային կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ կիսվեք ֆոնդհայթայթման հնարավորություններով, աջակցեք կազմակերպություններին դրամաշնորհային ծրագրերի մշակման կամ դրամահավաքների կազմակերպման հարցում։
Մշտադիտարկում և հետադարձ կապ
- Հարցումների միջոցով հավաքեք տվյալներ, թե որքանով են գոհ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք իրենց մատուցվող ծառայություններից և ներկայացրեք առաջարկություններ արդյունքների հիման վրա։ Օրինակ՝ որքանով են հումանիտար աշխատանքներում ներգրավված անձինք հարգալից վարվում։
- Իրազեկեք հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց, թե ինչպես կարող են իրենց մտահոգությունները ներկայացնել որոշում կայացնողներին։ Օրինակ՝ ինչպես կարող են նամակ գրել Մարդու իրավունքների պաշտպանին կամ պետական վերահսկողության ծառայությանը, որպեսզի կարճ ժամկետում արձագանք ստանան։
- Մշտադիտարկեք կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են տեղահանված անձանց։ Օրինակ՝ համոզվեք, որ դրանք հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, հավաքեք տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության վերաբերյալ և այլն։
- Գնահատեք ծրագրերի երկարաժամկետ ազդեցությունը հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց կյանքի վրա: Օրինակ՝ իրականացրեք լոնգիտուդային ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե ինչպես է փոխվել զբաղվածության մակարդակը։
Գաղափարների ցանկը Google Docs-ում
Գաղափարների այս ցանկի վերաբերյալ հարցեր, առաջարկներ կամ դիտարկումներ ունենալու դեպքում կարող եք գրել info@dra.am հասցեին։