Ուղեցույցը ստեղծվել է որպես գործնական ռեսուրս, որը կաջակցի «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ուսուցումը կազմակերպելու հարցում։ Ուղեցույցը հիմնված է նախագծային ուսուցման վրա՝ մոտեցում, որի միջոցով սովորողները տեղեկությունները պասիվ ստանալու փոխարեն ուսումնասիրում են բարդ հարցեր, առաջարկում լուծումներ և ստեղծում շոշափելի արդյունքներ։
Ուղեցույցը համահունչ է «Հասարակագիտություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական չափորոշչին և նախագծային ուսուցման հայեցակարգին:
Այս ուղեցույցը ուսուցիչներին տրամադրում է գործնական քայլեր՝ աջակցելու հաշմանդամության՝ որպես մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ քննարկումների կազմակերպմանը:
Ուղեցույցի օգտագործմամբ ուսուցիչները կարող են օգնել սովորողներին՝
- ընկալելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները որպես մարդու իրավունքների մի մաս.
- վերլուծելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանը հասարակության կյանքին.
- ուսումնասիրելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կոնվենցիայի և մարդու իրավունքների այլ փաստաթղթերի իրավական շրջանակը.
- զարգացնելու քաղաքացիական պատասխանատվությունը` բացահայտելով ներառականության հասնելու ուղիները:
Այս ուղեցույցը ներկայացնում է հստակ առաջարկներ՝ աջակցելու քննադատական մտածողությանը և խրախուսելու սովորողների կողմից առաջնորդվող նախաձեռնությունները:
Ուղեցույցը չի ձգտել անդրադառնալ հաշմանդամության մասին ուսուցմանն առնչվող բոլոր հարցերին։ Սա ելակետ է, որից կարող են առաջանալ նորանոր գաղափարներ, հարցեր և քննարկումներ։
Թեև այստեղ առկա են նախագծերի գաղափարներ, սովորողների նախաձեռնողականությունը կարևոր է: Ուստի խրախուսվում է առաջարկությունները հարմարեցնել դասարանի կարիքներին՝ ապահովելով, որ բոլոր սովորողների ցանկությունները և կարիքները հաշվի առնվեն։
Ուղեցույցը գործածության համար երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հունիսի 6-ի 1316-Ա/2 հրամանով։
Ծրագիրն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիրն իրականացվել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Ուղեցույցի հեղինակ՝ Մուշեղ Հովսեփյան, © «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ, 2025
-
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար մատչելի ձևաչափերով։ Այս ուղեցույցը ևս ներկայացվել է մատչելի ձևաչափերով։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլփոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։