Սպիտակի Իտալական թաղամասում Վահագնին բոլորը գիտեն․ Բարձրահասակ, թուխ մաշկով ու խիտ մազերով երիտասարդը, որ խոսում է 4 լեզվով ու զարմանալի ամուլետներ կրում։ Թաղամասում ում համակարգիչը խնդիր ունեցավ, միանգամից Վահագնին են կանչում։ Գիտեն՝ չկա խնդիր, որ չկարողանա լուծել։ Ընթացքում էլ կպատմի զարմանահրաշ պատմություններ՝ Հնդկաստանից, Աֆրիկայից ու աշխարհի մյուս ծայրերից, որտեղ եղել է։

Վահագնին գտնելը հեշտ է։ Նա միշտ նույն տեղում է՝ Սպիտակի խնամքի տանը, որտեղ ապրում է արդեն 5 տարի․ Այսօր Վահագնի տեսած մեծ աշխարհը սահմանափակվում է խնամքի տան փոքր բակով։
«Ես ծնվել եմ Երևանում։ Ծնողներիս ապահարզանից հետո, 2 տարեկանում, մայրիկս մեզ Ախլցխա տարավ։ Արդեն 14 տարեկանում տեղափոխվեցինք Մոսկվա՝ մայրիկիս, քրոջս, տատիկիս և քեռուս հետ։ Առաջին մասնագիտությամբ ֆելդշեր–լաբորանտ եմ, բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեմ։ Այնուհետև ընդունվեցի Կոմսոմոլի բարձրագույն դպրոց՝ հոգեբանության ֆակուլտետ, բայց կրթությունս, ցավոք, կիսատ մնաց․ 1990–ականների վերջին մայրս լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնեց, իսկ կրթությունը վճարով էր»,– հիշում է Վահագնը։

Չնայած դրան, Վահագն Պետրոսյանն աշխատանքի ընդունվեց Մոսկվայի Հելսինկյան խմբում, որպես տնօրենի օգնական։ Շփվող, զարգացած, ինտելեկտուալ հումորով երիտասարդը վստահ էր՝ աշխարհը մեծ ու սիրուն է, ինչպես իր կարդացած գրքերում, և այն տեսնել է պետք։ Պատահական ծանոթությունը Վահագնին Հնդկաստան տարավ, որտեղ ապրեց շուրջ 1.5 տարի և հասցրեց ուսանել մեդիտացիոն կենտրոններում։

Մոսկվա վերադարձից հետո Վահագնն առաջին անգամ հայտնվեց հոգեբուժարանում՝ հանրային վայրում մերկանալու համար։
«Դրանից առաջ 1.5 ամիս ապրել էի «վայրի լողափում», որտեղ բոլորը մերկ էին շրջում։ Սովորություն էր»,– ասում է նա։

Մոսկվայից Սևան, հետո՝ Վարդենիս․ Շուրջ 5 տարի Վահագնն ապրեց հոգեբուժարաններում, ինչից հետո տեղափոխվեց Սպիտակի խնամքի տուն։ Այստեղ իր սենյակն ու հեռախոսն ունի, շատ է կարդում։ Վերջին շրջանում հետաքրքրությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Մահճակալի կողքին փոքրիկ պահարանի վրա իր հերթին սպասում է Ջեկ Լոնդոնի հաստափոր ընտրանին։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրած Վահագնի համար, սակայն, աշխարհի կենտրոնը հայրական գյուղն է՝ Հովքը, Տավուշի մարզում։
«Հայրս գյուղում փոքրիկ տուն ունի, հողամասով։ Եթե ստացվի այնպես, որ հայրս այն չվաճառի, խոստացել է ինձ թողնել։ Այստեղ ինձ սովորեցրել են հողի հետ աշխատել։ Ամենամեծ երազանքս Հովքի այդ տանն ապրելն է, առավոտյան իմ ուզած ժամին արթնանալը, հող մշակելը, ուղղակի ապրելը։ Իսկ եթե հայտնվի մեկը, ով կսիրի ինձ, նաև ընտանիք ունենալը։ Ուզում եմ Իռլանդիա գնալ՝ ճամփորդելու, ու բուսակեր դառնալ։ Մոսկվայում ընկեր ունեմ, որ քաղցկեղ ունի, ուզում եմ հասցնել նրան տեսնել՝ վերջին անգամ։ Շատ բան չեմ ուզում, չէ՞»,– հարցնում է Վահագնը։
Վահագնի այս պարզ երազանքները, սակայն, չեն իրականանա մի պատճառով․ նա անգործունակ է ճանաչված։ Սա նշանակում է, որ Վահագնի կյանքը կանխորոշված է․ նրա փոխարեն ուրիշներն են որոշում իր ապրելու վայրը, օրվա ուտելիքը, քնելու և արթնանալու ժամը, մազերի երկարությունը, սիրելու ու կարոտելու կարելիությունը։
Վահագնին անգործունակ ճանաչել են հոր դիմումի հիման վրա։ Ասում է՝ ըստ հոր՝ դա միակ տարբերակն էր իրեն հաստատությունում տեղավորելու ու անհրաժեշտ խնամք ապահովելու համար, չնայած ինքը այդ որոշման հետ երբեք համաձայն չի եղել։ Հորից մինչև հիմա էլ մի քիչ նեղացած է, բայց փորձում է հասկանալ նրան։
Հայաստանի Հանրապետությունում հոգեբուժական և խնամքի հաստատություններում այսօր բուժվում կամ խնամք է ստանում 1454 չափահաս քաղաքացի, նրանցից
397–ն անգործունակ են ճանաչված։ Նրանցից շուրջ 1/3–ը մինչև 25 տարեկան անձինք են։
ՀՀ օրենսդրությունը ճանաչում է բոլոր անձանց իրավունքներ, ազատություններ և պարտականություններ ունենալու և օրենքի առջև հավասարության իրավունքը՝ առանց որևէ խտրականության: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձանց քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես, որը ծագում է նրանց ծննդյան պահից և դադարում է մահվամբ: Սակայն, ՀՀ գործող օրենսդրությունը հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում օրենքի առջև հավասարության իրավունքը հավասարապես ճանաչված և պաշտպանված չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսվում է, որ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել։ Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Օրենսդրական նման կարգավորման պայմաններում, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձը դատարանի կողմից կարող է զրկվել իր գործունակության իրավունքից առանց որևէ այլընտրանքի: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված չէ ինչպես գործունակության իրավունքի մասնակի սահմանափակման հնարավորությունը, այնպես էլ գործունակության իրավունքի սահմանափակում չենթադրող աջակցման մեխանիզմներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի հասանելիության իրավունքից՝ զրկելով նրանց առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը:
 
             
                    
