- Կարո՞ղ եմ բողոքարկել ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները
Այո՛, ինչպես մյուս մարմինների դեպքում է հնարավոր բողոքարկել ընդունված որոշումները, այնպես էլ այս դեպքում։
Ձեր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեք բողոքարկելու վարչական ակտերը։ Նման վարչական ակտ է նաև ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կայացրած որոշումը։ Բողոքարկել կարող եք նաև, երբ հանձնաժողովը անգործություն է ցուցաբերել։
- Բողոք ներկայացնելու համար պե՞տք է ունենալ փաստաբան
Ոչ, բողոք ներկայացնելու համար փաստաբան ունենալը պարտադիր չէ, սակայն ցանկալի է։ Եթե անցնում եք բողոքարկման գործընթացով, կարող եք դիմել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին։ Կազմակերպության հետ կարող եք կապ հաստատել ինչպես ֆեյսբուքով, այնպես էլ գրելով էլ. փոստին՝ info@dra.am կամ զանգելով +374 77 400 350 (համարը հասանելի է նաև Whatsapp-ում և Viber-ում)՝ հեռախոսահամարին։
Մենք անվճար իրավաբանական խորհրդատվություն կմատուցենք Ձեզ և տվյալ պահին ֆինանսական հնարավորությունների դեպքում կփորձենք նաև տրամադրել անվճար փաստաբանակ ծառայություն։
- Ի՞նչ տեսակի որոշումները կարող եմ բողոքարկել
Կարող եք բողոքարկել ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կայացված բոլոր որոշումները։
Ամենահայտնի օրինակը՝ երբ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում որոշել են չսահմանել հաշմանդամություն։ Բողոքարկել կարող եք նաև, երբ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (թեթև, միջին, ծանր, խորը) Ձեր համոզմամբ չի համապատասխանում իրականությանը կամ գնահատումը չի իրականացվել ըստ կարգի։
Գնահատման արդյունքում ստեղծված ծառայությունների անհատական ծրագիրը ևս ենթակա է բողոքարկման։ Օրինակ՝ եթե դուք կարծում եք, որ դուք ունեք սայլակի կամ այլ սարքի կարիք, բայց հանձնաժողովը նպատակահարմար չի գտել։
Բողոքարկել կարող եք նաև հաշմանդամության պատճառական կապը։ Օրինակ՝ եթե վնասվածքը ձեռք եք բերել մարտական գործողությունների ժամանակ կամ աշխատանքի ընթացքում, բայց այդ կապը հանձնաժողովը չի սահմանում։
- Որոշումները բողոքարկելու ի՞նչ տարբերակներ կան
Եթե ֆունկցիոնալության գնահատման արդյունքներից դժգոհ եք կամ, օրինակ, չի սահմանվել հաշմադամություն, Միասնական սոցիալական ծառայությունից կարող եք պահանջել, որ իրականացվի վերագնահատում։
Եթե վերագնահատման արդյունքներն էլ չեն գոհացնում, ապա կարող եք բողոքարկել վերադասության կարգով։ Տվյալ դեպքում վերադաս վարչական մարմին է համարվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
- Կարո՞ղ եմ առաջին բողոքարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկել
Այո, օրինակ, եթե առաջին անգամ բողոքել էիք Միասնական սոցիալական ծառայություն, սակայն դժգոհ եք բողքարկման արդյունքից, կարող եք բողոք ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Եթե նախարարության կայացրած որոշումն էլ չբավարարի Ձեզ, ապա այդ դեպքում կարող եք դիմել դատարան։
- Ի՞նչ կլինի, եթե միաժամանակ օգտագործեմ բողոքարկման տարբերակները
Եթե միաժամանակ բողոքն ուղարկել եք և՛ Միասնական սոցիալական ծառայություն, և՛ նախարարություն, ապա բողոքը կքննարկվի միայն նախարարությունում։
Իսկ եթե միաժամանակ բողոքն ուղարկեք նաև դատարան, ապա բողոքը կքննվի միայն դատական կարգով։
- Ի՞նչ պետք է գրել բողոքում
Բողոքը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
- այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը (օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայություն կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)
- Ձեր անունը, ազգանունը, հասցեն,
- բողոքարկման հիմքը (ի՞նչն եք բողոքարկում)
- Ձեր պահանջը (օրինակ՝ անվավեր ճանաչել նախորդ որոշումը)
- բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը
- բողոքը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը
- Ձեր ստորագրությունը։
Եթե դժվարանում եք բողոքը ձևակերպելու հարցում, պետական մարմինները պարտավոր են Ձեզ օժանդակել բողոքը կազմելիս։
- Կարո՞ղ եմ իմ բողոքը հիմնավորող փաստաթղթեր կցել
Այո, բողոքին կարող եք կցել նոր փաստաղթեր, որոնք կհիմնավորեն Ձեր պահանջը։ Օրինակ՝ եթե հանձնաժողովը հաշվի չի առել ձեր բժշկական փաստաթղթերից մեկը, դուք կարող եք այն կցել բողոքում և նշել այդ մասին։
- Ի՞նչ է տեղի ունենում բողոք ներկայացնելուց հետո
Եթե բողոքը ներկայացրել եք Միասնական սոցիալական ծառայություն, կիրականացվի ֆունկցիոնալության վերագնահատում։ Այսինքն՝ նորից կձևավորվի հանձնաժողով, որը կվերագնահատի Ձեր ֆունկցիոնալությունը։ Հանձնաժողովը կարող է բավարարել ձեր բողոքը ամբողջությամբ կամ մասնակի։ Կարող է նաև մերժել բողոքը՝ նախորդ որոշումը թողնելով անփոփոխ։
Եթե բողոքել եք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ապա բողոքը կքննարկվի նախարարությունում։ Այս դեպքում ևս ձեր բողոքը ամբողջությամբ կամ մասնակի կբավարարեն կամ կմերժեն։
Նախարարությունը Միասնական սոցիալական ծառայությունից անհապաղ կպահանջի գործը (բոլոր նյութերը): Միասնական սոցիալական ծառայությունը պարտավոր է 5-օրյա ժամկետում նախարարությանը տրամադրել բոլոր փաստաթղթերը:
Նախարարությունը սովորաբար որոշումը կայացնում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Անկախ փորձագետներից կազմված խումբը տալիս է եզրակացություն, որի հիման վրա էլ նախարարը կայացնում է որոշումը։
Ձեր բողոքը ստանալուց հետո Միասնական սոցիալական ծառայությունը կամ նախարարությունը կհարուցի վարչական վարույթ և երեք օրվա ընթացքում կտեղեկացնի Ձեզ վարչական վարույթի հարուցման մասին: Դուք պետք է տեղեկացվեք նաև, օրինակ, ֆունկցիոնալության վերագնահատման անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
- Ի՞նչ ժամկետում պետք է բողոք ներկայացնեմ
Կարող եք բողքարկել Ֆունկցիոնալության գնահատման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վերադասությանը` որոշման մեջ նշված ժամկետում, դատարան` 2 ամսվա ընթացքում Ժամկետը բաց թողնելուց հետո այլևս չեք կարող բողոքարկել։
Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն եթե այն բաց եք թողել հարգելի պատճառով։ Օրինակ՝ եթե հիմնավորեք, որ ձեզնից անկախ պատճառներով եք բաց թողել ժամկետը։ Այդ պատճառը վերանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող եք բողոք ներկայացնել։
Իսկ եթե բողոքարկման ժամկետից անցել է մեկ տարի, ապա չեք կարող նաև բողոքարկել հիմնավորելով հարգելի պատճառները։ Մեկ տարի անց միայն մեկ բացառություն կա, երբ բողոքարկելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ: Օրինակ՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրությունը։
- Որքա՞ն ժամանակ է սովորաբար տևում բողոքի գործընթացը
Միասնական սոցիալական ծառայության և նախարարության կողմից բողոքի քննարկման ժամկետը 30 օր է: Ժամկետը կարող է երկարաձգվել, օրինակ, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։
- Բողոքարկելու համար պե՞տք է վճարել
Ոչ, բողոքարկումն անվճար է։ Եթե Ձեզնից գումար են պահանջում բողոքն ընդունելու համար, ապա կարող եք հայտնել իրավապահներին կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին։
- Ինչպե՞ս կարող եմ հետևել բողոքի ընթացքին
Դուք իրավունք ունեք տեղեկանալու բողոքի ընթացքի մասին։ Տեղեկանալու համար կարող եք զանգել կամ այցելել այն մարմին, որին ներկայացրել եք բողոքը։ Եթե բողոքն ուղարկել եք e-request.am-ի միջոցով, ապա կարող եք հենց կայքի միջոցով էլ հետևել, թե որ փուլում է գտնվում այն։
Բողոքի ընթացքում դուք իրավունք ունեք ծանոթանալու վարչական վարույթի նյութերին: Եթե ցանկանում եք ծանոթանալ նյութերին, պետք է դիմեք, որից հետո պարտավոր են ձեզ երեք օրվա ընթացքում տալ ծանոթանալու հնարավրոություն։ Դուք կարող եք այդ նյութերը լուսանկարել, պատճենել կամ Ձեզ մոտ գրառումներ անել դրանցից։
- Ո՞ր օրենքի համաձայն է իրականացվում բողոքարկումը
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները բողոքարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:
- Բացի նախարարություն կամ դատարան դիմելուց, մյուս ո՞ր մարմիններին կարող եմ դիմել
Հաշմանդամության սահմանման հարցերով Ձեր բողոքը կարող եք ներկայացնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Բողոքը պետք է պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ իմացել եք ձեր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:
Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին կարգի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ուստի բողոք կարող եք ներկայացնել նաև տեսչական մարմին։
---
Այս հարցուպատասխանը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Strive ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում Է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: