ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը հրապարակել է 2021 թ․-ի գործունեությունն ամփոփող զեկույցը։
Դիտորդական խմբի կողմից 2021 թվականի ընթացքում մշտադիտարկման այցեր են կատարվել Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Երեւանի մանկան տուն, Գավառի մանկատուն, Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն, Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Այցերը եղել են չհայտարարված, որից մեկը՝ ստացված բողոքի հիման վրա։
Խմբում 2021 թվականից ներգրավված է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։
Այցերի ընթացքում դիտորդական խումբն արձանագրել է՝
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողները, այդ թվում՝ ղեկավար անձնակազմը, ծանոթ չեն Դիտորդական խմբի վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանին։
Որպես օրինակ, Նորքի տուն-ինտերնատ այցի ժամանակ ինտերնատում գտնվող նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը, տեղյակ չլինելով նախարարի հրամանից, կասկածի տակ է դրել դիտորդների իրավունքները։
Անհրաժեշտ է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարներին կրկին տեղեկացնել դիտորդական խմբի եւ նախարարի համապատասխան հրամանի վերաբերյալ, հետայսու քննել հանրային ծառայողների կամ կազմակերպությունների աշխատողների կողմից հրամանի խախտման դեպքերը։
Գործունեության արդյունքում դիտորդական խումբը վերհանել է նաեւ մի շարք խնդիրներ, որոնք կապված են նախարարի հրամանի հետ: Վերհանված խնդիրները եւ դրանց ուղղությամբ փոփոխություններն ու լրացումները կառաջարկվեն 2022 թվականի ընթացքում։
Ընթերցել զեկույցի ամբողջական տարբերակը